Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը մինչեւ 69 կգ քաշային կարգում ներկայացնելու է Վանիկ Ավետիսյանը: Մարզչական շտաբն Օլիմպիական խաղերում նրան ընդգրկել է պահեստայինների շարքում:
Ծանր մարզումներից հետո Վանիկը ժամանակ գտավ ու զրուցեց Mediamax Sport-ի հետ:
- Վանիկ, կպատմե՞ս, թե ինչպես ես որոշել գնալ ծանրամարտի:
- Ծանրամարտի դահլիճը գտնվում է մեր դպրոցի կողքին: Տեսնում էի այնտեղ մարզվող տղաներին ու մտածում, որ ես էլ եմ ուզում նրանց պես ուժեղ լինել: Ծնողներս դեմ էին, որ գնամ մարզումների, սակայն այնքան կռվեցի հետները, որ թողեցին: Նրանք հասկացան, որ ծանրամարտն իմն է: Այդպես էլ սկսվեց ամեն ինչ:
- Ի՞նչն է քեզ մոտիվացնում ու պահում սպորտում:
- Հաղթելու ծարավը: Ցանկացած մարդու համար էլ, կարծում եմ, կարեւոր է սկսած գործը պատվով ավարտին հասցնելը: Ես ուզում եմ հասնել նրան, ինչի համար այսքան ժամանակ մարզվել ու չարչարվել եմ:
- Ինչո՞ւ պետք է մարզիկը մասնակցի Օլիմպիական խաղերին:
- Ինչպես ասում են, բոլոր զինվորներն էլ ցանկանում են գեներալ դառնալ: Նույնը նաեւ սպորտում է: Եթե մարզիկը ցանկություն չունի մասնակցել Օլիմպիական խաղերի, ուրեմն իզուր է պարապում: Սա ամենակարեւոր միջոցառումն է, որին մասնակցելը մեծագույն հաճույք է:

Լուսանկարը` Մեդիամաքս
- Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա մարդ, որպեսզի հաջողություն գրանցի ծանրամարտում:
- Ծանրամարտում միայն ֆիզիկապես ուժեղ լինելը քիչ է, անչափ կարեւոր է կամքի ուժը: Ոչ մի ճնշում, բացասական էներգիա, հիասթափեցնող խոսք չպետք է ազդեցություն ունենա քեզ վրա: Միայն բարձր կամային հատկանիշներ ունեցող մարդը կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն:
- Ծանրամարտում կա՞ ինչ-որ բան, որը քեզ դուր չի գալիս:
- Հավատացեք, որ չկա: Ես սիրում եմ այս մարզաձեւը, սիրում եմ իմ գործը ու միշտ հաճույքով եմ մտնում դահլիճ:
- Ի՞նչը կարող է քեզ կտրել մարզումներից:
- Օրինակ, ես օգտվում եմ սոցիալական ցանցերից, բայց դրանցից կախում չունեմ: Ոչինչ չպետք է խանգարի մարզիկին: Սա է իմ գործը, որը պետք է լավ կատարեմ: Մի ամբողջ ազգ նայում ու սպասում է քո ելույթին, այդ միտքն արդեն քեզ թույլ չի տալիս շեղվել մարզումներից:
- Ո՞րն է քո ամենամեծ խնդիրը:
- Ժամանակին վնասվածքներ ունեի, որոնք բուժել էի, բայց ուղեղիս մեջ տպվել էին, հետապնդում էին ինձ ու հանգիստ չէի կարողանում մարզվել: Հիմա անցել է այդ ամենը, կարողացա հաղթահարել ու մոռանալ դրանց մասին:
- Ինչպիսի՞ն է մթնոլորտը մեր ծանրամարտի հավաքականում:
- Մենք իսկական ընտանիք ենք: Պարզապես չենք մարզվում ու գնում մեր գործերով, դահլիճից դուրս էլ է շարունակվում մեր մտերմությունը: Ուրախ կամ տխուր պահի, միշտ իրար հետ ենք, բավական է մի հեռախոսազանգ, ու բոլորս հավաքվում ենք:
- Ի՞նչ է տվել քեզ քո մարզձեւը:
- Լավ ընկերներ:
- Ինչպիսի՞ ֆիլմեր ես սիրում նայել:
- Սիրում եմ սպորտի մասին ֆիլմեր: Չնայած սերիալների սիրահար չեմ, բայց վերջերս նայում էի «Ֆիզռուկ» սերիալը:

Լուսանկարը` Մեդիամաքս
- Վանիկ, ավարտիր այս նախադասությունները: Իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ…
- հարգանքը, որը վայելում եմ ինձ ճանաչողների միջավայրում:
- Մարդիկ իրականում չգիտեն, որ…
- կյանքը կարճ է:
-Հայաստանում բոլորը պետք է…
- միասնական լինեն:
- Ծանրամարտը ամենեւին էլ…
- չի կարող զբաղմունք լինել, այն արվեստ է:
Վանիկ Ավետիսյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: