Առաքել Միրզոյանը վայրիվերումներով սպորտային կարիերա է ունեցել: Եղել է եւ բարձրունքում, եւ անհաջող ելույթներ գրանցել:
Բայց նա ամեն ինչ թողել է անցյալում, զրոյից սկսել մարզվել ու հիմա էլ պատրաստվում է իր 2-րդ Օլիմպիական խաղերին: Այդ ամենի մասին էլ ծանրորդը պատմել է Mediamax Sport-ին:
-Առաջին փորձդ Օլիմպիական խաղերում անհաջող էր: Ի՞նչ հետեւություններ ես արել քո ելույթից:
-Չեմ ցանկանում հիշել 2012-ի Օլիմպիադան, երեւի դա իմ կյանքի ամենավատ օրն էր: Ձեռքի կոտրվածքն ու ավտոմեքենայով վթարները ոչինչ էին դրա համեմատ: Խաղերից առաջ ես վիրահատության էի ենթարկվել, բայց ինձ բավականին լավ էի զգում ու չէի կարող հրաժարվել խաղերից: Երեւի թե հոգեբանորեն պատրաստ չէի, ամեն ինչ մի ակնթարթում կատարվեց, ես էլ չհասկացա, թե ինչպես:
-Դու որոշ ժամանակով ընդմիջում էիր վերցրել, ինչո՞վ էիր զբաղվում այդ ընթացքում:
-Բիզնես էի սկսել, հիմնականում դրանով էի զբաղված: Բայց այդ ընթացքում էլ շարունակել եմ մարզվել ու պատրաստվել 2015-ի Եվրոպայի առաջնությանը: Սակայն նորից արմունկիս հետ կապված խնդիրներ առաջացան, ու ես ծանր իրավիճակում հայտնվեցի:
-Իսկ ինչպե՞ս կարողացար այդ վնասվածքն անցյալում թողնել ու կրկին վերադառնալ մարզումներին:
- Հայաստանում վիրահատության էի ենթարկվել, սակայն այն չէր օգնել: Երկրորդ անգամ ինձ Լեհաստանում շատ լավ մասնագետներ վիրահատեցին: 3 ժամ տեւած վիրահատությունից հետո 5 ամիս չեմ մարզվել:Նախորդ տարվա դեկտեմբերին եմ մտել մարզադահլիճ ու 2,5 ամիս պարապելու արդյունքում բարձրացրել 187 կգ: Հիմա արդեն ձգտում եմ առավելագույնին:

Լուսանկարը` Մեդիամաքս
-Ի՞նչ է առաջին հերթին պետք Օլիմպիական խաղեր մեկնելու համար:
-Քրտնաջան աշխատանք ու կամքի ուժ է պետք ունենալ: Առանց տանջվելու, ձեռքերի կոշտուկների արդյունքի չեն հասնում: Ես արդեն մեկ անգամ եղել եմ Օլիմպիական խաղերում ու պարզապես մեկնելն իմ պլանների մեջ չի մտնում: Տուրիստական կարգավիճակ չեմ ուզում ունենալ, մինչեւ խաղերի մեկնարկը փորձելու եմ ավելացնել կիլոգրամներս ու մեդալի համար պայքարել:
-Դու մեծացել ես Օլիմպիական չեմպիոնի ընտանիքում: Ի՞նչ ես սովորել հայրիկիցդ:
-Կարգապահություն, հարգանք դիմացինի նկատմամբ: Ինչքան առավելություն ունեմ, հայրիկիցս եմ ժառանգել:
-Ի՞նչ ես ձեռք բերել ու կորցրել ծանրամարտով զբաղվելու տարիներին:
-Ձեռք եմ բերել անուն ու ճանաչում: Միայն մեկ բանի համար եմ ցավում, որ վնասվածքների պատճառով 6 տարի եմ կորցրել, որի ընթացքում շատ մեծ արդյունքեր կկարողանայի արձանագրել:
-Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս Օլիմպիական խաղերում:
-Օլիմպիական չեմպիոնի կարգավիճակը, քանի որ ծնվածս օրվանից տեսել եմ, թե ինչպիսին է հայրիկիս նկատմամբ վերաբերմունքն ու ուշադրությունը: Երեխաները շատ բան են սովորում նրանից, առաջնորդվում են ու օրինակ դարձնում:
-Ինչո՞վ է Օլիմպիական խաղեր մեկնող ծանրորդի մարզումը տարբերվում սովորական պարապմունքներից:
-Եթե մրցաշարերի միջեւ տարբերություն դնես, ոչնչի էլ չես կարողանա հասնել: Յուրաքանչյուր մրցման պետք է նույն կերպ պատրաստվել ու տրամադրվել: Պարզապես պետք է 12 ամիս անդադար մարզվել նույն նվիրվածությամբ ու եռանդով, տանջվել, օրեցօր ավելացնել ծանրաբեռնվածությունն ու հոգեբանորեն պատրաստվել:
-Ո՞րն է խաղերի ամենամեծ կոչը աշխարհին ու մարդկանց:
-Համախմբվածությունը, խաղաղությունը եւ պայքարելու ուժը:
-Ինչո՞ւ էր հենց Ռիոն արժանի այս խաղերն անցկացնել:
-Երեւի Հիսուսի արձանն այնտեղ է դրա համար (ծիծաղում է): Միշտ սիրել եմ այդ արձանն ու ցանկացել Ռիոյում լինել: Կարծում եմ սուրբ տեղ է, քանի որ Հիսուսը բոլորի գլխավերեւում է ու պահպանում է նրանց:

Լուսանկարը` Մեդիամաքս
-Եթե բրազիլացի լինեիր, ի՞նչ մարզաձեւով կզբաղվեիր:
-Հնարավոր է՝ նույնիսկ սպորտով չզբաղվեի էլ, այլ հետաքրքրություններ կունենայի:
-Ելույթդ ավարտելուց հետո ո՞ր մարզաձեւի մրցումներին կցանկանաս հետեւել:
-Բոլոր այն մարզաձեւերին, որտեղ հայ մասնակիցներ ունենք: Մեծ հաճույքով ու ոգեւորությամբ կաջակցեմ նրանց:
-Ինչպե՞ս ես վերաբերվում քննադատությանը:
-Արդեն շատ նորմալ, առաջ ծանր էի տանում: Հասկացել եմ, որ մարդկանց մի խումբ կա, որ լավն էլ, վատն էլ անելու դեպքում քննադատում են, նրանց ոչինչ չի գոհացնում: Եթե քննադատությունը տեղին է, լսում եմ ու հետեւություններ անում:
- Գիտեմ, որ խոհանոցում քեզ զգում ես ինչպես ձուկը ջրում: Եթե մեզ հյուրընկալես, ի՞նչ կպատրաստես:
-Նապաստակի չախոբիլին է լավ ստացվում ինձ մոտ, ինչպես նաեւ լոլիկով ձվածեղ կպատրաստեմ: Միշտ մեծ սիրով եմ խոհանոցում լինում, սիրում եմ համեղ պատրաստել, դուք էլ կհամոզվեք (ծիծաղում է):
-Ի՞նչը չես սիրում քո մարզաձեւում ու կցանկանայիր ազատվել դրանից:
-Չկա որեւէ բան, ամեն ինչն էլ սիրում եմ: Տանից հաճախակի բացակայությունը, վնասվածքները, ցավերը, ամեն ինչը սպորտի մի մասն են կազմում: Շատ ենք հոգնում, բայց հաջողության հասնելու համար պետք է դիմանալ:
-Ասա քո որակներից, որոնց մասին մարդիկ չգիտեն:
-Շատ հասնող ու կարեկից մարդ եմ, փորձում եմ օգտակար լինել նրանց, շատ աշխատասեր եմ: Ցանկանում եմ իմ ուժերով կյանքում որեւէ բանի հասնել, որ ինձ լիարժեք մարդ զգամ:
-Տոներից ո՞րն է քո ամենասիրելին
-Շատ եմ սիրում Զատիկն ու Նոր տարին: Ինձ հատկապես դուր է գալիս Ամանորի եռուզեռը, նվերներ պատրաստելը, տան համար գնումներ անելը: Ինչպես նաեւ մարտի 8-ն եմ շատ սիրում, քանի որ մեր կանանց ուրախ եմ տեսնում, ու շատ ծաղիկներ եմ նվիրում:
-Առաքել, ավարտիր նախադասությունները: Պատվոհարթակին կանգնած…
-հպարտություն եմ զգում, որ մեր երկրի համար մեդալ եմ նվաճել:
-Ծանրամարտի դժվարությունը…
-միշտ պատրաստ լինելն է:
-Մեր օրհներգում ամենաշատը սիրում եմ:
-Ազատ, անկախ հատվածը:
- Մարզումների ժամանակ կարոտում եմ…
-չէ, չեմ կարոտում, դա միշտ խանգարում է:
Առաքել Միրզոյանի հետ խոսել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: