Դեկտեմբեր 27, 2024
exclusive
5950 դիտում

Դավիթ Սաֆարյան. Ուղեգիր նվաճելն ասես հրաշք լիներ


Դավիթ Սաֆարյանը
Դավիթ Սաֆարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Սաֆարյանը
Դավիթ Սաֆարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Սաֆարյանը
Դավիթ Սաֆարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Սաֆարյանը
Դավիթ Սաֆարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Սաֆարյանը
Դավիթ Սաֆարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Սաֆարյանը
Դավիթ Սաֆարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանի համար Ռիոյի խաղերը լինելու են երկրորդը:

Mediamax Sport-ն այս անգամ սիրով ներկայացնում է մեր ամենատիտղոսակիր ազատ ոճի ըմբիշներից մեկին:

- Դավիթ, վարկանշային մրցաշարերում չկարողացար ուղեգիր նվաճել ու մրցակցիդ որակազրկումից հետո իրավունք ստացար մասնակցել Օլիմպիական խաղերին: Ի՞նչն էր խանգարում քեզ:

- Երեք մրցաշարում էլ մոտ էի հաղթանակին, բայց ինչ-որ բան չէր հերիքում: Առաջինի ու երկրորդի ժամանակ ինձ լավ էի զգում, երրորդում չգիտեմ ինչ տեղի ունեցավ: Ես դուրս եկա պայքարելու, բայց ոչինչ չստացվեց:

- Ինչպե՞ս ընդունեցիր Ռիո մեկնելու լուրը:

- Պարտությունից հետո շատ վատ էի ինձ զգում, մի տեսակ դատարկված: Եկա տուն ու ոչինչ չէի անում: Մի օր Արայիկ Բաղդադյանը զանգեց, թե մասնակցելու եմ Օլիմպիդային: Անկեղծ ասած` չհավատացի: Արագ մտա ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքն ու տեսա, որ իմ քաշային կարգում միանգամից երկու ըմբիշի որակազրկել են արգելված նյութեր օգտագործելու պատճառով: Կարծում եմ հրաշք տեղի ունեցավ, Աստված տվեց ինձ այս ուղեգիրը: Սա ինձ համար մեծ հնարավորություն է, ու անում եմ ամեն ինչ, որպեսզի լավ մասնակցեմ:

Դավիթ Սաֆարյանը Դավիթ Սաֆարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Միգուցե սխալվում եմ, բայց 2013-ից հետո, երբ դարձար Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն, քեզ մոտ մի տեսակ սկսեց անկում նկատվել:

- Համաձայն եմ: Կարծես ամեն ինչ լավ էր ընթանում, սակայն 2014-ին վնասվածք ստացա, որի պատճառով կես տարի չկարողացա մարզվել: Նույնիկս մեկ ամիս չմարզվելուց հետո դժվար է վերադառնալ, իսկ կես տարին շատ մեծ ժամանակահատված է: Հետո արդեն ռիթմի մեջ չէի կարողանում մտնել, ոչինչ չէր ստացվում:

- Այդ դժվար ընթացքում ի՞նչ հետեւություն արեցիր:

- Հասկացա, որ նույնիսկ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո ավելի շատ պետք է մարզվես ու աշխատես: Ամենագլխավորը ցանկությունն է: Պետք է միշտ ձգտես առավելագույնին, մտնես մարզադահլիճ ու պայքարես մինչեւ վերջ: Պարտություններից հետո դժվար էր ինձ համար, բայց հիմա ամեն ինչ անցյալում է, պետք է շարժվել առաջ:

- Խոսենք Օլիմպիական խաղերից, որոնք քեզ համար երկրորդ են լինելու: Ինչպե՞ս ես ես տրամադրվում:

- Լոնդոնում մի տեսակ ուրիշ աչքերով էի նայում, փորձում էի զգալ Օլիմպիական մթնոլորտը: Ես պատրաստ էի, կարող էի առաջ շարժվել, բայց մրցավարական վիճելի որոշումից հետո դուրս մնացի պայքարից: Արդեն չորս տարի է անցել, հսկայական փորձ եմ կուտակել, շատ բաների միջով անցել: Ռիոյում հոգեբանորեն ավելի եմ պատրաստ լինելու:

- Ըստ քեզ՝ ինչպիսի՞ երկիր է Բրազիլիան:

- Փոքր ժամանակ շատ էի ցանկանում այնտեղ լինել: Սակայն այնտեղ իմ գլխավոր նպատակն՝ Օլիմպիական խաղերն են, ոչ թե լողափը, ֆուտբոլը կամ մի այլ բան: Գլխավորը՝ լավ մասնակցելն է: Մի բան ասեմ, երբ մի երկրում լավ ես ելույթ ունենում, այն դառնում է քո ամենասիրելին, ուզում ես կրկին վերադառնալ: Հույս ունեմ, որ այդ առումով Բրազիլիան կդառնա իմ ամենասիրելի երկիրը:

- Ինչի՞ հետ ես ասոցացնում Բրազիլիան:

- Ֆուտբոլի, կառնավալի, Քրիստոսի արձանի: Կարծում եմ այն ուրախ երկիր է:
Դավիթ Սաֆարյանը Դավիթ Սաֆարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ո՞վ է ամենահայտնի բրազիլացին:

- Այսօրվա դրությամբ երեւի Նեյմարը: Իհարկե, Ռոնալդոյին ու Ռոնալդինիոյին մինչ այսօր հիշում ենք, Պելեն, որն իմ ժամանակակիցը չէ, բայց նույնպես հայտնի է ամբողջ աշխարհում:

- Հայաստանի քաղաղաքացիներին Բրազիլիա գնալու համար վիզա պե՞տք է:

-Ոչ:

- Պորտուգալերեն ի՞նչ բառ գիտես:

- Օբրիգադո (շնորհակալություն):

- Ի՞նչ կփոխեիր քո կյանքում:


- Ոչնիչ: Ամեն ինչ կթողնեի նույնը:

- Ի՞նչ է ընտանիքը քեզ համար:

- Ընտանիքս միշտ առաջին տեղում է: Շատ եմ կարոտում ծնողներիս, եղբորս, սակայն հավաքի ժամանակ աշխատում եմ չմտածել: Գիտեմ հանուն ինչի եմ մարզվում, արժե մի քանի ամիս եւս դիմանալ:

- Ասա չորս բան, որ մարդիկ չգիտեն քո մասին:

- Շատ եմ սիրում ֆուտբոլ, ինչպես նայել, այնպես էլ խաղալ: Սիրում եմ կոլա, երբեմն երազում եմ ու չեմ կարողանում ապրել առանց նպատակի:

- Ինչպիսի՞ հարցերի չես սիրում պատասխանել:

- Երբեմն խիստ անձնական բնույթի հարցերի: Բայց ընդհանրապես ես բաց մարդ եմ ու խնդիր չեմ ունենում զրուցելու ժամանակ:

- Ի՞նչ է քեզ տվել քո մարզաձեւը:

- Ամենակարեւորը՝ բնավորություն: Նպատակիս հասնելու կամքի ուժ, ու ոչ միայն սպորտում: Ըմբշամարտը վաղը չի լինի, բայց կյանքը շարունակվում է ու պետք է պայքարես: Կարծում եմ, ով պայքարել է ըմբշամարտում՝ նրա համար կյանքում հեշտ կլինի:

Դավիթ Սաֆարյանը Դավիթ Սաֆարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Վերջին նկարը, որ արել ես քո հեռախոսով:

- Հիմա նայեմ: Ահա, բարձ եմ նկարել (ծիծաղում է): Սա փոքր զարմիկիս բարձն է, ով նույնպես մարզվում է ու հիմա հավաքի ժամանակ ինձ հետ է մնում: Մենք ընկերներով սիրում ենք ծիծաղելի նկարներ անել ու ուղարկել միմյանց:

- Ընտանի կենդանի ունե՞ս:

- Ոչ, բայց դեմ չէի լինի փոքրիկ շուն պահել:

- Օլիմպիական խաղերում ի՞նչ հայտնի մարզիկ կա, որին կցանկանայիր հանդիպել:

- Ուսեին Բոլտին, Մայքլ Ֆելփսին, Նեյմարին:

- Ե՞րբ ես առաջին անգամ հետեւել Օլիմպիական խաղերին:

-1996-ին, բայց գրեթե ոչինչ չէի հասկանում: Արդեն 2004-ին գիտակցում էի ամեն ինչ, ուշադիր հետեւում էի ոչ միայն ըմբշամարտի մրցումներին, այլ նաեւ այլ մարզաձեւերի:

- Դավիթ, ավարտիր այս նախադասությունները: Եթե լինեի բրազիլացի դերասան ու խաղայի սերիալում, ապա…

- կլիներ էպիզոդիկ ինչ-որ դեր, որ շատ չտանջվեի (ծիծաղում է):

- Ամենաշատն ուրախանում եմ, երբ…

- լսում եմ, որ մարդ առողջացել է: Կապ չունի, ով է, կարեւորը մարդիկ առողջ լինեն:

- Երաժշտությունը պետք է լինի…

- որակյալ ու մեղեդային: 

- Ռիոյում ես…

- կաշխատեմ դառնալ չեմպիոն:

Դավիթ Սաֆարյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Նախագծի գործընկեր 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին