Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն այս ամռանը մասնակցելու է իր երկրորդ Օլիմպիական խաղերին:
Mediamax Sport-ը զրուցել է մեր երիտասարդ, բայց փորձառու մարզիկի հետ ու ներկայացնում է ձեր ուշադրությանը:
- Արթուր, դու վերջերս Ռիո դե Ժանեյրոյում նվաճեցիր Օլիմպիական վարկանիշ: Ինչպե՞ս է պատրաստվում Ռիոն խաղերին:
- 2012-ին մինչ Լոնդոնի Օլիմպիական խաղերը ես կրկին Լոնդոնում էի նվաճել ուղեգիրս: Այնտեղ ամեն ինչ լավ էր կազմակերպած, ինչը չեմ կարող ասել Ռիոյի մասին: Շատ հարցեր կային, որոնք դեռ չէին լուծվել, օրինակ, ճանապարհները դեռ պատրաստ չէին: Հուսամ, ամեն ինչ տեղը կընկնի, բայց կարծում եմ, Բրազիլիան աշխատելու դեռ շատ տեղ ունի:
- Ծանոթացար մրցումային դահլիճին: Համեմատաբար հե՞շտ կլինի քեզ համար երկրորդ անգամ այնտեղ ելույթ ունենալ:
- Մարմնամարզության դահլիճն ամբողջովին պատրաստ է: Այսպես ասած, դահլիճի օդը շնչեցի, զգացի այն: Սա իմ երկրորդ Օլիմպիադան է լինելու, միգուցե ավելի հանգիստ կգործեմ, չնայած, ամեն դեպքում, լարվածություն կլինի:

Լուսանկարը` Մեդիամաքս
- Ազատ ժամանակ հասցրած կլինես նաեւ քայլել քաղաքում: Ինչպիսի՞ն են տպավորություններդ:
- Շատ լավ բնություն ունեցող գեղեցիկ քաղաք է Ռիոն: Սակայն մեզ զգուշացրել էին գողության մասին, որը Ռիոյում տարածված երեւույթ է: Կազմակերպիչները խորհուրդ տվեցին մութն ընկելուց հետո մենակ փողոց դուրս չգալ:
- Զիկա վիրուսի մասին շատ հակասական բաներ են ասում: Իրականում խուճապ կամ զգուշավորություն կա՞ Բրազիլիայում:
- Ոչ: Այնտեղ միայն մենք էինք դրա մասին խոսում, հետաքրքրվում: Իրենք հանգիստ էին ու ընդհանրապես ոչ մի զգուշավոր բան չէին անում:
- Խոսենք բուն Օլիմպիական խաղերից, որոնք քեզ համար երկրորդն են լինելու: Ի՞նչ հետեւություններ ես արել նախորդ ելույթից:
- Լոնդոնում օղակներ վարժության ժամանակ կրունկս վնասել էի ու հենացատկում չկարողացա մասնակցել: Հիմա ես ավելի եմ բարդացրել վարժություններիս էլեմենտները: Պետք է հենացատկի երկրորդ ցատկի վերջնամասը հստակ կատարեմ, որպեսզի լրացուցիչ միավորներ չկորցնեմ:
- Ինչպիսի՞ պայքար է ծավալվելու Օլիմպիական խաղերում:
- Հիմա շատ է բարդացել, բոլորն էլ իրենց վարժությունները դժվարացնում են: Մարզումների ժամանակ իմ կատարածը պետք է կարողանամ անթերի անել:

Լուսանկարը` Մեդիամաքս
- Ի՞նչ պետք է ունենա երեխան, որպեսզի զբաղվի մարմնամարզությամբ:
- Պետք է ճկուն լինի ու ֆիզիկական լավ տվյալներ ունենա: Շատ են դեպքերը, երբ փոքր տարիքում լավ արդյունքներ են գրանցում, սակայն 14-15 տարեկանից հետո չեն երեւում: Լինում է նաեւ հակառակը, երբ երեխան միջին մակարդակի է, բայց միանգամից աճում է ու ընդգրկվում հավաքականի կազմում:
- Քեզ մոտ ինչպե՞ս է եղել:
- Ես շատ ճարպիկ էի, ֆիզիկականս էլ էր լավ վիճակում: Մարզչից էլ է շատ բան կախված: Պետք է երկուսն էլ ճիշտ աշխատեն, որպեսզի արդյունքի հասնեն:
- Ընդունո՞ւմ ես քննադատությունը:
- Եթե տեղին է՝ այո: Միշտ պետք է լսես մարզչիդ, ընկերոջդ, որը քեզ խորհուրդ կամ դիտողություն է անում: Լինում է, որ ես էլ եմ խորհուրդ-քննադատություն տալիս մեր տղաներին: Միշտ էլ լսում ենք միմյանց, այս կամ այն վարժության համար ճիշտ լուծումներ գտնում: Մեր թիմը կարծես ընտանիք լինի, միշտ օգնում ենք, որպեսզի հասնենք լավագույն արդյունքի:
- Ո՞րն է եղել ամենամեծ ռիսկը, որին դիմել ես մրցման ժամանակ:
- 2015-ի Աշխարհի առաջնություն մեկնել էի գլխապտույտով: Շուրջ մեկ շաբաթ չէի կարողանում մարզվել, հասարակ վարժություն չէի կարողանում անել: Հետո պարզվեց, որ վիտամիններից էր: ԱԱ չէի կարող չգնալ, որովհետեւ Օլիմպիական ուղեգրեր էին խաղարկվելու: Ամեն դեպքում, ելույթ ունեցա ու իրավունք ստացա մասնակցել թեսթ-իվենթին: Այնտեղ էլ արդեն վարկանիշ նվաճեցի:
- Մարմնամարզությունն այն մարզաձեւերից է, երբ մարզիկը պայքարում է ինքն իր հետ:
- Իսկապես, մենք մեզ հետ ենք պայքարում, մրցակից չկա, որ սխալվի ու դու կարողանաս օգտվել: Ես փակ մարդ եմ, էմոցիաներս ցույց չեմ տալիս: Ելույթից առաջ փորձում եմ հանգիստ լինել, դուրս գալ հարթակ ու կենտրոնացած կատարել վարժությունս:
- Մարդիկ քեզ գիտեն որպես մրամնամարզիկ: Ասա մի բան, որ նրանք չգիտեն քո մասին:
- Ես շատ լավ ֆուտբոլ եմ խաղում: Մի ժամանակ նույնիսկ ցանկանում էի թողնել մարմնամարզությունն ու ֆուտբոլիստ դառնալ: Ընդհանրապես, սպորտային ամեն ինչ շուտ եմ ընկալում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ավարտիր այս նախադասությունները
- Ինձ վրա վատ ազդեցություն են ունեցել…
- վիտամինները (ծիծաղում է):
- Ես սիրում եմ Հայաստանը, որովհետեւ…
- իմ հայրենիքն է:
- Սպորտը մարդուն տալիս է…
- ամեն ինչ՝ ուժ, ընկերներ, ճանաչում:
- Եթե Օլիմպիադայում մեդալ նվաճեմ, ապա…
- անչափ ուրախ կլինեմ:
Արթուր Դավթյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Նախագծի գործընկեր

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: