Նոյեմբեր 14, 2024
exclusive
12227 դիտում

Միհրան Հարությունյան. Օլիմպիական խաղերում պետք է մեռնեմ կամ հաղթեմ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 66 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանն առաջին անգամն է մասնակցելու Օլիմպիական խաղերին:

Mediamax Sport-ը հաճույքով զրուցել է մեր մարզիկի հետ ու ներկայացնում է Ռիո-2016-ի հերթական հարցազրույցը:

- Միհրան, կնկարագրե՞ս, թե ինչ է ըմբշամարտը քեզ համար:

- Ըմբշամարտն իմ աշխատանքն է: Մարզաձեւ, որը ես անչափ շատ եմ սիրում: Ըմբշամարտն ինձ տվել է բնավորություն, կամք, ֆիզիկական ուժ, ձգտում եւ, իհարկե, հնարավորություն հասնել այն բարձունքին, որտեղ ես կլինեմ ոչ թե ինչ-որ բան, այլ ինչ-որ մեկը:

- Ամենատպավորիչ սպորտային իրադարձությունը ո՞րն է եղել քո կյանքում:

- 2012 թվականի Ռուսաստանի առաջնությունը, Բաքվի Եվրոպական խաղերը, բայց կառանձնացնեմ իմ առաջին մրցաշարը: 2001 թվականն էր, ես 12 տարեկան էի ու ընդամենը երեք շաբաթ էր, ինչ զբաղվում էի ըմբշամարտով: Մոսկվայում փետրվարի 23-ին նվիրված մրցաշար էին կազմակերպել ու մեզ էլ առաջարկեցին մասնակցել: Շատ լավ եմ հիշում, իմ չափերից 2-3 համար մեծ մարզահագուստ էին հագցրել… հինգ գոտեմարտ անցկացրի ու հաղթանակներ տոնեցի:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Օլիմպիական խաղերին առաջին անգամն ես մասնակցելու: Ի՞նչ է սա քեզ համար:

- Այն իմ պատերազմն է լինելու, որտեղ պետք է մեռնեմ կամ հաղթեմ: Այս ողջ ընթացքում դժվարին ճանապարհ եմ անցել, անընդհատ մարզվել ու չարչարվել, այնպես որ, պետք է հասնեմ իմ նպատակին:

- Ինչպիսի՞ պայքար է, ըստ քեզ, լինելու Ռիոյում:

- Կարծում եմ 66 ու 75 կգ քաշային կարգերում մրցակցությունն անհամեմատ ուժեղ է լինելու, այստեղ շատ են տիտղոսակիր մարզիկները: Յուրաքանչյուր գոտեմարտ պահանջելու է ուժերի մաքսիմալ ներդրում, անզիջում պայքար ու շատ լավ տրամադրվածություն: Ուժեղ մրցակիցներ եմ ունենալու, բայց ես էլ թույլերից չեմ:

- Ի՞նչ գիտես Բրազիլիայի մասին:

- Բրազիլական ջիու-ջիցուի մասին գիտեմ: Կարծում եմ ուրախ, կառնավալային, երկիր է, որտեղ կան գեղեցիկ կազմվածքով կանայք: Հայտնի է Կոպակաբանա լողափը: Ծաղկող, գունավոր երկիր է, որտեղ հաստատ տխուր չի լինի:

- Գիտե՞ս որն է Բրազիլիայի պետական լեզուն:

- Պորտուգալերենը:

- Կա՞ մարզիկ, որին կցանկանաս հանդիպել Ռիոյում:

- Դիեգո Մարադոնան ու Ռոնալդինիոն:

- Օլիմպիական խաղերում եղե՞լ է մարզիկ, ում երկրպագել ես:

- Իհարկե: Ինձ դուր էին գալիս Արմեն Նազարյանի, Արա Աբրահամյանի, Վարդերես Սամուրղաշեւի վարած գոտեմարտերը: 

Լուսանկարը` Մեդիամաքս


- Հայաստանում որտե՞ղ ես սիրում լինել:

- Ինձ հանգիստ եմ զգում եկեղեցում, կարեւոր չէ որ մեկում: Սիրում եմ իմ ծննդավայր Էջմիածինը, Արարատյան դաշտավայրը, պարզապես քայլելն ու Արարատին նայելը գերագույն հաճույք է ինձ համար: Սիրում եմ այնտեղի մրգերը, հատկապես ծիրանն ու կեռասը:

- Ո՞րն է հեռախոսիդ զանգը:

-«Մենք չեմպիոն ենք»:

-  Երաժշտություն, որն անընդհատ լսում ես:

- Կան երգիչներ, որոնց միշտ լսում եմ: Դրանիցի կառանձնացնեմ Շարլ Ազնավուրին, անչափ հետաքրքիր մարդ ու երաժիշտ է, ես շատ եմ ցանկանում հանդիպել նրա հետ ու մի քիչ զրուցել: Սերժ Թանկյան եմ սիրում, Ռեյ Չարլզ, Ուիթնի Հյուսթոն:

- Եթե անմարդաբնակ կղզում հայտնվես, ի՞նչ կվերցնես քեզ հետ:

- Աստվածաշունչ, իմ խաչը, որը միշտ կրում եմ, ջուր: Մնացածը, կարծում եմ, կկարողանամ ստեղծել:

- Մուլտֆիլմի ի՞նչ կերպար կլինեիր:

- Միանշանակ առյուծ:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Միհրան, արի ավարտենք հետեւյալ նախադասությունները: Ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց…

- ընտանիքի:

- Երբ պարտություն եմ կրում…

- կարծես մեռնում եմ:

- Սպորտն ինձ տվել է…

- Միհրան Հարությունյանին:

Միհրան Հարությունյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Նախագծի գործընկեր 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին