Վերջին տարիներին իր բազմաթիվ հաղթանակներով բոլորիս ոգեշնչած Արթուր Ալեքսանյանը պատրաստվում է 2-րդ Օլիմպիական խաղերին:
Mediamax Sport-ը հանդիպել է հունահռոմեական ոճի ըմբիշին ու ներկայացնում է նրա հետ հարցազրույցը:
-Արթուր, արդեն 2-րդ Օլիմպիական խաղերիդ ես մասնակցելու, ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել քո կյանքում այս 4 տարիների ընթացքում:
-Առաջին խաղերիս մասնակցել եմ 20 տարեկանում, երբ այդքան էլ մեծ փորձ չունեի: Հիմա սպորտում ավելի եմ հասունացել ու նվաճումներիս թիվն ավելացրել: 3 անգամ Եվրոպայի ու Աշխարհի կրկնակի չեմպիոն եմ դարձել, ավելի մեծ վստահություն ձեռք բերել: Հիմա գիտեմ արդեն Ռիոյում ինձ ինչ է սպասվում, 2-րդ անգամ ավելի հեշտ կլինի:
- Իսկ ինչո՞ւ են Օլիմպիական խաղերը մարզիկների համար տարբերվում մնացած բոլորի մրցաշարերից:
-Օլիմպիական խաղերի նկատմամբ հետաքրքրությունն է ավելի մեծ: Չորս տարին մեկ են անցկացվում ու դա է երեւի պատճառը, որ բոլորի ուշադրության կենտրոնում են: Իսկ մրցումային առումով Օլիմպիադան ոչնչով չի տարբերվում ԱԱ-ից ու ԵԱ-ից:
- Հե՞շտ է ըմբշամարտի հաճախ փոփոխվող կանոններին հարմարվելը:
-Կանոների փոփոխություններն իմ սրտով են, դրանց շնորհիվ ըմբշամարտն ավելի դիտարժան է դարձել ու երկրպագուների համար հասկանալի: Հիմա գոտեմարտն ավելի դինամիկ է ստացվում, քանի որ հնարքներ կիրառելու հնարավորությունն է մեծացել:

Լուսանկարը` Մեդիամաքս
-Ի՞նչ պետք է պատահի, որ դու որեւէ մարզում բաց թողնես:
-Արդեն մի քանի տարի է, որ որեւէ մարզում բաց չեմ թողել: Չնայած մեկ դեպք հիշեցի, նախորդ տարի էր՝ պետական քննության պատճառով, բայց բացակայությունս հարգելի էր (ծիծաղում է): Առհասարակ մարզումների հաշվին ոչինչ չեմ անում:
-Իսկ անընդհատ կրկնվող մարզումներից, այդ միօրինակությունից չե՞ս հօգնում:
-Չեմ ստի, երբեմն, իսկապես, հոգնում եմ: Սակայն 15-օրյա հանգիստը որեւէ ծովափնյա երկրում ինձ նոր լիցքեր է տալիս ու վերականգնում: Դեռ շատ նպատակներ ունեմ ու անընդհատ ձգտելու եմ դրանք կյանքի կոչել: Եթե ներքին ցանկություն չեղավ, չես կարողանա մարզվել, պարզապես անիմաստ ժամանակ կանցկացնես:
-Եթե բրազիլացի լինեիր, ի՞նչ մարզաձեւով կզբաղվեիր:
-Միանշանակ ֆուտբոլով: Կխաղայի հարձակման կամ կիսապաշտպանության ձախ եզրում:
-Վերջերս ի՞նչ վարակ էր Բրազիլիայում մոլեգնել:
-Զիկո, չէ Զիկա վիրուսն էր: Հենց սկզբից էլ շատ վստահ եմ եղել, որ այդ վարակը չի խանգարի խաղերի անցկացմանը: Ինքս էլ պատրաստ էի ամեն պարագայում մեկնել Ռիո, քանի որ մանավանդ այս Օլիմպիական խաղերը պետք չէ բաց թողնել (ծիծաղում է):
-Քեզ ամենաշատը ոգեշնչած հայ ըմբիշները:
-Շատ ըմբիշներ են եղել: Երբ ես դեռ փոքր էի, հիանում էի Ռոման Ամոյանի, Վաղինակ Գալստյանի, Յուրի Պատրիկեեւի գոտեմարտերով, հետո նաեւ սկսեցի մարզվել նրանց հետ: Արմեն Նազարյանին եմ տեսել գորգի վրա ու շատ եմ հավանել նրա ոճը: Ինչպես նաեւ թիմակիցս՝ Արսեն Ջուլֆալակյանն է միշտ օրինակ եղել ինձ համար:
-Իսկ քո մարզաձեւի հետ կապված առաջին հիշողությունդ ո՞րն է:
-Երբ դեռ անգամ չէի մարզվում, ինձ մարզագահուստ էին նվիրել:

Լուսանկարը` Մեդիամաքս
-Ինչո՞վ է քեզ համար ըմբշամարտը տարբերվում մյուս բոլոր մարզաձեւերից:
- Ըմբշամարտը կյանքի պայքար է, այն ինձ շատ բան է տվել, դաստիարակել է որպես մարդ: Այն սովորեցնում է պայքարել, ձգտել, ծանր իրավիճակներում չընկճվել: Ըմբիշները գորգից շատ ավելի կարեւոր բան են տանում, քան հաղթանակներն ու պարտություններն են:
-Հաղթանակներդ շատ հանգիստ ես տանում, առանց բուռն էմոցիաների: Ինչպե՞ս է դա քեզ հաջողվում:
-Ես շատ հանգիստ մարդ եմ: Պարզապես այդ ուրախությունը գորգի վրա չի երեւում: Հենց սկզբից էլ ես բոլոր մրցաշարերում վստահությամբ եմ գորգ դուրս գալիս, համոզված եմ լինում, որ մինչեւ եզրափակիչ հասնելու եմ, դա էլ ինձ հանգստություն է տալիս: Իմ ամեն մի հաղթանակի համար լիարժեք ուրախանում եմ, կապ չունի որերորդ անգամ եմ այն գրանցում:
-Ինչո՞ւ պետք է աշխարհում դադարեցվեն բոլոր պատերազմները:
-Չգիտեմ որեւէ մարդ, ով չցանկանա աշխարհում խաղաղություն լինի, երեխաները հանգիստ պայմաններում մեծանան, մարդիկ չսպանվեն: Մենք՝ հայերս, երբեք ինքներս պատերազմ չենք սկսել: Ուզում եմ, որ Արդբեջանը վերջապես հասկանա, որ խաղաղությունն ամենակարեւոր բանն է աշխարհում: Արցախը միշտ էլ մեր հողն է եղել ու մերն էլ կմնա, մենք երբեք նրանց որեւէ բան չենք զիջի:
-Եթե քեզ հնարավորություն ընձեռնվի երբեւէ հարցազրույց անցկացնել հայտնի մարզիկների հետ, ովքե՞ր կլինեն նրանք:
-Առաջին հերթին տիտղոսակիր Ալեքսանդր Կարելինը, Օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սայտիեւն ու Ռաֆայել Նադալը, ինչպես նաեւ Մայք Թայսոնը:
-Իսկ բոլորին ո՞ր հարցը կտաս:
-Ի՞նչն է նրանց մոտիվացրել սպորտում ու պահել բարձունքում:
-Եթե ես նույն հարցը տամ քեզ, ի՞նչ կպատասխանես:
-Կարեւորը ձգտումն է, նույն ոգով ու կամքով առաջ շարժվելը: Ինձ մոտիվացնում է մեր ազգին նորանոր հաղթանակներ նվիրելն ու աշխարհին ցույց տալ, որ թեեւ Հայաստանը փոքր երկիր է, բայց ուժեղ մարզիկներ ու սպորտային լավ պատմություն ունի:
-Ո՞րն է քո սիրելի ֆուտբոլային թիմը:
-Մադրիդի «Ռեալը»: Ես ու եղբայրս այդ ակումբի երկրպագուներ ենք, գրեթե, ամեն ինչ գիտենք «արքայական թիմի» մասին:
-Ո՞րն է Գյումրիում քո ամենասիրելի վայրը:
-Գյումրիում ամենուր եմ ինձ լավ զգում, կարեւորը մեր քաղաքում լինեմ:

Լուսանկարը` Մեդիամաքս
-Արթուր, կբացահայտե՞ս Գյումրիի սպորտային քաղաք լինելու գաղտնիքը:
-Գյումրեցիները շատ թասիբով են, աշխատասեր ու սպորտային: Այդ որակները գեներով են հասել մինչեւ մեզ: Իմ մարզադահլիճում երեխաներն այնքան շատ են, որ մարզվելու տեղ արդեն չկա:
-Անկասկած դրանում դու էլ մեծ ներդրում ունես, քո յուրաքանչյուր հաղթանակ ոգեւորության ալիք է առաջացնում:
-Ես զգում եմ, ինչպես են երեխաները ոգեւորվում ինձնով: Երբ ես էլ նրանց տարիքում մարզադահլիճում ԱԱ-ի կամ ԵԱ-ի չեմպիոն էի տեսնում, ոգեշնչվում էի ու նրանցից շատ բան սովորում:
-Նվաճումներդ անընդհատ ավելանում են, բայց դու ընդանրապես չես փոխվում:
-Մարդկային որակներն ինձ համար միշտ ամենակարեւորն են եղել, ինձ այդպես են դաստիարակել: Ծնողներս սովորեցրել են լավ մարդ լինել, հետո նոր լավ մարզիկ:
-Ամենականացի մարզաձեւերը քո կարծիքով:
-Գեղարվեստական մարմնամարզություն ու թենիս:
-Քո բնավորության գծերից ո՞րը չես սիրում:
-Երեւի ամաչկոտ եմ: Ժամանակի ընթացքում անցել է, փոքր տարիքում ավելի ամաչկոտ էի, բայց հիմա էլ երբեմն զգում եմ, որ մե քիչըմ խանգարում է (ծիծաղում է):
-Ի՞նչ խորհուրդ կտաս ուտել առողջ լինելու համար:
-Մենք` մարզիկներս, հիմնականում մսակեր ենք, որովհետեւ այն շատ էներգիա է տալիս: Ինչպես նաեւ մրգեր խորհուրդ կտամ ուտել, ինքս բանան եմ սիրում, նարինջ ու հատկապես՝ արքայանարինջ (կառալյոկ):
-Արթուր, ավարտիր նախադասությունները: Դու հարցարզույցներ տալ չես սիրում, որովհետեւ…
-շատ ժամանակ են խլում:
-Արդեն 2-րդ Օլիմպիական խաղերին մեկնում եմ …
- առհասարակ խոստումներ չեմ տալիս, բայց հույս ունեմ, որ բոլորին շատ մեծ ուրախություն կպարգեւեմ:
-Մեր օրհներգում ամենաշատը սիրում եմ…
-«Մեր հայրենիք ազատ, անկախ» հատվածը:
-Ըմբշամարտն ինձ համար…
-կյանք է, ես դրանով եմ ապրում արդեն 17 տարի:
Արթուր Ալեքսանյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Նախագծի գործընկեր

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: