Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ 28-ամյա Ուսման Դեմբելեն տիրացավ «Ոսկե գնդակ» մրցանակին՝ դառնալով ֆրանսիացի 6-րդ ֆուտբոլիստը, որ նման պարգեւի է արժանանում։
Իր խոսքում նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր օգնել են իր կայացմանը՝ մորից մինչեւ հարազատ քաղաքի բնակիչներ, մարզիչներից մինչեւ Լեո Մեսսի։
Ի դեպ, Մեսսին արդեն շնորհավորել է նրան․ «Ամեն ինչ հիանալի էր, Ո՛ւս։ Շնորհավորում եմ, ուրախ եմ քեզ համար։ Դու արժանի էիր սրան»։

Լուսանկարը` Getty Images
Ուսմանը ծնվել է 1997-ին ու փոքր տարիքում մարզվել ֆուտզալով, սակայն 13 տարեկանում դարձել է «Ռեն»-ի ակադեմիայի սան։ Տղայով նաեւ այլ ակումբներ են հետաքրքրված եղել, սակայն ընտրել է «Ռեն»-ը, որը պարտավորվել է բնակարանով ապահովել նաեւ նրա մորը, եղբորն ու քույրերին։ Նրանք բոլորով սկսել են ապրել միասին, ինչը շատ է օգնել ֆուտբոլիստին։
Արդեն 17 տարեկանում դարձել է թիմի լավագույն ռմբարկու, իսկ 2015-ին ստորագրել առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն ու Լիգա 1-ում նշել նորամուտը։
2016-ին պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ ու ընկերական խաղերում հաջող դրսեւորել իրեն։ Բունդեսլիգայում նրա ելույթները հակառակ տեսքն են ունենում, սակայն խաղից խաղ ավելի հարմարավետ ու լավ է զգում իրեն։
Մեկ տարի անց նա սկսում է ներկայացնել «Բարսելոնա»-ն, որը Դեմբելեին գնել է 105+42 մլն եվրոյով։ Այդ պահին դա պատմության 2-րդ ամենաթանկ տրանսֆերն էր՝ զիջելով միայն Նեյմարի ՊՍԺ տեղափոխությանը։
Այս ժամանակաշրջանը առատ է լինում վնասվածքներով ու 6 տարում ստանում է մոտ 14 վնասվածք։ Դրան գումարվում են նաեւ սպորտային կարգուկանոնի խախտումները, որոնք նա թույլ էր տալիս ու արժանանում ակումբի քննադատությանը։ Խոսվում է, որ կատալոնացիները հատուկ խոհարար են վերցրել, որպեսզի նրա համար պատրաստի ու ճիշտ ուտելիք ընդունի։

Լուսանկարը` Getty Images
Դեմբելեն վիդեոխաղերի մեծ սիրահար է։ Իսպանական լրատվամիջոցները նույնիսկ գրել են, որ նրա խաղային խնդիրները կապված են վիդեոխաղերով տարված լինելու հետ։ Իբր Դեմբելեն մինչեւ ուշ գիշեր խաղում էր՝ առավոտյան ուշանալով մարզումներից ու գանգատվելով քնի պակասից։ Հետագայում նա ընդունել է այդ մեղադրանքները, սակայն նշել, որ լրատվամիջոցներն ամեն ինչ շատ ավելի վառ գույներով են ներկայացրել։
«Երբ սկսեցի հանդես գալ «Բարսելոնա»-ում, պրոֆեսիոնալ մակարդակով խաղալու քիչ փորձ ունեի, բայց շատ չէի գնում մարզադահլիճ ու միանգամից դուրս էի գալիս մարզադաշտ։
Մի քանի վնասվածքից հետո հասկացա, որ պետք է հոգ տանել մարմնի մասին, պրոֆեսիոնալ ֆուտբոլը լուրջ մարտահրավեր է ու միայն տաղանդով չի կարող սահմանափակվել։ Հասկացա, որ ամեն ինչ էլ կարող է պատահել»։
Խնդիրները նրա մոտ վերացել են 2021-ի վերջին, երբ ամուսնացել է։ Այդ փաստից զարմացել են բոլորը եւ, հատկապես, «Բարսա»-ի անձնակազմը։ Ոչ ոք չի իմացել, որ ֆուտբոլիստն ընտրյալ ունի, քանի որ բոլոր միջոցառումներին ներկայացել է մենակ ու երբեք չի խոսել անձնականի մասին։
Կինը մուսուլմանական հագուստի սեփական ապրանքանիշն ունի։ 2022-ին նրանք աղջիկ են ունեցել։ Շատ մանրամասներ հայտնի չեն, որովհետեւ ֆուտբոլիստը միայն աշխատանքի մասին է խոսում, իսկ անձնականը մնում է ընտանիքում։

Լուսանկարը` Getty Images
Դեմբելեն սկսում է ավելի հաջող հանդես գալ ու դառնում «Բարսա»-ի կարեւոր ֆուտբոլիստներից մեկը։ 2021-ին Ժոան Լապորտան գովաբանում է նրան ու անվանում ավելի լավ ֆուտբոլիստ, քան Կիլիան Մբապեն է։ Իսկ ահա Չավին նշում է, որ եթե Դեմբելեին ճիշտ օգտագործեն, նա կլինի աշխարհում լավագույն խաղացողը։
2023-ին տեղափոխվում է ՊՍԺ ու այստեղ սկսում իրեն դրսեւորել էլ ավելի լավ։
«Գիտեմ, որ պետք է շատ աշխատեմ, դառնամ ավելի ուժեղ, ճիշտ սնվեմ ու լավ քնեմ։ Այդ ամենը ՊՍԺ-ում տվեց իր պտուղները։ Այստեղ ես երջանիկ եմ»։
Նախորդ մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 21 գոլով։ ՊՍԺ-ում իրեն շատ ավելի հարմարավետ է զգում ու կարողանում է ճիշտ ցուցադրել ֆուտբոլային հմտությունները։ Պատահական չէ, որ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, իսկ այս մայիսին՝ տիրացել Չեմպիոնների լիգայի գավաթին։
Ֆրանսիայի հավաքականի կազմում եւս ֆուտբոլիստը կարեւոր աշխատանք է կատարում եւ պատահական չէ, որ Դիդյե Դեշամը նրան շատ է վստահում։ 2018-ին դարձել է Աշխարհի չեմպիոն՝ 21 տարեկանում արժանանալով Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր։ 2022-ի ԱԱ-ում նվաճել է արծաթ, իսկ 2025-ին դարձել Ազգերի լիգայի բրոնզե մեդալակիր։
Դեմբելեն առաջին ֆուտբոլիստն է, որ առաջին անգամ ընդգրկված լինելով «Ոսկե գնդակ»-ի թեկնածուների շարքում՝ նվաճել է այն։
Գոհար Նալբանդյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: