Դեկտեմբեր 18, 2024
13849 դիտում

15 տարում 10 տիտղոս. Նովակ Ջոկովիչի հոբելյանական հաղթանակն Ավստրալիայում


Լուսանկարը` Forbes

Լուսանկարը` Tennis365

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` Tennis365

Լուսանկարը` Eurosport

Լուսանկարը` Eurosport


Այս տարի Նովակ Ջոկովիչին հաջողվեց Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթել ռեկորդային 10-րդ անգամ:

Մելբուռնում նա հերթական անգամ ապացուցեց իր մեծությունն ու Մեծ Սաղավարտի մրցաշարերի 22-րդ տիտղոսին արժանացավ: Այդ հոբելյանական նվաճման առիթով որոշել ենք անդրադառնալ Ջոկովիչի բոլոր 10 հաղթական եզրափակիչներին ու վերհիշել Ավստրալիայում նրա անցած ճանապարհը:

Առաջին անգամ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն է դարձել 2008 թվականին ու հաղթել ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգային: Կիսաեզրափակչում նա գերազանցեց գործող հաղթող Ռոջեր Ֆեդերերին ու էլ ոչ մեկն ունակ չէր կասեցնել սերբ թենիսիստի վերելքը: Նա կարիերայում 2-րդ անգամ էր հասել Մեծ Սաղավարտի մրցումների եզրափակիչ ու առաջին մրցանակն ապահովեց: Ուրախությունը նա կիսեց տրիբունաներում գտնվող եղբայրների հետ:


Հաջողությունը կրկնելու առիթ ընձեռվեց 3 տարի անց, այդ անգամ էլ կիսաեզրափակչում հաղթեց Ֆեդերերին ու որոշիչ պայքարում ուժեղ գտնվեց Էնդի Մարրեյից:

Լուսանկարը` Tennis365


2012-ի մրցաշրջանն էլ սերբը սկսեց վստահ ու պաշտպանեց տիտղոսը: Համառ պայքարում նա կարողացավ առավելության հասնել Ռաֆայել Նադալի նկատմամբ, նրանք կորտում 5 ժամ 53 րոպե անցկացրին, դա թենիսի պատմության ամենաերկար դիմակայություններից էր:

Լուսանկարը` ATP


2013-ին Ջոկովիչը նոր դարաշրջանի առաջին խաղացողը դարձավ, որին հաջողվեց Ավստրալիայում հաղթել 3-րդ անգամ անընդմեջ: Եզրափակչում նրա մրցակիցը նորից Մարրեյն էր, որին կրկին գերազանցեց:

Լուսանկարը` ATP


2015 թվականը Նովակի կարիերայում ամենահաջողակներից մեկն էր՝ հաղթեց ինչպես Ավստրալիայում, այնպես էլ Ուիմբլդոնում եւ ԱՄՆ-ի բաց առաջնությունում: Նորից կորտը պարտված լքեց Մարրեյը, իսկ Ջոկովիչը մրցաշարում տարած հաղթանակների քանակով ռեկորդ սահմանեց:

Լուսանկարը` Getty Images


Հաջորդ տարվա եզրափակիչը նախորդի կրկնությունն էր՝ նորից հանդիպեցին Ջոկովիչն ու Մարրեյը, բրիտանացին չկարողացավ կանգնեցնել մրցակցին, որն արդեն 6-րդ անգամ հաղթող դարձավ Մելբուռնում՝ թարմացնելով իրեն իսկ պատկանող ռեկորդը:

Լուսանկարը` ATP


7-րդ տիտղոսին նա սպասեց 3 տարի: 2019-ի Australian Open-ի եզրափակչում Ջոկովիչը 3 սեթում ուժեղ գտնվեց Ռաֆայել Նադալից ու շքեղ ավանդական ֆոտոնկարահանում ունեցավ Մելբուռնի թագավորական բուսաբանական այգում:

Լուսանկարը` ATP


Մեկ տարի անց Ջոկովիչը կրկնեց հաջողությունը՝ եզրափակչում գերազանցելով Դոմինիկ Թիմին: Նորից նկարահանումը գեղեցիկ կանաչ այգում էլ ու Մելբուռնի ֆոնին: Իսկ ամենահամառ երկրպագուհին անգամ կարողացավ հայտնվել թենիսիստի մոտ ու տեսախցիկների առաջ նրան անձամբ շնորհավորել:

Լուսանկարը` Tennis365


2021-ի եզրափակչում Ջոկովիչի մրցակիցը ռուս Դանիիլ Մեդվեդեւն էր, որին նույնպես չհաջողվեց կանգնեցնել գործող չեմպիոնին: Նա 9-րդ անգամ էր լավագույնն ու հաղթական գավաթով լուսանկարվեց Բրայթոն լողափին, որը հայտնի է իր գեղեցիկ կարմիր տնակներով: Ժպտերես Ջոկովիչը սիրով շփվեց երկրպագուների հետ ու անգամ ստորագրեց հղի կնոջ փորին:

Լուսանկարը` Eurosport


Սերբի հոբելյանական՝ 10-րդ հաղթանակն այս տարի էր: 2022-ի բավական բարդ ու դժվար մրցաշրջանից հետո, երբ նա ստիպված լքեց Ավստրալիան, քանի որ հրաժարվել էր պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բաց թողեց մի քանի կարեւոր մրցաշարեր, վերադարձավ առավել քան ուժեղ ու շատ բան ապացուցելու վճռականությամբ:

Լուսանկարը` Eurosport


Եզրափակչում Ստեֆանոս Ցիցիպասը ոչ մի շանս չուներ: Հաղթանակը Ջոկովիչը տոնեց արցունքն աչքերին, ընտանիքի անդամների ու թիմակիցների հետ գրկախառնվելով: Իսկ նվաճումը համարեց իր կարիերայում ամենաբարդն ու կարեւորը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին