Թենիսի կորտեր կառուցելու համար դիզայներական շատ մեծ հմտություններ թվում է թե պետք չեն:
Կան ստանդարտ չափեր, ցանց, հատակ ու վերջ: Բայց սա միայն առաջին հայացքից է այսպես: Այն սեփականատերերը, ովքեր ցանկանում են իրենց կորտերում տեսնել ինչպես հայտնի աստղերի, այնպես էլ սիրողական մակարդակով զբաղվողների, ամեն ինչ անում են տարբերվող ծառայություն մատուցելու համար:
Դիզայներական հայտնի AD ամսագիրն առանձնացրել է մի շարք կորտեր, որոնք գեղեցիկ, գրավիչ ու տարբերվող են: Առաջարկում ենք ծանոթանալ դրանցից մի քանիսի հետ:
Cloister Tennis Center (Սի այլնդ, Ջորջիա)

Լուսանկարը` AD
Սի այլնդում գտնվող այս մասնավոր տարածքում ամեն ինչ հիանալի է համադրված: Այստեղ թենիս պարապողներին տրվում են մասնավոր դասեր: Լյուքս սպասարկում ունեցող հանգստավայրն ունի 8 կորտ ու իսկական վայելք է պարգեւում այցելուներին:
International Tennis Hall of Fame (Նյուպորտ, Ռոդ Այլնդ)

Լուսանկարը` The Boston Globe
Այս անչափ գեղեցիկ վայրը նաեւ պատմական է ու իր մոտ է ձգում ավանդականը գնահատողներին: Հենց այստեղ խոտածածկ կորտերի վրա 1881-ին կայացել է ԱՄՆ-ի առաջին առաջնությունը:
Bunabhainneadar Tennis Court (Հարիսի կղզի, Շոտլանդիա)

Լուսանկարը` AD
Շոտլանդական հսկա լեռների մեջ տեղակայված կորտերը մարզվողների պակաս չեն ունենում: Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա ամայի վայր է, սակայն քամոտ, բայց շոտլանդացիների կողմից սիրելի կորտերը մարդկանց պակաս չի ունենում:
Astor Courts (Ռեյնբեք, Նյու Յորք)

Լուսանկարը` AD
1902 թվականին Ավա եւ Ջոն Ասթորները որոշել են Ռեյնբեքում հիմնել հատուկ սպորտային համալիր, որից կօգտվեին Նյու Յորքի մեծահարուստ ընտանիքները: Բացի փակ եւ բաց թենիսի կորտերից, այստեղ կան նաեւ սքվոշի կորտեր, բոուլինգի հրապարակ, հրաձգարան եւ լողավազան:
Il San Pietro di Positano resort (Ամալիֆի առափնյա շրջան, Իտալիա)

Լուսանկարը` AD
Այստեղ երեւ շատ դժվար է ուշադրությունը պահել միայն թենիսի գնդակի վրա: Չէ՞ որ մի կողմում բարձր լեռներ են, իսկ մյուսում՝ գեղեցիկ Միջերկրականը: Ամեն դեպքում, իտալական այս չքնաղ վայրում թենիս խաղում են ոչ միայն տեղացի մեծահարուստները, այլ նաեւ արտասահմանցիները:
Mexican Open Floating Court (Ակապուլկոյի Սանտա Լուսիա ափ, Մեքսիկա)

Լուսանկարը` AFP
Թենիս խաղալը կորտի վրա բավական բարդ է: Այսքանին գումարած պատկերացրեք, որ կորտը լողում է: Ահա այսպիսին է 2014-ին կառուցված այս լողացող կորտը, որն ընդունում է նաեւ ընկերական հանդիպումներ հայտնի թենիսիստների միջեւ:
Enchantment Resort (Սեդոնա, Արիզոնա)

Կենտրոնական Արիզոնայի այս կորտերը գեղեցիկ համադրության մեջ են՝ անապատային միջավայր ու կենդանություն: Կանաչ հատակով կորտերը եւ կարմրավուն ժայռերը շատ համահունչ են միմյանց հետ:
La Cavaliere Club (Փարիզ)

Լուսանկարը` AD
1924 թվականին կառուցված 7-հարկանի արտ դեկո շենքի վերջին հարկում է գտնվում աշխարհի ամենագեղեցիկ կորտերից մեկը: Այստեղ կարելի է ոչ միայն թենիս խաղալ, այլ նաեւ հիանալ Էյֆելյան աշտարակով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: