Դեկտեմբեր 23, 2024
exclusive
1067 դիտում

4 մեդալի շեմը կոտրելու ակնկալիքով. Նոր սպորտային քարտեզն ու Հայաստանը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Olympics

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Getty Images


Հերթական անգամ հայ մարզիկները մասնակցեցին Օլիմպիական խաղերին ու Փարիզից տուն վերադարձան 4 մեդալով: Տոկիոյի Օլիմպիական խաղերի համեմատ մեդալների քանակը չփոխվեց, բայց բրոնզներին փոխարինելու եկան արծաթները, որոնք այս անգամ 3-ն էին:

Օլիմպիական այս շրջապտույտին, որն ի տարբերություն նախորդների 3 տարի տեւեց, միայն 2 նոր մեդալակիր ունեցանք՝ Մալխաս Ամոյանն ու Վարազդատ Լալայանը: Արթուր Ալեքսանյանն ու Արթուր Դավթյանը շատ փորձառու են ու խաղերի են մասնակցում 2012 թվականից, նրանք Օլիմպիական շունչը զգացին 4-րդ անգամ:

Երբ խաղերի ավարտից արդեն բավականաչափ անցել է՝ մեդալակիրներին արդեն դիմավորել են իրենց երկրներում ու մեծարել, թիմերը սկսել են պատրաստվել նոր մարտահրավերների, հայ մարզիկների ելույթներն ամփոփելու ժամանակն է:

Mediamax Sport-ը հուլիսի 25-ից օգոստոսի 11-ն եղել է Փարիզում ու լուսաբանել նրանց ելույթները եւ կփորձի հնարավորինս օբյեկտիվ եզրահանգումներ անել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Սկսենք Հայաստանի հունահռոմեական ոճի ընտրանուց, որը 1-ական բրոնզե ու արծաթե մեդալներ նվաճեց Օլիմպիական խաղերում եւ շատ մոտ էր նաեւ 3-րդին:

Հունահռոմեական ոճի ընտրանուն հաջողվում է մեդալներով վերադառնալ արդեն 5-րդ Օլիմպիական խաղեր շարունակ, կայունությունը թիմը պահում է, սակայն մեդալների առյուծի բաժինը՝ 4-ը բաժին է հասնում Արթուր Ալեքսանյանին: Նա 2012 թվականի Լոնդոնի խաղերից սկսած չեմպիոն է հռչակվել, 2 անգամ արծաթե մեդալակիր դարձել ու 1 բրոնզ նվաճել:

16 տարիների ընթացքում միայն 5 այլ ըմբիշների է հաջողվել մեդալակիր դառնալ՝ 2008-ին Պեկինում Ռոման Ամոյանին ու Յուրի Պատրիկեեւին (բրոնզ), 2012-ին՝ Արսեն Ջուլֆալակյան (արծաթ), 2016-ին՝ Ռիոյում Միհրան Հարությունյանին (արծաթ) ու Փարիզում Մալխաս Ամոյանին (բրոնզ): Նրանից երկուսը՝ Պատրիկեւն ու Հարությունյանը ռուսական ըմբշամարտի դպրոցի սաներ են:

Լուսանկարը` Մեդիամաքս


Խնդիրը խորքային է ու շատ հրատապ, մեդալներն ու հաղթանակները տեսնելով, բաց ենք թողնում ամենակարեւորը՝ մրցակցության ու սերնդափոխության հարցը: Արթուր Ալեքսանյանը բացառիկ տաղանդով օժտված ու չափազանց աշխատասեր մարզիկ է, բայց չպետք է նաեւ մոռանալ, որ Աշխարհի քառակի եւ Եվրոպայի 7-ակի չեմպիոնն աշնանը 33 տարեկան կդառնա ու հայտնի չէ, թե դեռ որքան կցանկանա շարունակել ելույթ ունենալ:

Բացառություններ, իհարկե, կան, 41-ամյա Միխաին Լոպեսը Փարիզում 5-րդ անգամ Օլիմպիական չեմպիոն հռչակվեց, մեզ համար էլ Ալեքսանյանի անցած ուղին է բացառիկ, բայց արդեն այսօրվանից պարտավոր ենք մտածել մյուս Օլիմպիական ցիկլի ու նոր կադրերի մասին: Սա այն մարզաձեւն է, որն ինչպես Հայաստանում են սիրում անվանել հենակետային է ու սպասումները առավել քան շատ են, բայց նաեւ մտահոգիչ վիճակագրություն ունենք՝ ամեն տարի Հայաստանի առաջնության ըմբիշների թիվը նվազում է, նույնիսկ որոշ քաշային կարգերում քիչ մասնակիցների քանակով պայմանավորված՝ պայքարը շրջանաձեւ սկզբունքով է անցկացվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Փարիզում հունահռոմեականներն իրենց առաջադրանքը հնարավորինս լավ կատարեցին: Նախ Մալխաս Ամոյանը կարողացավ բրոնզե մեդալակիր դառնալ: Նա բավական խոստումնալից ու հեռանկարային ըմբիշ է եւ իր մեկնարկը խաղերում հաջող նշանավորեց: Ինքն էլ խոստովանեց, որ ոսկու համար էր ժամանել Փարիզ, բայց այդ պահին բրոնզի էր արժանի:

Նրանից քիչ անց Օլիմպիական խաղերում արծաթ նվաճեց Արթուր Ալեքսանյանը, որը համաձայն չէ իրանցի Մուհամադհադի Սարավիի դեմ եզրափակչում մրցավարի որոշումից ու ցանկանում է վերադարձնել իր ոսկե մեդալը.

«Փարիզ ոսկե մեդալի համար էի եկել, բայց եզրափակչում իրանցի ըմբիշը երկու ոտքով գոտեմարտելու տարածքից դուրս էր եկել, ինչը նկատեցի ու մեր մարզիչներին ասացի, որ բողոքարկեն։ Այդ դեպքում ինձ պետք է մեկ միավոր տային, փոխարենը պարսիկին երկուսը ստացավ, մեկն էլ ավելացրին բողոքարկելու արդյունքում։ Հաշիվը պետք է 2:1 լիներ հօգուտ ինձ»:

Հայկական կողմը բողոքարկել է ու պատրաստվում է վճռական լինել՝ հասնելով մինչեւ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան: 2016-ին էլ բավական բուռն քննարկումներ ու դժգոհություններ եղան Միհրան Հարությունյանի արծաթե հետ կապված, սակայն ՄՕԿ-ի որոշումն այդպես էլ չփոխվեց: Գուցե, այս անգամ հաջողվի ավելի սկզբունքային ու չհանձնվող լինի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Փարիզում հունահռոմեականների 3-րդ մեդալը կարող էր նվաճել Սլավիկ Գալստյանը, նա կիսաեզրափակչում էր ու շատ քիչ էր մնում, որ ապահովի իր հաջողությունը: Սակայն թույլ տված սխալն իր դերակատարումն ունեցավ, իսկ 3-րդ տեղի համար գոտեմարտում չպայքարեց ու բրոնզը ձեռքից բաց թողեց:

Ազատ ոճի ըմբշամարտ

Ազատ ոճի հավաքականին չհաջողվեց Օլիմպիական խաղերում նույնիսկ մոտ լինել մեդալային պայքարին: Եթե Տոկիոյում Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը զիջեցին հենց մեկնարկային գոտեմարտերում, այս անգամ նրանք մեկական հաղթանակ գրանցեցին: Ազատ ոճում Հայաստանի վերջին նվաճած մեդալը 1996-ին Ատլանտայում Արմեն Մկրտչյանի արծաթն է:

Սերնդափոխության ու նոր կադրեր պատրաստելու խնդիրը առկա է նաեւ ազատ ոճում, քանի որ Օլիմպիական մեկ ցիկլի ընթացքում ուրիշ ըմբիշներ այդպես էլ չկարողացան ուղեգրեր նվաճել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Օլիմպիական խաղերը ցույց տվեցին, որ Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճելը ու գերակայող երկիր լինելը, դեռ փայլուն արդյունքներ ապահովելու գրավական չէ, խոսքը միայն ըմբշամարտի մասին չէ, նույն պատկերն էր նաեւ ծանրամարտում: Խաղերին մասնակցած 57 երկրի 122 ծանրորդներից միայն 9 եվրոպացիների հաջողվեց մեդալակիր կամ չեմպիոն դառնալ: Նրանից մեկն էլ Վարազդատ Լալայանն է, որին դեռ կանդրադառնանք:  

Վերադառնանք ազատ ոճին՝ վերջին 3 տարիների Եվրոպայի հաղթող ու աշխարհամասի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը 2 խաղեր շարունակ չի կարողանում խառնվել մեդալային պայքարին:

Փարիզյան գորգում եւս մեկ անգամ երեւաց, թե ինչպես է ասիական ու ամերիկյան մի շարք երկրների հաջողվել գերակայող դառնալ ըմբշամարտում: Դրա վկայություններից մեկն էլ այն էր, որ ըմբշամարտային երկրներ համարվող Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան անգամ մեկ ոսկե մեդալ նվաճել չկարողացան: Ինչը խոսում է աշխարհում տիրող որոշակի տենդենցների ու ըմբշամարտում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

Բացարձակ գերակայող է դարձել Ճապոնիան, որի 3 հավաքականներին՝ հունահռոմեական, ազատ ու կանանց, հաջողվեց նվաճել 11 ոսկե մեդալ, որոնցից 8-ը՝ ոսկե: Ճապոնացիները շատ թարմ ու ակտիվ տեսք ունեին ու նվաճած մեդալները նրանց կատարած ահռելի աշխատանքի արդյունքն են: Տոկիոյում էլ նրանք են առաջատար եղել, սակայն ավելացրել են թե ոսկիների ու թե ընդհանուր մեդալների թիվը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Փարիզի մեդալային հաշվարկում 2-րդը 8 մեդալով (2 ոսկե, 4 արծաթե ու 2 բրոնզե) Իրանն է, եռյակը եզրափակում է ԱՄՆ-ն 7-ով (2 ոսկե, 2 արծաթե ու 3 բրոնզե), իսկ ահա Բուլղարիան 4-րդն է, մենք 12-րդն ենք ու նախորդ խաղերի համեմատ 3 տեղով բարելավել ենք մեր դիրքը:

Խաղերում ակնհայտ կերպով երեւաց, թե ֆիզիկական պատրաստվածությունը որքան կարեւոր է ու թե այդ առումով ինչքան բացեր ունենք, մանավանդ՝ ազատ ոճում: Մեր մարզիկները չէին կարողանում կարգավորել շնչառությունն ու մրցակիցներից շուտ էին սկսում հոգնել: Եվրոպական ըմբշամարտն ավելացնելու շատ տեղ ունի, հայկականն էլ՝ այդ թվում, եթե ցանկանում է մրցունակ լինել Աշխարհի առաջնություններում ու հաջորդ Օլիմպիական խաղերում:

Մարմնամարզություն

Մարզաձեւի վատ պայմանների մասին գրելով այլեւս ոչ մեկի չես զարմացնի: Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի վիճակի ու այնտեղի խնդիրների մասին տարիներ շարունակ են հայկական ԶԼՄ-ը բարձրաձայնում, թեեւ դրանք կտրուկ չեն փոխվում, բայց նաեւ խոչընդոտ չեն համարվում սպորտային նվաճումների ճանապարհին: Կարեւոր ուսումնամարզական հավաքները մեր ընտրանին հիմնականում Թբիլիսիում է անցկացնում:

Լուսանկարը` Reuters


Փարիզում Արթուր Դավթյանին նորից հաջողվեց մարմնամարզության պես բարդ ու էլիտար սպորտաձեւում ոչ միայն մեդալ նվաճել, այլ նաեւ մեկ քայլ առաջ կատարել: Թեեւ շատերը Դավթյանին ոսկու հավակնորդների ցանկում էին նշում, սակայն վերջին շրջանում նրան վնասվածքները շատ էին անհանգստացնում ու Օլիմպիական խաղերում իր առավելագույնն արեց: Ֆիլիպինցի Կառլոս Յուլոն դուրս էր մրցակցությունից, Դավթյանն էլ ելույթից հետո խոստովանեց այդ մասին, բայց նա էլ բավական լավ տեսք ուներ ու Տոկիոյի բրոնզն արծաթով փոխարինեց:

Այս խաղերում Հայաստանը մարմնամարզությունում 2-րդ մասնակիցն էլ ուներ: 36-ամյա Վահագն Դավթյանը կայուն հանդես եկավ՝ նախ անցավ օղակների վարժության եզրափակիչ, ապա 6-րդ տեղը գրավեց:

Հայաստանը մարմնամարզության թիմային աղյուսակում մեկ մեդալով 9-րդ տեղում է: Առաջատարը 3 ոսկե, 1 արծաթե ու 5 բրոնզե մեդալով ԱՄՆ-ն է, որը հատկապես ուժեղ է կանանց պայքարում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրամարտ

Ինչպես եւ Տոկիոյում, Փարիզում էլ ծանրամարտի հավաքականը 1 արծաթե մեդալ նվաճեց: 3 տարի առաջ պատվոհարթակի 2-րդ աստիճանին էր կանգնել Սիմոն Մարտիրոսյանը, այս անգամ՝ Վարազդատ Լալայանը: 33-րդ խաղերում Հայաստանը 3 ծանրորդով էր ներկայացված, նախորդ երկուսի փոխարեն, այն ժամանակ կանանց մրցաշարում հանդես էր եկել Իզաբելա Յայլյանը:

Լաշա Տալախաձեի հետ պայքարում Վարազդատ Lալայանն առաջին անգամ ոսկուն չափազանց մոտ էր ու միայն ինքը կարող էր որոշել այդ դիմակայության ելքը: Եթե բարձրացներ հրման 256 կգ-ը, օլիմպիական պատվոհարթակը այլ տեսք կարող էր ունենալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մանավանդ, որ Տալախաձեի մոտեցումներից մեկը մրցավարները չհաշվեցին ու միայն նրա թիմի բողոքարկումից հետո վերանայեցին այն, իսկ հրման 2-րդ մոտեցումը վրացին անհավանական ջանքերով ու մեծ դժվարությամբ կատարեց: Անգամ պատվոհարթակին մոտենալուց առաջ էր զգացվում, թե որքան դժվար է նրա համար նույնիսկ կանգնելը, ու եթե Լալայանը բարձրացներ, իր 3-րդ փորձից չէր հրաժարվի:

Թեեւ պաշտոնապես իր կարիերայի ավարտի մասին Տալախաձեն Փարիզում չհայտնեց, սակայն պարզ է, որ այդ օրը սարերի հետեւում չէ: Հայ լրագրողների հետ զրույցում ծանրորդն այսպես ասաց. «Շատ ուրախ եմ, որ Լալայանն ինձ այդքան բարձր է գնահատում ու նրան հաջողություն եմ ցանկանում։ Թող հաջորդ Օլիմպիական խաղերում, երբ ես կարիերաս ավարտած կլինեմ, ոսկե մեդալ նվաճի»։

Փետրվարին Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Լալայանը չեմպիոն էր հռչակվել երկամարտի 455 կգ-ով, 6 ամիսների ընթացքում նա իր արդյունքը բարելավել է 12 կգ-ով:

Լուսանկարը` Getty Images


Մեդալին մոտ էր նաեւ Գարիկ Կարապետյանը, բայց նրան 3 կգ չբավականացրեց 3-րդ լինելու համար: Եվրոպայում նա 394 կգ-ով բրոնզե մեդալակիր դարձավ, իսկ ահա Փարիզում 398-ով 4-րդն էր: Ելույթից անմիջապես հետո խոստովանեց, որ սկսում է պատրաստվել Լոս Անջելեսի խաղերին, որպեսզի այնտեղից մեդալով վերադառնա:

Հավաքականի 3-րդ մասնակիցն Անդրանիկ Կարապետյանն էր, որը Ռիոյում ստացած ծանր վնասվածքից հետո իր 2-րդ խաղերին մասնակցեց: Նրա համար չափազանց բարդ կլիներ խառնվել մեդալային պայքարին, քանի որ այդ քաշային կարգում շատ ուժեղ մրցակիցներ ունի, միայն 20-ամյա Կառլոս Նասարն արդեն իսկ բավական է: Սակայն Կարապետյանն արեց առավելագույնն ու 7-րդն էր:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բռնցքամարտ

Բռնցքամարտում նախորդ խաղերի համեմատ նկատելի հետընթաց էր գրանցվել: Ռիոյի խաղերի 5 ու Տոկիոյի 3 մասնակիցների կողքին այս անգամ միայն մեկ ներկայացուցիչ ունեցանք: Չմոռանանք նաեւ, որ 2020-ի խաղերում Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալակիր դարձավ:

Դավիթ Չալոյանն Օլիմպիական ուղեգիր նվաճեց միայն վերջին վարկանշային մրցաշարում ու Փարիզում մեկ հաղթանակ գրանցեց:

Ըմբշամարտում առկա խնդիրը գործում է նաեւ բռնցքամարտում՝ Եվրոպան նորից սկսել է շատ զիջել: Մարզաձեւում գերակայում են Ասիայի, Ամերիկայի ու Աֆրիկայի երկրները: Ուզբեկստանին հաջողվեց 5 ոսկե մեդալ նվաճել, Չինաստանին՝ 3: Մեծ Բրիտանիան, որն ավանդաբար ուժեղ է համարվում բռնցքամարտում ու Տոկիոյում 6 մեդալով 2-րդն էր եղել, Փարիզում ընդամենը 1 բրոնզով 20-րդն էր:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզաձեւերը փոխվում ու զարգանում են շատ արագ, ու ամեն Օլիմպիական խաղեր ցույց են տալիս, թե աշխարհի սպորտային քարտեզի վրա ինչ վերաբաշխումներ ու տեղաշարժեր են տեղի ունեցել, հետ չմնալու համար բոլոր երկրներն էլ պարտավոր են սեփական հետեւություններն անել ու այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել:

Հրաձգություն

Էլմիրա Կարապետյանի համար Փարիզում 2-րդ խաղերն էին ու նա նորից չկարողացավ դուրս գալ եզրափակիչ: Նա բոլորից շուտ էր ուղեգիրը նվաճել՝ 2022-ի հոկտեմբերին ու բավականաչափ ժամանակ ուներ պատրաստվելու համար:

Այդ ընթացքում Կարապետյանին հաջողվել էր մի քանի նվաճումների հասնել ու հաջող ելույթներ ապահովել, սակայն որակավորման փուլն իրեն ենթարկել այդպես էլ չստացվեց: Նա 10 մ ատրճանակ ձեւում 9-րդ տեղը զբաղեցրեց ու ընդամենը 1 միավորի պատճառով եզրափակիչ չանցավ:

Լուսանկարը` Olympics


Լող ու ատլետիկա

Այս երկու մարզաձեւերում Հայաստանն Օլիմպիական խաղերում նորից ներկայացված էր: Բոլոր մասնակիցներին էլ հատուկ թույլտվություն էր տրվել, քանի որ ուղեգրեր միշտ չէ, որ կարող ենք նվաճել:


Լողում հանդես եկան Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը, երկուսն էլ նորամուտը նշել են Տոկիոյում, իսկ ահա 1-ին խաղերում ուժերը չափեց ատլետ Երվանդ Մկրտչյանը: Նա ու Մանուչարյանը կարողացան Հայաստանի ռեկորդներ սահմանել, իսկ Բարսեղյանը հայտնեց որոշակի ժամանակով կարիերան դադարեցնելու մասին:

Բայց կա մեկ հանգամանք, որի վրա առավել շատ կուզեի ուշադրություն դարձնել՝ ամեն անգամ այդ մարզաձեւերի ներկայացուցիչների ելույթներից հետո սոցկայքերում արվող անհարկի եւ ոչ տեղին մեկնաբանություններին ու հեգնական գրառումներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պետք է գիտակցել, որ ոչ բոլոր մարզիկներն են Օլիմպիական խաղերում պայքարում մեդալների համար ու դա շատ նորմալ է: Անգամ խաղերին ամենամեծ թիմով ներկայացած ԱՄՆ-ն 592 մարզիկ ուներ ու միայն 126-ը մեդալ նվաճեց, նման վիճակագրություն կա նաեւ Չինաստանի, Ֆրանսիայի ու մյուս երկրների դեպքում, որոնք նույնպես մեծաքանակ էին: Բացի այդ էլ մի մոռացեք Օլիմպիական խաղերում ելույթ ունեցած 10714 մարզիկների համար խաղարկվել է մեդալների 390 հավաքածու:

Առանց մարզաձեւի նրբություններին ու Հայաստանում դրանց զարգացման պայմաններին ծանոթ լինելու մի շտապեք եզրահանգումներ անելու ու ձեր ոչ մասնագիտական գնահատականները տալու: Խաղերում Հայաստանը ներկայացրած բոլոր 15 մարզիկներն էլ մերն են՝ իրենց նվաճած մեդալներով ու չզբաղեցրած տեղերով հանդերձ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանը թիմային պայքարում 66-րդն է, որքանով է դա լավ կամ վատ արդյունք, նման է բաժակը կիսով չափ լիքն է, թե դատարկ սկզբունքին: Սպորտը երկրի դեմքն ու հզորության ցուցիչն է, այս անգամ մենք ունակ եղանք 15 մարզիկներով ներկայանալ ու 4 մեդալ նվաճել: Չպետք է նաեւ մոռանալ, թե որքան  ծանր 4 տարի ունեցանք ու ինչպիսի դժվարությունների միջով անցանք, մարզիկներն էլ այդ ամենն իրեն մաշկի վրա զգացին: Բայց հենց նրանց շնորհիվ ենք այս տարիների ընթացքում ունեցել հաղթական ապրումներ ու վերականգնել չհանձնվելու ոգին:

Լուսանկարը` Getty Images


Հիմա շարունակում ենք առաջ նայել ու տեսնել 2028-ին Լոս Անջելեսի խաղերը: Էլ ավելի շատ աշխատանք պիտի տանենք՝ ավելացնենք սպորտային ենթակառուցվածքները, բարձրացնենք առաջնությունների որակը, զարգացնենք մասսայական սպորտը, նպաստենք մարզաձեւերի հնարավորինս համաչափ զարգացմանը, ավելացնենք ֆինանսավորումը, ժամանակին համահունչ լինենք ու նաեւ նոր սպորտաձեւերը յուրացնենք, որոնք համալրում են Օլիմպիական ընտանիքը:

Հաջորդ խաղերում պարտավոր ենք մեծ թիմով ներկայանալու ու վերջապես 4 մեդալի շեմը կոտրելու, որը մեզ չի ենթարկվում 3 խաղեր շարունակ:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Գոհար Նալբանդյանի, Reuters-ի եւ Getty Images-ի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին