Դեկտեմբեր 06, 2024
exclusive
3240 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական. Վարսենիկ Մանուչարյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Mediamax Sport-ն իր «Փարիզ-2024» շարքը սկսում է լողորդ Վարսենիկ Մանուչարյանով, որի հետ հանդիպել ենք Հաղթանակի զբոսայգում ու այցելել նաեւ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան:

Ծննդյան թիվ. 11.07.2003 թ. Երեւան:
                         
Մարզաձեւ. Լող (100 մ բաթերֆլայ, լավագույն արդյունքը՝ 1.01.48)

Անձնական մարզիչը. Կարեն Բարսեղյան:

Հոբբին. Վիդեոխաղեր է սիրում:

Ընտանեկան կարգավիճակը. Ամուսնացած չէ:

Կրթությունը. Սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 3-րդ կուրսում:

Լողի յուրահատկությունը. Լողն այնքան էլ հեշտ մարզաձեւ չէ, բացի այդ էլ մարդիկ խեղդվելու հետ կապված տարատեսակ վախեր ունեն: Մինչդեռ ես ջրում ինձ լիակատար ազատ եմ զգում, 7 տարեկանից լողավազանում եմ ու վայելում եմ ջրի հետ ամեն հանդիպումս: Լողն ինձ շատ բան է տվել, նախ ձգտելու ունակություն եւ համբերություն, առանց այդ որակների դժվար է երկար մրցատարածություններ անցնել՝ չես կարող 400 մետրի դեպքում միայն 350-ը լողալ ու կանգ առնել: Սովորել եմ նաեւ դիմացկուն եւ չհանձնվող լինել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մտքերը՝ լողալիս. Կարճ ձեւերում ընդհանրապես չես էլ հասցնում որեւէ բանի մասին մտածել՝ մեկնարկն է, հայտնվում ես ջրում ու մի քանի վայրկյանից ավարտում ելույթդ: Երկար մրցատարածությունների ժամանակ սկսում եմ մտքումս երգել: Ամենասիրածս երգը Բիլի Այլիշի «Everything I wanted»-ն է, մի քիչ էլ ջրի հետ է կապված:

Կարիերայի ամենատպավորիչ ձեռքբերումը. Երկրորդ Օլիմպիական խաղերին եմ մասնակցում, ինչը շատ տպավորիչ է: Նաեւ կնշեմ 2023-ի Համաշխարհային ուսանողական խաղերը, որոնցում 1-ին ու 3-րդ տեղերը գրավեցի: Անկեղծ կլինեմ՝ չէի էլ մտածում, որ ինձ կհաջողվի մեդալակիր դառնալ, առհասարակ որեւէ մեկն ինձնից նման արդյունք չէր ակնկալում: Երբ բրոնզե մեդալակիր դարձա, ախորժակս բացվեց ու կարողացա նաեւ պատվոհարթակի առաջին աստիճանին կանգնել:

Ամենածանր պարտությունը. Շատ ցավալի էր, որ 2018 թվականին Բուենոս Այրեսում կայացած պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել չկարողացա: Չգիտեմ էլ, թե ինչն ինձ խանգարեց, 15 տարեկան էի ու գուցե մրցաշարի լրջությունն այդքան էլ չէի գիտակցում: 4 տարի անց էլ պատանի չէի ու խաղերին մասնակցել չէի կարող, բայց փոխարենը 2020-ին ելույթ ունեցա Տոկիոյում: Փարիզի խաղեր մեկնելու համար շատ-շատ եմ տանջվել, առաջին անգամն է, որ իմ արդյունքից գոհ եմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դժվարությունները. Նախ ինձ համար լուրջ հարված էր, որ Ավստրալիայում կայացած 25 մ լողի Աշխարհի առաջնությանը չմասնակցեցի, դրանից առաջ էլ Իտալիայում Եվրոպայի առաջնությունում էի զիջել: Ապա հասկացա, որ պետք է խելքս գլուխս հավաքեմ ու սեփական սխալներս գտնեմ: Քնելուց առաջ երկար մտածում էի ու տրամադրվում, որ Օլիմպիական խաղերին լուրջ մոտենամ: Մարզչի հետ երկար քննարկեցինք, գտանք բացթողումներս ու մեծ աշխատանք տարանք: Պարզվեց՝ շուտ էի ձանձրանում, մարզումներից ու լողից հոգնում, ներսումս ինչ-որ բան էր կոտրվել: Հասկացա, որ դեռ շատ նպատակներ ունեմ եւ առանց դրանք իրականություն դարձնելու չեմ ուզում հանձնվել: Մոտիվացիան նախ եւ առաջ իմ մեջ գտա, ոչ թե ուրիշների, ու հենց չարածներս առաջ գնալու մեծ խթան հանդիսացան:

Ելույթից առաջ արարողակարգ. Մինչեւ լողավազան հասնելը 2 սենյակով ենք անցնում․ առաջինում հանգստանում, մկաններս թուլացնում եւ մտքումս երգում եմ. «Նանանանա, լալալա», որ չհասցնեմ որեւէ այլ բանի մասին մտածել: Երկրորդում մեկնարկին 1-2 րոպե է մնում ու ինքս ինձ տրամադրում եմ. «Վերջ, հասել ես այստեղ ու այդքան մարզվելուդ արդյունքը պետք է ցույց տաս: Ոչ մի լարվածություն, մոռանում ես ամեն ինչի մասին, մեկնարկում ես ու չես անհանգստանում»:

Լուսանկարը` Մեդիամաքս


1-ին Օլիմպիական խաղերը. Առաջինի ժամանակ չէի պատկերացնում, թե Տոկիոյում ինչ մթնոլորտ է լինելու, ինձ խաղերի մասին չէին պատմել, շատ տեղեկություններ չունեի ու ոչինչ չէի հասկանում: Երբ ժամանեցի մրցավայր, առաջինն ինձ զարմացրեց ժամանակացույցը՝ մեկնարկները երեկոյան էին, իսկ կիսաեզրափակիչներն ու եզրափակիչները՝ առավոտյան, մինչդեռ հակառակը պետք է լիներ:

Դրոշակակիրը. Անկեղծ ասած՝ մի քիչ նեղված եմ, Հովհաննես Բաչկովի հետ երկուսով էինք Հայաստանի դրոշակակիրները, բայց նա միայնակ տարավ դրոշը: Խնդրեցի ինձ էլ թույլ տալ այն բռնել, բայց պատճառաբանեց, որ ծանր է: Մինչեւ հիմա տխրությամբ եմ հիշում այդ մասին: Բացմանը մեր հավաքականի հետ անցնելիս հպարտություն էի զգում, միայն տխուր էր, որ քովիդի պատճառով տրիբունաներում հանդիսատես չկար:

2-րդ խաղերը. Հիմա ավելի ինքնավստահ եմ ու փորձառու, գիտեմ, թե Փարիզում ինչ է կատարվելու: Մեծ լարվածություն չեմ ունենա, ինչը Տոկիոյում ինձ շատ խանգարեց: Բացի այդ էլ չէի հասցրել բավականաչափ մարզվել, հիմա ամեն ինչ այլ է: Ասեմ ավելին՝ այս անգամ իմ ուզած մրցատարածությունում ու լողաձեւում եմ ելույթ ունենալու, որում ինձ ավելի վստահ եմ զգում:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Վարսենիկ, որո՞նք են քո ուժեղ եւ թույլ կողմերը:

- Չեմ հանձնվում, նույնիսկ, եթե ամեն ինչ վատ է ու կոտրված եմ, երբեք ցույց չեմ տալիս: Իսկ թույլն այն է, որ էմոցիոնալ եմ եւ շատ շուտ եմ հուզվում, բայց դա էլ իր լավ կողմն ունի՝ կարողանում եմ հետեւություններ անել:

- Ո՞րն է եղել վերջերս ունեցած ամենամեծ ուրախությունդ:

- Ամեն առավոտ մոտիվացված եմ արթնանում, իրականում միշտ եմ ուրախ լինում, քանի որ բնավորությունս է այդպիսին ու կյանքին թեթեւ եմ նայում: Նույնիսկ այն իրավիճակներում, որ պետք է արտասվել, չեմ ընկճվում, երբեմն զարանում եմ, թե ինչպես եմ իմ կյանքում որոշ դժվարություններ այդքան հեշտ հաղթահարել:

- Ո՞րն է ամենամեծ վախդ:

- Որ չեմ հասցնի նպատակներս իրականացնել:

- Ի՞նչն ես ամենաշատը գնահատում մարդկանց մեջ:

- Չեմ ասի ազնվությունը, հիմա քիչ են հանդիպում իսկապես ազնիվ մարդիկ: Շատ եմ գնահատում, երբ մարդիկ գիտակցում են իրենց սխալը եւ հասկանում ուրիշներին: Հետեւաբար, հասկանալու կարողությունը կնշեմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչ է երջանկությունը քեզ համար:

- Երբ ուրախ եմ, ինչը նշանակում է, որ միշտ եմ երջանիկ:  

- Ի՞նչն է քեզ վստահ դարձնում:

- Միշտ վստահ եմ իմ ուժերին եւ գիտեմ, եթե որեւէ բան ցանկանամ անել՝ կկարողանամ:

- Մեր քաղաքում ամենասիրելի ու հարազատ վայրերը:

- Մեր բակը, որովհետեւ մանկությունս այնտեղ է անցել, միշտ պարապմունքի գնալիս կամ վերադառնալիս հիշում եմ, թե ընկերներով ինչպես էինք խաղում: Երբ հանդիպում եմ մանկությանս ընկերներին, վերհիշում ենք միասին ունեցած լավ պահերը:

- Մեր Օլիմպիական շարքի համար հանդիպել ենք Հաղթանակի զբոսայգում, ինչո՞վ է այն առանձնանում քեզ համար:

- Առհասարակ շատ եմ սիրում մարդկանցով շրջապատված լինել, իսկ այգում միշտ են մարդիկ լինում: Սիրում եմ շփվել, ամեն մեկից նոր էմոցիա ստանալ եւ լիցքավորվել: Ուրախանում եմ, երբ ինձ ժպտում են, իսկ եթե հանկարծ նաեւ ճանաչում են, երջանկանում եմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ինքդ քեզ 3 բառով ինչպե՞ս բնորոշես:

- Խելառ, ուրախ, կատակասեր:

- Ո՞րն է ամենակարեւոր ձեքբերումը կյանքում:

- Ամեն ինչ դեռ առջեւում է:

- Ամենաշատն ինչի՞ համար ես շնորհակալ:

- Որ համարյա ամեն ինչ, չէ, իսկապես, ամեն ինչ ունեմ, մնացածն արդեն ինքս պետք է անեմ ու տեսնեմ, թե ինչ ունեմ:

- Քո կյանքի կարեւոր մարդիկ:

- Մորաքույրներս, տատիկս ու սիրելիս:

- Քեզ բնորոշ ամենադիպուկ արտահայտությունը:

- Հաճախ եմ օգտագործում «Ես շոկի մեջ եմ» արտահայտությունը, թեեւ քիչ բան կա, որ ինձ շոկի կենթարկի, իսկ ինձ սովորաբար հարցնում են. «Ո՞նց ես կարողանում կյանքին այսքան թեթեւ նայել»:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Վարսենիկ, ի՞նչ է պետք Օլիմպիական խաղեր մեկնելու համար:

- Համառություն, պայքար, ամենակարեւորը՝ համբերություն, որովհետեւ դժվար է 4 տարի պարապել ու սպասել, քանի որ երբեք չգիտես կկարողանաս մասնակցել խաղերին, թե ոչ:

- Ո՞րն է քեզ համար եղել ամենայուրահատուկ ՕԽ-ն:

- 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերը, որովհետեւ առաջին անգամ էի հեռուստացույցով հետեւում: Արդեն զբաղվում էի լողով ու մտքովս անցավ. «Տեսնես կգա՞ մի օր, որ ես էլ մասնակցեմ Օլիմպիական խաղերի»: Այդ խաղերը շատ են տպավորվել, առաջինն Արթուր Ալեքսանյանին եմ տեսել ու նույնիսկ պատկերացնել չէի կարող, որ դրանից 9 տարի անց միասին մեկ Օլիմպիական թիմում կլինենք: Կուռքիս հետ Փարիզում ելույթն ունենալը մեծ ոգեւորություն է ինձ համար:

- Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու ֆրանսիացիները:

- Ինձ թվում է՝ չունեն:

- 3 բան, որոնք հատուկ են Փարիզին:

- Էյֆելյան աշտարակը, կրուասաններն ու երեւի կապուչինոն:

- Ֆրանսիական սիրելի ուտելիք ունե՞ս:

- Լսել եմ՝ հացաբուլկեղենն է շատ համեղ, անպայման կփորձեմ: Հենց հասնեմ Փարիզ, պիտի Էյֆելյան աշտարակի տակ կրուասան ուտելով վիդեո նկարեմ ու ընկերներիս ուղարկեմ, այդպես ենք պայմանավորվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Սիրելի ֆրանսիական երգ:

- Շառլ Ազնավուրի «She»-ն:  

- Քո սիրելի Օլիմպիական մեդալակիր կամ չեմպիոն հայ մարզիկները:

- Բնականաբար, Արթուր Ալեքսանյանն է, իսկ մեդալակիրը՝ Սիմոն Մարտիրոսյանը: Դժվար է Օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո էլի մասնակցել խաղերի ու 2-րդ տեղը գրավել: Մեծ ուժ եւ կամք է պետք ունենալ նորից մարզվելու ու ամեն ինչի միջով կրկին անցնելու համար: Մարդիկ պատկերացում էլ չունեն, թե Արթուրը ինչերի միջով է անցել ու թե որքան մեծ ձեռքբերում է արծաթե մեդալը մեր պես երկրի համար: Սիմոնի մարզաձեւը շատ բարդ է, ամեն մեկը չէ, որ կկարողանա դիմանալ դժվարություններին: Կարծում եմ՝ ծանրամարտը մյուս ձեւերից շատ ավելի բարդ է: Ինքս մարզասրահում 50 կգ-ով ձգումներ եմ անում ու գիտեմ, թե որքան տանջալից է, իսկ ծանրորդները դրանից մի քանի անգամ ավել քաշ են բարձրացնում:

- Իսկ համաշխարհային սպորտից:

- Չեմ ասի Մայքլ Ֆելփս, կառանձնացնեմ Քալեբ Դրեսելին, Մայքլ Էնդրյուին, Կլիմենտ Կոլեսնիկովին եւ Վլադիմիր Մորոզովին:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Իսկ գիտե՞ս, թե որերորդ անգամ է Ֆրանսիան ընդունելու Օլիմպիական խաղեր:

- Երրո՞րդ (Փարիզն Օլիմպիական խաղեր է կազմակերպել 1900 եւ 1924 թթ., խմբ.):

- Եթե հնարավորություն ունենայիր, ո՞ր Օլիմպիական խաղերին կմասնակցեիր:

- Անտիկ խաղերին, երբ կանանց դեռ թույլ չէին տալիս ելույթ ունենալ: Հիշեցի այն պատմությունը, երբ կանանցից մեկն ամեն դեպքում հանդես է եկել ու հաղթող դարձել: Կուզեի մասնակիցներից մեկը լինել ու տեսնել, թե ինչ տեղի կունենար:

- Քո որակներից որո՞նք կուզեիր էլ ավելի ուժեղացնել:

- Ինձ թվում է՝ բոլոր որակներն էլ պետք է հավասարաչափ լավացնել:  

- Ինչի՞ց է կազմված հաղթանակը:

- Պարտություններից:

-Իսկ պարտություններն ի՞նչ դասեր են տալիս:

- Որ տեսնես ու գիտակցես սխալներդ: Պարտություններն առավել հաճախ հոգեբանական են լինում: Պատահել է, որ ֆիզիկապես շատ լավ վիճակում եմ եղել, բայց լարվածության պատճառով չեմ կարողացել ցույց տալ լավագույն արդյունքս: Հիմա արդեն կարողանում եմ լարվածությունը տրանսֆորմացիայի ենթարկել ու դա ինձ ավելի ուժեղ է դարձնում:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ինչպիսի՞ն է մեր Օլիմպիական հավաքականն ու ինչի՞ կարող է հասնել:

- Հուսամ բոլորը լավ կմասնակցեն ու հաղթանակներ կունենան: Ամեն մեկն էլ ուժեղ է, ուղղակի պետք է մեկնարկներից առաջ ավելի լավ տրամադրվել: Բոլորին մեդալներ եմ մաղթում, լողում, իհարկե, դժվար կլինի մրցանակային տեղ զբաղեցնել: Ձգտում եմ կիսաեզրափակիչ անցնել ու 16-րդ տեղը զբաղեցնել, շատ դժվար կլինի, բայց պետք է փորձել:  

 

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր է

Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող ու բրոնզե մեդալակիր է


Վարսենիկ Մանուչարյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին