Փետրվարի 27-ից մարտի 5-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է հրաձգության Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում խոսել է կազմակերպչական աշխատանքների եւ հրաձգության խնդիրների մասին:
«ԵԱ-ի կազմակերպման հետ կապված դժվարություններն արդեն հաղթահարել ենք, հիմա ամեն ինչ լավ է ընթանում: Հավաքականը լավ մարզումներ է անցկացնում, ակնկալում ենք, որ մեդալներից անմասն չենք մնա: Դրա համար մարզիչներն ու մարզիկներն ամեն ինչ անում են:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հրաձգությունը մեր երկրում քիչ է լուսաբանվում: Եվրոպայի առաջնության անցկացնումը երկրի ղեկավարության համար առիթ կհանդիսանա, որ ավելի մեծ ուշադրություն սեւեռեն այս մարզաձեւի վրա: Անհրաժեշտ մարզագույքով հագեցած մարզադպրոց միայն Երեւանում ունենք, եւ այստեղ հիմնականում մարզվում են մոտակա տարածքներում բնակվողները: Պատկերացրեք, որ Երեւանում այսպիսի եւս 2 մարզադպրոց լիներ:
Գյումրիի մարզադպրոցը շատ անբարենպաստ վիճակում է գտնվում, բայց չնայած դրան՝ երիտասարդների Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ունենք: Երեւանյան առաջնությունում էլ գյումրեցիների հետ մեծ ակնկալիքներ ենք կապում:
Գյումրիում պլանավորել էին Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցում նաեւ հրաձգության մասնաճյուղ ունենալ, բայց շինարարության հետ կապված խնդիրներ առաջացան ու աշխատանքները հետաձգվեցին:
Ցավոք, Վանաձորի թիմը դեռ չի հասել այն աստիճանին, որ ԵԱ-ում մասնակիցներ ունենա: Ֆեդերացիան է մարզադպրոցին զենք ու զինամթերք տալիս, որ մարզվեն: Վանաձորի հետ կապված շատ բարդ իրավիճակ է: Գուցե այս առաջնությունը խթան դառնա, որ ղեկավար օղակներն ուշադրություն դարձնեն նրան:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հրաձգությունը Հայաստանում առաջատար համարվող մյուս մարզաձեւերից տարբերվում իր շատ մեծ ծախսատարությամբ, մեր զենքերը բավական թանկ են, բացի այդ էլ յուրաքանչյուր պարապմունքն ու կրակոցը գումար արժեն: Ամեն գնդակն ու թիրախը փող են:
Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը 12 տարի առաջ երազում էր, որ միջազգային ասպարեզում 5 հոգանոց թիմ ներկայացնի, իսկ այսօր մենք ԵԱ-ին կմասնակցենք 26 մարզիկով:
Եթե չեմ սխալվում, առաջնության կազմակերպման համար կառավարությունը հատկացրել է 420 մլն դրամ: Ինձ թվում է, որ ԵԱ-ի անցկացնումը բարենպաստ պայմաններ կստեղծի մեր մարզադպրոցներն ունենալու, մարզիկներին ներգրավելու եւ մասսայականությունն ապահովելու համար: Բացի այդ էլ եվրոպական հրաձգային ընտանիքում մեր ուրույն տեղը կունենանք»:




















