Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ հայ գեղասահորդները սահմանված ժամկետում Մեծ Բրիտանիա մուտքի վիզաներ չեն ստացել ու բաց կթողնեն Շեֆիլդում անցկացված Եվրոպայի առաջնությունը:
ԵԱ-ին հայտավորված էին Սիմոն Դանիլյանցը եւ սպորտային զույգ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հանդես է եկել իրավիճակի հետ կապված պարզաբանմամբ: Դեսպան Ալեքսանդրա Քոուլի ուղերձում նշված է.
«Ափսոսանքով տեղեկացա, որ հայ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել Շեֆիլդի Եվրոպայի առաջնությանը։ Պատկերացնում եմ՝ որքան հիասթափեցնող էր դա մարզիկների համար։ Այս իրավիճակի մասին առաջին անգամ տեղեկացա սոցիալական մեդիայից՝ բացառապես նրանից հետո, երբ մարզիկներն արդեն ստիպված էին եղել չեղարկել իրենց ճամփորդությունը։
Դրանից հետո մենք անմիջական կապի մեջ ենք եղել Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի եւ Միացյալ Թագավորության վիզաների ու ներգաղթի ծառայության հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել։ Ինձ ասացին, որ վիզաներն արդեն տրամադրվել են, սակայն հասկանում եմ, որ սա փոքր մխիթարանք է՝ հաշվի առնելով բաց թողնված առաջնությունը։
Թեեւ Բրիտանական դեսպանատունը Երեւանում որեւէ կերպ չի առնչվում կամ զբաղվում վիզաների դիմումների հարցերով եւ չի կայացնում դրանց վերաբերյալ որեւէ որոշում, նման հատուկ դեպքերում մենք պատրաստ ենք հնարավորության սահմաններում աջակցել՝ տրամադրելով գործընթացի վերաբերյալ ուղղորդումներ։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խրախուսել բոլոր ճամփորդողներին Միացյալ Թագավորության վիզայի համար դիմել հնարավորինս շուտ։ Ստանդարտ ընթացակարգը տեւում է նվազագույնը 15 աշխատանքային օր, իսկ ծանրաբեռնված ժամանակահատվածներում կամ պետական տոների շրջանում այն կարող է ավելի երկար տեւել։ Ժամանակի սղություն ունեցող ուղեւորությունների համար՝ օրինակ մրցաշարերի կամ միջոցառումների, խնդրում եմ նախապես բավարար ժամանակ նախատեսել դիմելիս»:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: