Հունվար 14, 2026
exclusive
155 դիտում

«Մեզ զրկեցին լավագույն եռյակում ընդգրկվելուց». Գեղասահքի ֆեդերացիայի պարզաբանումը


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ հայ գեղասահորդները չեն մասնակցելու Շեֆիլդում մեկնարկած Եվրոպայի առաջնությանը:

Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Սիմոն Դանիլյանցին, Կարինա Ակոպովային ու Նիկիտա Ռախմանինին մուտքի վիզա չի տրամադրել:  

Mediamax Sport-ն առաջացած իրավիճակի մասին պարզաբանումներ ստանալու համար դիմել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա, որտեղից այսպես են արձագանքել.


«Այնպես չէ, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մերժել է, ուղղակի վիզաներն ուշացնում են: Բազմաթիվ նամակներ ենք գրել, բայց պատասխան դեռ չունենք: Հնարավոր է՝ վիզաները մի քանի օրից ստանանք, բայց մրցումներն արդեն ավարտված կլինեն: 

Այն, որ գեղասահորդների անձնագրերը պատրաստ են, մեզ տեղեկացրել են ԵԱ-ի լոնդոնյան կազմկոմիտեից: Լուրը ստանալուց հետո մեր մարզիկները գնացել են Վիզաների աջակցման կենտրոն, որտեղ նրանց ծաղրել են ու ծիծաղելով ասել. «Ինչե՞ր եք խոսում: Մենք վիզաների հաստատման մասին տեղեկություն չունենք»:

Նույնիսկ չեն թողել դռնից ներս մտնել, Կարիանա Ակոպովան լացակումած խնդրել է. «Վաղը մրցումները մեկնարկում են, խնդրում ենք վիզաները տրամադրել, քանի որ Լոնդոնից հաստատումը ստացել ենք»: Պատասխանել են, որ նրանց գործը դեռ քննարկման փուլում է:

Նորից ենք նամակ գրել միջազգային ֆեդերացիա (ISU) ու կրկին վստահեցրել են, որ փաստաթղթերը պատրաստ են: Նույն օրը մարզիկները եւս մեկ անգամ են գնացել վիզաների կենտրոն, բայց անգամ դուռը չեն բացել ու արհամարհական վերաբերմունք են ցույց տվել: 

Եվրոպայի առաջնությունը պարզապես սովորական մրցաշար չէ, որը կարող ենք բաց թողնել: Մեզ զրկեցին լավագույն եռյակում կամ հնգյակում ընդգրկվելուց, որովհետեւ մեր զույգը բավական ուժեղ է: 

Լուսանկարը` Անձնական արխիվ


Օլիմպիական խաղերից առաջ մեր գեղասահորդները պետք է մրցաշարի մասնակցեին, դրա համար եղանք նաեւ Հայաստանի Օլիմպիական կոմիտեում, որտեղ նույնպես չկարողացան օգնել: Հեռախոսազանգով նաեւ ԿԳՄՍ-ին դիմեցինք, նշեցին, որ ծավալուն ու ժամանակատար թղթաբանական աշխատանքի կարիք կլինի եւ ֆեդերացիան ինքը կարող է զբաղվել այդ ամենով, ինչն էլ արել ենք: 

Ամեն ինչ ճիշտ ընթացակարգով ենք իրականացրել ու Մեծ Բրիտանիայի դեսպանատուն դիմել դեկտեմբերի 10-ին: Սովորաբար սպորտային մրցումների մասնակցելու դեպքում պատասխանը լինում 10-օրյա ժամկետում:  
Դեսպանատանը մեծ վճարներ ենք կատարել: Երբ վիզան չստանալուց հետո Կարինան ցանկացավ անձնագրերը հետ ստանալ ու մարզումները շարունակելու համար վերադառնալ Սոչի, նորից գումար պահանջեցին: Յուրաքանչյուրի անձնագիրը վերադարձնելու համար մեզնից 38-հազարական դրամ վերցրին: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Լոնդոնի կազմկոմիտեի անդամներին չենք ճանաչում, բայց վիզաների կենտրոնում հայեր են աշխատում ու նրանք մեր մարզիկների նկատմամբ շատ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեցին: Ինչպե՞ս էր կարելի նրանց նման սթրեսի ենթարկել: 

Դեսպանատունը մեզ նաեւ վիզաների մերժման փաստաթուղթը չի տրամադրել, որպեսզի ավիատոմսերի վերադարձի գումարը հետ ստանանք: 2 անգամ տոմս ենք գնել՝ մինչեւ վերջ հավատալով, որ առաջնությանը կմասնակցենք: 

Նույն բարդ իրավիճակն է նաեւ Գերմանիայի դեսպանատան պարագայում։ Պատանի գեղասահորդներն այնտեղ միջազգային մրցումների պետք է մասնակցեն: Միքայել Սալազարյանը մարտին Եվրոպայի առաջնությունում է հանդես գալու, եվրոպական այլ մեկնարկներ եւս ունի։

Մեկ ամիս առաջ ենք դիմել, ֆեդերացիային կոպիտ պատասխանել են. «Էլ մի՛ գրեք, սպասե՛ք»: Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ դեպքը հաշվի առնելով՝ այսօր նամակ ենք գրել ԿԳՄՍ-ի միջազգային բաժին, որ իրենք էլ դիմեն Գերմանիայի դեսպանատուն ու մեզ օր հատկացնեն»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին