Հունվար 14, 2026
98 դիտում

Մեծ Բրիտանիայի վիզա չտրամադրելու պատճառով՝ հայ գեղասահորդները չեն մասնակցի ԵԱ-ին


Լուսանկարը` isu-skating.com

Լուսանկարը` Գեղասահքի ֆեդերացիա


Գեղասահորդներ Սիմոն Դանիլյանցը եւ սպորտային զույգ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը չեն մասնակցելու այսօր Շեֆիլդում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան հայտնել է, որ չնայած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին են ներկայացրել, բայց Մեծ Բրիտանիայի դեսպանատունը սահմանված ժամկետներում հայ մարզիկներին չի տրամադրել մուտքի վիզաները: Դրա արդյունքում Հայաստանի հավաքականը զրկվել է Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։

Լուսանկարը` Գեղասահքի ֆեդերացիա


«Սա լուրջ հարված է մեր մարզիկների ամբողջ պատրաստությանը, մրցակցային զարգացմանը եւ միջազգային վարկանշային դիրքերին։ Տարիների քրտնաջան աշխատանքը, պատրաստվածությունն ու նվիրումը չպետք է կախված լինեն վարչական ձգձգումներից։ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան անում է ամեն ինչ նման իրավիճակների կրկնությունը կանխելու եւ մեր մարզիկների իրավունքները պաշտպանելու համար։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեր թիմին այս բարդ պահին։ Շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն հայկական գեղասահքի արժանապատիվ ներկայության միջազգային ասպարեզում»,- նշված է ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ։

Փետրվարին Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը մասնակցելու են Իտալիայում կայանալիք Օլիմպիական խաղերին եւ այս մրցաշարը լուրջ նախապատրաստական փուլ էր նրանց համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին