Հունվար 12, 2026
818 դիտում

Fast Sport-ի գործունեությունը կկրճատվի, սակայն չի դադարի


Լուսանկարը` FAST


Mediamax Sport -ի հավաստի տեղեկությունների համաձայն, հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող միակ մարզական «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի գրեթե բոլոր աշխատակիցները նախորդ տարվա դեկտեմբերին հեռուստաընկերության փակման պատճառաբանությամբ աշխատանքից ազատման ծանուցում են ստացել, որն ուժի մեջ պետք է մտներ 2026-ի հունվարի 14-ին։

Սակայն նոր ստացված տեղեկությունների համաձայն, չնայած մեծածավալ կրճատումներին, ալիքի հեռարձակումը հունվարի 14-ին չի դադարեցվի․ կրճատումները վերաբերվելու են հեղինակային, լրատվական եւ այլ հաղորդումներին, իսկ մարզախաղերի հեռարձակումը կպահպանվի։

Այս առթիվ Mediamax Sport-ը մեկնաբանություններ է ստացել FAST TV-ից, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից։ 

«ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ընկերությունից Mediamax Sport-ին վստահեցրել են, որ հեռուստաալիքը չի փակվելու եւ շարունակելու է աշխատել «բնականոն հունով»։ 

Պրոդյուսեր Լիլիթ Մուրադյանը, իր հերթին, նշել է, որ ալիքը կշարունակի գործունեությունը, սակայն արդեն առանց նրա: 

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի Իրավաբանական եւ լիցենզավորման վարչություն պետ Արմինե Ներսիսյանը եւս հաստատել է, որ հեռուստաընկերությունից լիցենզիայի դադարեցման գրավոր դիմում չեն ստացել։

«Բանավոր խոսակցությունների մակարդակով տեղյակ ենք խնդրից, սակայն «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ն լիցենզիայի հանձնման դիմում պաշտոնապես չի ներկայացրել։ Նշեմ, որ միայն այդ պարագայում ՀՌՀ-ն կարող է որոշում կայացնել»,-ասել է Ներսիսյանը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին