Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ասամբլեայի նիստը, որին ներկա են եղել բոլոր ֆեդերացիաների ներկայացուցիչները։
Քննարկվող կարեւորագույն հարցը եղել է մեկը՝ «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի»։
Դրանում նշած կետերից հատկապես կարեւոր է հետեւյալը․
«Ստեղծել հնարավորություն ու միջավայր, որտեղ բոլոր երեխաները կկարողանան կանոնավոր կերպով մարզվել։
Ստեղծել մթնոլորտ, որտեղ թմրամոլությունը տարածվելու հնարավորություն չի ունենա։ Պայքար պատանիների ու երիտասարդների շրջանում այդ արատավոր երեւույթի տարածման դեմ։
Ստեղծել միջավայր, որտեղ երեխայի առողջ ապրելակերպի ապահովումը չի մնա միայն ծնողի ուսերին։
Համագործակցություն ծնողական համայնքի ու մարզաշխարհի միջեւ։
Ուսանողական սպորտի զարգացում։
Հաշմանդամություն ունեցողների համար ստեղծել մարզվելու միջավայր, ապահովել ակտիվ կյանքի հնարավորություններով։
Տարածել եւ կիրառել Օլիմպիզմի սկզբունքները՝ կերտելով առողջ հասարակություն»։
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյան
«Մեր զեկույցի հիմնական ու գլխավոր խնդիրը երեխաների ու պատանիների շրջանում առողջ ապրելակերպի քարոզումն է, Հայաստանի բնակչության մեջ մասսայական սպորտի զարգացումն ու տարածումը։
Ծրագիրը կյանքի է կոչվելու երկու ուղղությամբ։ Մարզիկներն այցելելու են կրթական համալիրներ ու հանդիպեն երեխաներին, շփվեն նրանց հետ, խորհուրդներ տան, քարոզեն առողջ ապրելակերպ, ինչպես դա արվում էր շատ տարիներ առաջ։ Երկրորդը՝ գործնական, երբ երեխաները մասնակցեն մարզումների, մրցաշարերի։ Իրապես մասսայական սպորտի մասին ենք խոսում, ոչ թե այսօրվա անցկացվող տարբեր գավաթների, որոնց մասնակցում են մեծ մասամբ պրոֆեսիոնալ մարզիկներ։ Մենք պարտավոր ենք շեշտակի բարձրացնել երեխաների հոսքը դեպի մարզադպրոցներ, իսկ թե նրանցից քանիսը կդառնա պրոֆեսիոնալ մարզիկ, դա արդեն կտեսնեն մարզիչները ու կաշխատեն նրանց հետ։
Երկու շաբաթվա ընթացքում մենք բոլոր ֆեդերացիաներին կփոխանցենք մեր մոտեցումները, կքննարկենք, կլսենք ձեր բոլոր առաջարկությունները, ես կհանդիպեմ նաեւ ֆիզիկական կուլտուրայի ինտիտուտի ռեկտորի հետ։ Շատ դժվար է լինելու ու միանգամից արդյունքները նկատելի չեն լինի, բայց պետք է մի օր սկսեինք այս ամենը, եւ այդ օրը թող լինի այսօր։

Լուսանկարը` Ավան վարչական շրջանի մանկապարտեզներ
Մենք ուզում ենք ունենալ առողջ սերունդ, դրա համար կարեւոր է միասնությունը եւ ֆեդերացիաների ու մարզիկների օգնությամբ պետք է հասնենք ցանկալի արդյունքի»։
ՀԱՕԿ-ի փոխնախագահ Արմեն Գրիգորյան
«Հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկան չի արժանանում համապատասխան ուշադրության, պայմանները վատն են, դահլիճները գույքով ապահովված չեն, դասաժամերի քանակը քիչ է։ Երիտասարդները եւս շատ քիչ են զբաղվում առողջ ապրելակերպով, ժամանակ չեն հատկացնում մարզումներին։ Մենք հարցումներ ենք անցկացրել ու պարզել, որ նրանց մեծ մասը չի հաճախում մարզասրահներ գների անմատչելի լինելու պատճառով։ Մոտ 50 տոկոսի մոտ խոչընդոտ են տնտեսական ու սոցիալական գործոնները։
Հայաստանում ազգաբնակչության ընդամենը 5-8 %–ն է զբաղվում ֆիզկուլտուրայով, ինչը չափազանց մտահոգիչ է։ Մենք պարտավոր ենք կրթել ու դաստիարակել մեր սերնդին, սպորտի միջոցով կտրել նրանց վատ սովորություններից»։
ՀԱՕԿ-ի գործկոմի անդամ Հռիփսիմե Խուրշուդյան
«Կանանց դերը սպորտում շատ կարեւոր է, սակայն այն չի արժանանում համապատասխան ուշադրության։ Աղջիկները հաճախ չեն զբաղվում սպորտով ընտանիքի, շրջապատի պատճառով, մինչդեռ նրանք մեծ ներուժ ունեն ու դա ապացուցել են բազմիցս։ Նրանք ցանկանում են հիմնականում աշխատել կին մարզիչների հետ, որոնց թիվը մեր երկրում շատ քիչ է, ինչը եւս նպաստում է ներգրավվածության թվի պակասին։ Կանանց սպորտը նաեւ քիչ է լուսաբանվում ու տարածվում լրատվամիջոցներով։ Սրանք խնդիրներ են, որոնք հաղթահարելուց հետո կանանց սպորտը մեծ քայլերով կարող է զարգանալ մեր երկրում»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: