Հունիս 05, 2025
269 դիտում

ԵԱ-ի մեդալակիր մարմնամարզիկներն ամփոփել են Եվրոպայի առաջնությունը


Լուսանկարը` Մեդիամաքս


Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները վերադարձել են Եվրոպայի առաջնությունից եւ այսօր հանդիպել են լրագրողների հետ։


ԵԱ-ի չեմպիոն Արթուր Դավթյան

«Ուրախ եմ, որ կրկին կարողացա մեդալով վերադառնալ հայրենիք։ Երբ ուկրաինացի եւ անգլիացի մարզիկների ցատկերը հաջող ստացվեցին, հասկացա, որ պետք է  անթերի անեմ վարժությունս։ Ճիշտն ասած ես էլ զարմացա, որ երկու ցատկի ժամանակ էլ ոչ մի քայլ չարեցի, լարվածությունը մեծ էր, բայց ստացվեց։ Նույնիսկ մրցակիցներս էին ասում, թե ինչպես կարողացա այդպես անել։ 

Ծնկի վնասվածք ունեմ, բայց կարծում եմ կհասցնեմ բուժել ու լավ մոտենալ աշնանը կայանալիք Աշխարհի առաջնությանը։ Այս ընթացքում մրցում չեմ ունենալու, ամբողջովին կկենտրոնանամ բուժման վրա»։

ԵԱ-ի չեմպիոն Համլետ Մանուկյան

«Ես ուրախ եմ ոչ միայն ինձ, այլ նաեւ ընկերներիս համար։ Մրցակցությունը դժվար էր, բայց փորձեցի դրա վրա ուշադրություն չդարձնել ու անել այն, ինչ անում եմ մարզումների ժամանակ։ Մեր ավագ ընկերներն աջակցում եւ օգնում են մեզ, առանց իրենց միգուցե նման հաջողություն չլիներ»։ 

ԵԱ- արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյան

«Առաջին անգամն էի մասնակցում Եվրոպայի առաջնությանը, կրկնակի մեծ էր պարտավորվածությունը։ Կապ չունի մրցաշարը մեծահասակների է, թե երիտասարդների, դրա վրա ես ուշադրություն չեմ դարձնում։ Մենք միշտ էլ մեդալի համար ենք պայքարում, շատ լավ է, որ այս անգամ եւս հաջող հանդես եկանք»։

ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյան

«Վերջապես կարողացա մեդալ նվաճել Եվրոպայի առաջնությունում։ Իհարկե, ուրախ եմ դրա համար ու հույս ունեմ, որ այն ինձ ավելի վստահ կդարձնի։ Մեդալը վստահություն է տալիս, կաշխատեմ, որ այն շարունակական կլինի։ Ամեն ինչ աշխատանքից է կախված, պետք է շարունակեմ ճիշտ մարզվել, որպեսզի էլ ավելի լավ արդյունք ունենամ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին