Հունիս 05, 2025
245 դիտում

Սերոբյան․ Ուրախ եմ մեր մարմնամարզության համար, որը գրանցեց ամենաբարձր արդյունքը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի մարմնամարզության հավաքականն առաջին անգամ Եվրոպայի առաջնությունում նվաճեց երկու ոսկե, մեկական արծաթե ու բրոնզե մեդալներ։

Չեմպիոնի կոչումը նվաճեցին Արթուր Դավթյանը (հենացատկ) ու Համլետ Մանուկյանը (նժույգթափեր), փոխչեմպիոնը Մամիկոն Խաչատրյանն (նժույգթափեր) է, բրոնզե մեդալակիրը՝ Արթուր Ավետիսյանը (օղակներ)։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսօր առաջին անգամ խոստովանեց, որ իրենց ելույթը գնահատում է չափազանց լավ։

«Մեր սպասածից հաջող հանդես եկանք, առաջնությունը գերգերազանց ստացվեց։ Լավ ելույթին նպաստեց հավաքը, որն անցրացրինք Գերմանիայում։ Այնտեղ մեզ լավ ընդունեցին եւ ոչ մի խնդիր չառաջացավ։  

Արթուր Դավթյանի մրցակիցները շատ հաջող էին ելույթ ունեցել, դրա համար նա իդեալական պետք է կատարեր վարժությունը։ Թեթեւ քայլն անգամ կզրկեր ոսկե մեդալից։ Արթուրը ծնկի խնդիր ունի ու եզրափակչից առաջ չէր կարողանում նույնիսկ կանգնել։ Բայց նա անթերի թռավ, ոչ մի քայլ չկատարեց ու արժանիորեն նվաճեց ոսկե մեդալ։

Առհասարակ, Արթուրի դերը մեծ է մեր հավաքականում։ Նա երիտասարդների կողքին է ու փոխանցում է իր գիտելիքները, իսկ առաջնության ժամանակ Հայկ Նազարյանի հետ նաեւ մարզչական աշխատանք էր կատարում։

Համլետն ու Մամիկոնը պատրաստ էին։ Ինչ թերություններ ունեին, հասցրել էինք շտկել ու հանգիստ մոտենալ առաջնությանը։ Բարձր գնահատականներ ստացան ու դարձան մեդալակիրներ։ Ես ավելի վաղ պատահական չէի ասում, որ մեր երիտասարդներից զգուշանում են։ Բոլորն էլ տեսնում են, որ նժույգթափերում նրանք դառնում են առաջատարներ։

Արթուր Ավետիսյանի համար եւս շատ ուրախ եմ։ Նա միշտ 4-րդ տեղն էր գրավում, իսկ հիմա վերջապես մեդալակիր դարձավ։ Ինձ համար նա հաղթող է, Օլիմպիական ու Աշխարհի մեդալակիրների դեմ էր պայքարում ու չնչին միավորներով գրավեց 3-րդ տեղը։

Մենք պատրաստվում էինք հանդես գալ նաեւ թիմային պայքարում, բայց ելույթին նախորդող երեկոյան որոշեցի հանել թիմը։ Ես նկատեցի, որ տղաների մոտ հոգնածություն կա, խոսեցի հետներն ու հասկացա, որ պետք չէ։ Գնացինք մեդալի հետեւից։ Ուրախ եմ, որ ճիշտ որոշում կայացրի։

Բոլորից էլ գոհ եմ, բայց հատկապես ուրախ եմ մեր մարմնամարզության համար։ Սա մեր գրանցած ամենամեծ արդյունքն է, մինչ այս երկու ոսկե մեդալ չէինք ունեցել»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին