Ապրիլ 15, 2025
127 դիտում

Անդրեասյան. Հոկեյի ԱԱ-ի երկրպագուները հետաքրքիր պայքարի ականատես կլինեն Երեւանում


Լուսանկարը` Photolure


Ապրիլի 1-12-ը Երեւանում կայանալու է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի Աշխարհի առաջնությունը:

Գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցում ուժերն են չափելու 6 հավաքականներ՝ Հայաստանը, Իրանը, Քուվեյթը, Մալայզիայն, Ինդոնեզիան եւ Ուզբեկստանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի ընտրանու համար շատ կարեւոր է 2010 թվականից հետո առաջին խոշոր միջազգային մրցաշարին մասնակցություն ունենալ:

«Ձմեռային մարզաձեւերը եւս կառավարության ռազմավարության ուշադրության կենտրոնում են: Ուրախ ենք, որ 2023 թվականից Հոկեյի լիգա ունենք եւ մարզաձեւը զարգանում է:

Հոկեյը շատ դինամիկ ու դիտարժան մարզաձեւ է, ու տրիբունաներում հետեւողները հետաքրքիր պայքարի մասնակիցը կլինեն: Մեր հայրենակիցները պետք է սովորեն տոմս գնել ու ներկա լինել սպորտային միջոցառումներին, նրանց ներկայությունն Աշխարհի առաջնությանը շատ կարեւոր է:

Ձմեռային ձեւերի հետ կապված ենթակառուցվածքների խնդիր ունենք, եւ հասկանում ենք, որ դրա պատճառով չենք կարողանում լավ արդյունքներ գրանցել: Ակադեմիական քաղաքում նախատեսում ենք Ազգային ստադիոնից բացի այլ շատ կարեւոր սպորտային ենթակառուցվածքներ էլ ունենալ, որտեղ կլինեն նաեւ ձմեռային մարզաձեւերով զբաղվելու պայմաններ:

Թեեւ վերջին տարիներին խոշոր մրցումներում մեդալներ չենք ունեցել, բայց 2024-ին մեր դահուկորդները հաջողություններ են գրանցել վարկանշային ստուգատեսներում ու մրցանակային տեղեր զբաղեցրել: Դահուկասպորտի զարգացման հեռանկարներ կան:

Շարունակում ենք կարեւորել նաեւ Հայաստանում միջազգային մրցումների անցկացումը, եւ հոկեյի ԱԱ-ն այս տարվա առաջին նմանատիպ մրցաշարն է լինելու:

Մայիսի 7-11-ը հյուրընկալելու ենք կարատեի Եվրոպայի առաջնությունը, որին 50 երկրներ են մասնակցելու: Այդ մարզաձեւը Հայաստանում բավական տարածված է ու շատ երեխաներ են պարապում:

Հուլիսի 11-20-ը կազմակերպելու ենք բասկետբոլի Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Բասկետբոլը եւս զարգանում է մեր երկրում, վերջերս հավաքականը հաջող ելույթներ ունեցավ: Արդեն իրականացվել է դպրոցականների բասկետբոլի լիգան, որը եւս մեծ հետաքրքրություն կառաջացնի սպորտաձեւի նկատմամբ:

Ամռանը նաեւ կհյուրընկալենք Մ-16 տարեկանների վոլեյբոլի առաջնությունը: Այս հարցում էլ հետեւողական ենք լինելու ու շարունակելու ենք մրցումներ կազմակերպել: Արդեն նախանշել ենք 2026 եւ 2027 թթ. անելիքները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին