Չեմպիոնների լիգայում «Բավարիա»–ի դեմ խաղից առաջ «Ինտեր»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
Հայ ֆուտբոլիստն ասել է, որ այս մրցաշրջանն իր համար ամենադժվարներից է, երբ ամեն երեք օրը մեկ խաղ են անցկացնում։ Նա ակնարկել է նաեւ, որ մտածում է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։
«Միեւնույն ժամանակ հիանալի է խաղալ նման ռիթմով ու պայքարել բոլոր ճակատնելով։ Ես երջանիկ եմ, որ իմ ֆուտբոլային կարիերայում հասել եմ կյանքիս այսպիսի փուլի։ Միգուցե դա այլեւս չկրկնվի։ Կարծում եմ, որ որպես ֆուտբոլիստ ինձ մնացել է մեկ կամ երկու տարի, իսկ գուցե մրցաշրջանի վերջում կանգ կառնեմ։ Բայց հենց հիմա ես ուրախ եմ, որ խաղում եմ այս ակումբում եւ այն ամենի համար, ինչին մենք փորձում ենք հասնել»,– Մխիթարյանի խոսքերը մեջբերում է football-italia.net–ը:
Ավելի վաղ իտալական մամուլը գրել էր, որ ամռանը Մխիթարյանը մեկ տարով կերկարաձգի «Ինտեր»–ի հետ պայմանագիրը։ Իսկ ահա որոշ աղբյուրներ նշել էին, որ թիմը երիտասարդացնելու է կազմը, ինչի հետեւանքով հայ ֆուտբոլիստը կհեռանա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: