Ապրիլ 15, 2025
141 դիտում

ՕԽ-2028-ում նոր մրցաձեւեր կլինեն, իսկ կին մարզիկներն 1-ին անգամ թվով կգերազանցեն տղամարդկանց



ԱՄՆ-ում շատ լրջորեն են պատրաստվում 2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերին ու մի շարք նորամուծություններ են կատարել մրցումների ծրագրում։ Դրանց մասին հայտնել է ՄՕԿ-ի սպորտային տնօրեն Քիթ Մաքքոնելը։

Ֆուտբոլ

ՄՕԿ-ն ավելացրել է կանանց ֆուտբոլի մասնակից հավաքականների քանակը՝ 12-ից հասցնելով 16-ի։ Այդ որոշումը պայմանավորված է կանանց ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության ավելացմամբ։ Տղամարդկանց մրցաշարում ներկայացված են լինելու 12 թիմեր։ Փարիզում կայացած խաղերում հակառակ պատկերն էր՝ տղամարդկանց 16 եւ կանանց 12 թիմեր էին ներգրավված։

«Սա կարեւոր եւ առաջադիմական որոշում է, որը կայացրել ենք ՖԻՖԱ-ի հետ սերտ համագործակցության արդյուքնում։ Այն Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի հիանալի գործընկեր է։ Ֆուտբոլն ամբողջ աշխարհում է շատ տարածված, իսկ կանանց մրցաշարերը վերջին շրջանում բուռն կերպով են մասսայականություն ձեռք բերում»,- ասել է Մաքքոնելը։

ԱՄՆ-ում էլ կանանց ֆուտբոլը շատ հայտնի է ու երկրի հավաքականը մի քանի անգամ Աշխարհի չեմպիոն է դարձել։ Կազմկոմիտեն նաեւ հաշվի է առել, թե Փարիզում որքան շատ երկրպագուներ են ներկա եղել կանանց ֆուտբոլային հանդիպումներին։


Ծովափնյա ֆուտբոլ եւ ֆուտզալ

ՖԻՖԱ-ն նաեւ ջանքեր չի խնայում, որպեսզի ծովափնյա ֆուտբոլն ու ֆուտզալն էլ ընդգրկվեն խաղերի ծրագրում։

«Շնորհակալ ենք ՄՕԿ-ին, որը 2028-ի խաղերը նորարարական է դարձնելու, բայց շարունակում ենք աշխատել, որ եւս նոր երկու մարզաձեւ ընդգրկվի խաղերում»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինիոն։

Լող

Խաղերի ծրագրում են ընդգրկվել նոր մրցումներ 50 մ բրասում, թիկնալողում եւ բաթերֆլայում։


Այլ ձեւեր

Կանանց բռնցքամարտի մրցումներում 6-ի փոխարեն մեդալներ են խաղարկվելու 7 քաշային կարգերում։

Նետաձգությունում, գոլֆում, սպորտային մարմնամարզությունում, թիավարությունում, սեղանի թենիսում ու 4х10 փոխանցումավազքում անցկացվելու են խառը մրցաշարեր։

Լոս Անջելեսի խաղերում առաջին անգամ ներկայացված կլինի ափամերձ թիավարությունը, իսկ մեդալներ կխաղարկվեն արագավազքում։

Կանայք

Առաջին անգամ պատմության ընթացքում 2028-ի խաղերում կին մասնակցիների քանակը կգերազանցի տղամարդկանց։ Փարիզում առաջին անգամն էր, որ երկու սեռի ներկայացուցիչներն էլ ելույթ ունեցան հավասար քանակությամբ։

«Ընդհանուր առմամբ խաղերի ծրագրում 31 մարզաձեւ է լինելու, հանդես են գալու 5333 կանայք եւ 5167 տղամարդիկ»,- ասել է ՄՕԿ-ի ներկայացուցիչը։

Նոր մարզաձեւերը

Խաղերի կազմը համալրած նոր մարզաձեւերն են ֆլագ-ֆուտբոլը, կրիկետը, լակրոսը, սքվոշը, բեյսբոլ/սոֆտբոլը։ Խաղերը կայանալու են հուլիսի 14-30-ը։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին