Հունվար 24, 2025
130 դիտում

«Հավանական է, որ սա իմ վերջին Australian Open-նն էր»․ Ջոկովիչը լքել է պայքարը


Լուսանկարը` ATP


Նովակ Ջոկովիչը վնասվածքի պատճառով դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչից։

Ալեքսանդր Զվերեւի դեմ դիմակայությունը, ինչպես եւ սպասվում էր, սկսվել է բավական ակտիվ։ Երկրպագուների սպասելիքներն արդարացվել են ու վերջիններս ականատես են եղել լարված մեկնարկի։ Սակայն նրանց զարմանքը մեծ է եղել, երբ առաջին սեթից հետո, երբ Զվերեւն առաջ է եղել 7։6 հաշվով, Ջոկովիչը հանկարծակի որոշել է ավարտել հանդիպումը։ Շատերը կատաղել են ու նույնիսկ սկսել սուլել աշխարհի նախկին ռակետին։

Սերբ թենիսիստը Կառլոս Ալկարասի դեմ քառորդ եզրափակիչից հետո չի կարողացել վերականգնվել։ Ավելի վաղ նշվել էր, որ նա վնասվածքի պատճառով բաց է թողել նաեւ մարզումը։ Ջոկովիչը, որը Australian Open-ում հաղթել է ռեկորդային 10 անգամ, կորտը լքել է տխուր՝ չկարողանալով Մեծ Սաղավարտի մրցաշարերում նվաճել իր 25-րդ տիտղոսը։

«Խնդրում եմ, մի սուլեք մարզիկին, որը պայքարից դուրս է մնում վնասվածքի պատճառով։ Գիտեմ, որ բոլորդ էլ վճարել եք տոմսերի համար, բայց վերջին 20 տարում Նովակն ամեն ինչ տվել է թենիսին։ Չգիտեմ, միգուցե նա սպորտի համար շատ ավելի լավն է»,-խաղից հետո ասել է Զվերեւը, որն առաջին անգամ է դուրս եկել Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։

Ջոկովիչը եւս մեկնաբանել է նման որոշումը․ «Ալկարասի դեմ խաղից հետո մինչեւ այսօրվա խաղից մեկ ժամ առաջ ես ոչ մի անգամ գնդակին չեմ հարվածել։ Անում էի ամեն ինչ, որպեսզի մկաններիս վնասվածքը տեղի չտա։ Ավելի ու ավելի շատ ցավ էի զգում հանդիպման ժամանակ, որը սեթի ավարտին արդեն անտանելի էր դարձել։ Ես պարզապես հոգնեցի։ Իմ վերջին Ավստրալիայի բաց առաջնությո՞ւնն էր, չգիտեմ։ Դա հավանական է»։

Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են Յանիկ Սիններն ու Բեն Շելթոնը, նրանք կպայքարեն այսօր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին