2025 թվականի հունվարի տրանսֆերային պատուհանի բացվելուն պես եվրոպական առաջատար ակումբներն ակտիվորեն վերափոխում են իրենց կազմերը՝ մրցաշրջանի առաջին մասում առաջացած խնդիրները հարթելու եւ նախանշած նպատակներին հասնելու համար: Մենք առանձնացրել ենք առավել նշանակալի տրանսֆերներն ու այն դիրքերը, որտեղ թիմերը բարելավման կարիք ունեն:
«Մանչեսթեր Սիթի»-ն ամրապնդում է պաշտպանությունը
«Մանչեսթեր Սիթի»-ն ձեռք է բերել երկու պաշտպանի՝ 20-ամյա ուզբեկ Աբդուքոդիր Խուսանովին ֆրանսիական «Լանս»-ից 40 միլիոն եվրոյով եւ բրազիլացի Վիկտոր Ռեյսին «Պալմեյրաս»-ից՝ 35 միլիոն եվրոյով: Խուսանովը, ով Պրեմիեր լիգայի առաջին ուզբեկ խաղացողն է, ունիվերսալ պաշտպան է, կարող է խաղալ եւ աջ եզրում, եւ կենտրոնում, իսկ Վիկտոր Ռեյսը դասական կենտրոնական պաշտպան է: Այս քայլը լուծում է «Սիթիի» պաշտպանությունում առաջացած բացերը․ Ջոն Ջոնսը եւ Ռուբեն Դիասը ունեն վնասվածքներ, Կայլ Ուոլկերը հայտարարեց, որ ուզում է հեռանալ թիմից։ Երկու ձեռքբերումներն էլ այսօր շատ անհրաժեշտ էին «քաղաքաբնակներին»։ «Սիթիի» ճգնաժամի հաղթահարմանը կարող է նպաստել նաեւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 63 մլն ֆունտով ձեռք բերված եգիպտացի ունվերսալ հարձակվող Օմար Մարմուշը, որը վերջին տարիներին շատ արդյունավետ հանդես էր գալիս գերմանական թիմում։
«Տոտենհեմը» լուծում է դարպասապահի խնդիրը
«Տոտենհեմը» վերջապես սկսել է լուծել դարպասապահի խնդիրը՝ ձեռք բերելով Անտոնին Կինսկիին Պրահայի «Սլավիա»-ից 16.5 միլիոն եվրոյով: Ակումբը Կինսկիին դիտարկում է որպես երկարաժամկետ լուծում․ 21-ամյա չեխը լավ հեռանկարներ ունի, լավ է խաղում նաեւ ոտքերով։
«Արսենալը» հարձակվող է փնտրում
«Արսենալը» հետաքրքրված է Լայպցիգի «Ռեդ Բուլ»-ի հարձակվող, սլովենացի Բենյամին Շեշկոյով՝ նպատակ ունենալով ուժեղացնել հարձակողական գիծը: Գաբրիել Ժեզուսի վնասվածքի պատճառով Միկել Արտետան Շեշկոյին տեսնում է որպես խաղացող, ով կարող է առաջնորդել հարձակման գիծը, իսկ Ժեզուսի վերադարձից հետո՝ խաղալ երկու հարձակվողով։
«ՊՍԺ»-ն համալրում է կազմը
«ՊՍԺ»-ն շարունակում է իր կառուցման ռազմավարությունը՝ նպատակ ունենալով հասնել Չեմպիոնների լիգայի հաղթողի բաղձալի տիտղոսին: Ակումբը վերջերս պայմանագիր ստորագրեց վրացի երիտասարդ աստղ Խվիչա Կվարացխելիայի հետ՝ վճարելով 70 միլիոն եվրո «Նապոլիին»: Մբապեի հեռանալուց հետո Խվիչային դիտարկում են որպես երկարաժամկետ հիմնական ձախ վինգեր: Չնայած Ֆրանսիայի չեմպիոնին ավելի անհրաժեշտ էր բարձրակարգ կետրոնական հարձակվող, այնուամենայնիվ, Կվարացխելիան նշանակալի ձեռքբերում է թիմի համար։ Բացի այդ, «ՊՍԺ»-ի հունվարյան խնդիրներից է նաեւ փորձառու կենտրոնական պաշտպանի ձեռքբերումը, այնպես որ այս հարցում եւս կարող են նորություններ լինել:
Մադրիդի «Ռեալ»․ պաշտպանական պատը փլված է
Թիմին շան շտապ պետք են պաշտպաններ․ Ալաբան եւ Կարվախալը արդեն տարիքով են, Միլիտաոն անդադար պատռում է խաչաձեւ կապանները, Վասկեսն հեռու է իր երբեմնի մարզավիճակից։ Մադրիդցիների թիրախներից է Ալեքսանդր Առնոլդը «Լիվերպուլ»-ից, որը կարող է զբաղեցնել աջ պաշտպանի դիրքը: Կան կենտրոնական պաշտպաններ, որոնք կատարյալ կլրացնեն «սերուցքայինների» տիկունքը։ Օրինակ՝ Գոնսալո Ինասիոն «Սպորտինգ»-ից։ Ինասիոյի տարիքն ու հմտությունները եւ նրա հետ հնարավոր գործարքը համապատասխանում են «Ռեալի» գործելաոճին` ձեռք բերել երիտասարդ տաղանդներ՝ աճելու պոտենցիալով: Մյուս թեկնածուն կարող է դառնալ Բուրկինա-Ֆասոյի հավաքականի պաշտպան Էդմոնդ Տապսոբան Լեւերկուզենի «Բայեր»-ից․ նրա աթլետիզմը եւ ժամանակակից պաշտպանական որակները բազմակողմանիություն կհաղորդեն «Մադրիդի» պաշտպանական գծին:
«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է կենտրոնանա կիսպաշտպանության խորության վրա
Վնասվածքներն ազդում են «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական կիսպաշտպանական գծի վրա։ Դժվար է ունենալ ընդամենը երկու լավ կիսապաշտպան ամբողջ տարվա համար եւ գրանցել հաջողություններ։ Թիմին լավ կարող է ինտեգրվել Մարտին Զուբիմենդին «Ռեալ Սոսյեդադ»-ից։ Իսպանացու՝ խաղը թելադրելու եւ մրցակցի գրոհները քանդելու կարողությունը կարող է ավելացնել «Յունայթեդի» կիսապաշտպանության համար անհրաժեշտ վերահսկողությունն ու հանգստությունը, իսկ Բրունո Ֆերնանդեշին՝ ավելի ազատ գործելու հնարավորություն տալ։
«Բարսելոնա»-ին անհրաժեշտ է ընդգծված կենտրոնական հարձակվող
Լեւանդովսկին «Բարսելոնա»-ում այդպես էլ չկարողացավ ցույց տալ այն, ինչ անում էր «Բավարիա»-ում։ Լեհ ֆուտբոլիստն արդեն 36 տարեկան է, եւ ժամանակն է ձերք բերել երիտասարդ հարձակվողի։ Կարելի է քննարկել մի քանի տարբերակ։ «Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի տեխնիկական կարողություներն ու գնդակի հետ աշխատանքը համապատասխանում են կատալոնացիների խաղաոճին: Իսակը հմուտ եւ բազմակողմանի հարձակվող է՝ գերազանց դրիբլինգով, արագությամբ եւ ստեղծագործական ունակություններով: Մյուս թեկնածուն կարող է լինել ամերիկացի Ֆոլարին Բալոգուն։ «Մոնակո»-ի երիտասարդ, բազմակողմանի հարձակվողը մրցակցություն կբերի թիմ․ նա արագ է եւ ունի գրոհն ավարտելու լավ հմտություններ:
«Բավարիա» եւ «Յուվենթուս»․ անհասկանալի պասիվություն
Կարելի էր ակնկալել, որ հունվարին պետք է ակտիվ տրանսֆերային որս սկսեն «Բավարիան» եւ «Յուվենթուսը», սակայն որեւէ ակտիվություն երկու ակումբների կողմից չի նկատվում, համենայն դեպս՝ հրապարակային։ «Բավարիան», իհարկե, առաջատար է Բունդեսլիգայում, սակայն Եվրոպայում դիրքերը վերականգնելու համար թարմությունն անհրաժեշտ է։ Իսկ «Յուվենթուսը» կարծես համակերպվել է ոչ-ոքիների շարքի հետ Ա Սերիայում՝ 13 ոչ-ոքի 21 խաղում։ Այնուամենայնիվ, հունվարի 23–ին «Յուվենթուսը» հայտարարեց, որ ակումբ կտեղափոխվի «ՊՍԺ»–ի ֆրանսիացի հարձակվող Կոլո Մուանին, սակայն ընդամենը մինչեւ մրցաշրջանի ավարտը՝ վարձավճարով։
Թրենդներ եւ սպասելիքներ
Հունվարի տրանսֆերային պատուհանը ցույց է տալիս, որ գերակումբներն առաջնահերթություն են տալիս երիտասարդներին եւ ներուժին՝ ընտրելով խաղացողների, ովքեր կարող են անմիջապես ազդեցություն ունենալ՝ միաժամանակ աճելով որպես առանցքային դերակատարներ: Քանի որ վերջնաժամկետը մոտենում է, ակնկալվում է, որ ավելի շատ ակումբներ կմտնեն շուկա՝ լուծելու մնացած թերությունները:
Տրանսֆերային պատուհանի վերջին օրերը խոստանում են անակնկալներ եւ վերջին պահի գործարքներ, որոնք կարող են փոխել սեզոնի երկրորդ կեսը, այդ եւ այլ իրադարձությունների մասին կպատմենք հաջորդիվ։
Դավիթ Մակարյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: