2024 թվականին տեղի ունեցած մարզական իրադարձություններից ամենախոշորն ու աննախադեպն Օլիմպիական խաղերն էին: Փարիզը կարողացավ պատմության մեջ ամենայուրահատուկ բացման արարողությունը կազմակերպել ու թատերաբեմ դարձնել քաղաքի ողջ տարածքը:
Հիշվող բացումից հետո ոչ պակաս ուշագրավ էին նաեւ սպորտային մրցումները, որոնք 17 օր շարունակ մարզասերներին անհավանական հույզեր ու ապրումներ պարգեւեցին:
Հայաստանի ընտրանին այս խաղերին փոքր կազմով մասնակցեց՝ ընդամենը 15 մարզիկով։ Հաջողվեց նվաճել 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալ: Մեդալակիրներից երկուսը՝ ծանրորդ Վարազդատ Լալայանն ու հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանն առաջին անգամ կանգնեցին Օլիմպիական պատվոհարթակին: Մյուս արծաթները Հայաստան բերեցին փորձառուներ Արթուր Դավթյանն ու Արթուր Ալեքսանյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Երկուսն էլ իրենց արդեն 4-րդ խաղերին էին մասնակցում։ Իրենց մեկնարկն Օլիմպիադաներում ազդարարել են 2012-ին Լոնդոնում ու միասին եղել նաեւ Ռիոյում եւ Տոկիոյում: Ալեքսանյանը մեդալներ (բրոնզ, ոսկի, արծաթ) է նվաճել իր բոլոր խաղերում, Դավթյանը Տոկիոյում 3-րդն էր, իսկ այս տարի Փարիզում՝ 2-րդը:
Mediamax Sport-ն Օլիմպիական խաղերի ընթացքին հետեւել է Փարիզից ու մանրամասն գրել հայ մարզիկների ելույթների մասին:
Տարա մյուս կարեւոր ու նշանակալից ձեռքբերումը շախմատում էր: Նախ մեր կանանց ու տղամարդկանց թիմերը բավական հաջող մասնակցեցին համաշխարհային Օլիմպիադային ու անհատական մեդալներ նվաճեցին: Զավեն Անդրիասյանի գլխավորած կանանց թիմը ելույթն ավարտեց 5-րդ տեղում, իսկ Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը 3-րդ եւ 4-րդ խաղատախտակների վրա բրոնզե մեդալներ ապահովեցին: Արման Փաշիկյանի թիմն էլ ելույթն ավարտեց 6-րդ տեղում:
Հենց այդ օրերին էլ ՖԻԴԵ-ն իր 100-ամյակի միջոցառումների շրջանակում Հայաստանի տղամարդկանց ընտրանուն ճանաչեց դարի լավագույն թիմ:
Այդ ուրախալի իրադարձության մասին զրույցներ ունեցանք հավաքականի նվաճումներում մեծ դերակատարում ունեցած խաղացողների ու մարզչի հետ, հրապարակումներին կարող եք ծանոթանալ մեր հոդվածներ բաժնում:
Տարեվերջն էլ նշանավորվեց Աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում Վարազդատ Լալայանի նվաճած ոսկե մեդալով: Երբ Լաշա Տալախաձեն այդ քաշային կարգում իր երկարատեւ գերակայությունից հետո որոշեց չմասնակցել ԱԱ-ին, իր առաջատարությունը հաստատեց Լալայանը, որը երկար տարիներ բավարարվում էր արծաթե կամ բրոնզե մեդալներով: Դա ծանրորդի երկրորդ ոսկե մեդալն էր 2024 թվականին, գարնանը նա հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն:
Տարվա հիասթափությունների թվում պետք է նշել Հայաստանի ֆուտբոլի տարբեր տարիքային հավաքականների, մասնավորապես ազգային ընտրանու անհաջող ելույթները: Հայ ֆուտբոլիստներն Ազգերի Լիգայի C լիգայի 4-րդ խմբում 2-րդ տեղը զբաղեցրին, նրանք տարան 2 հաղթանակ, 1 անգամ ոչ-ոքի խաղացին ու կրեցին 3 պարտություն: Հավաքականն իրավունք ստացավ մասնակցելու անցումային խաղերի եւ մարտի 20-ին ու 23-ին կմրցի Վրաստանի հետ:
Լուսանկարը` fsf.fo
Ալեքսանդր Պետրակովի հեռացումից հետո թիմը դեռ գլխավոր մարզիչ չունի, նոր մասնագետի անունը նախատեսվում է հայտնել հունվարին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: