Դեկտեմբեր 26, 2024
361 դիտում

Դավթյան. Եթե Փարիզում ոսկի նվաճեի, հաջորդ Օլիմպիական խաղերին էլ չէի պատրաստվի


Լուսանկարը` Մեդիամաքս


Օրեր առաջ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը Մոսկվայում կայացած Միխայիլ Վորոնինի Գավաթի խաղարկությունում 5 մեդալ նվաճեց, այդ թվում՝ հաղթեց բազմամարտում:

Դավթյանը մրցաշարի ավարտից հետո «Լվով»-ի կազմում մասնակցեց Օլիմպիական, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նիկիտա Նագորնիի կազմակերպած մարմնամարզության Պրեմիեր Լիգային:

Հայ մարմնամարզիկը զրույցել է Sport24 կայքի հետ, առանձնացրել ենք ուշագրավ հատվածները:

«Իհարկե, գոհ եմ իմ մասնակցությունից, քանի որ ձեռքի լուրջ վնասվածք ունեի ու այդքան էլ լավ մարզավիճակում չէի: Զուգափայտերի ու նժույգթափերի վրա առանձնապես չէի մարզվել: Կարեւորն այն է, որ հավաքվեցի ու կատարեցի վարժություններս:

Օլիմպիական խաղերից հետո ուզում էի հանգիստ վերցնել, բայց նաեւ Գերմանիայի Բունդեսլիգայում եմ հանդես գալիս: Սեպտեմբերին ակումբից չնախատեսված կանչեցին, քանի որ այլ մարզիկներ չէին կարողացել մասնակցել: Սկսեցի պատրաստվել, եւ մրցաշարերը հաջորդեցին իրար:

Վորոնինի Գավաթին էլ եկա, քանի որ այստեղ շատ բարեկամներ ու ընկերներ ունեմ, որոնց վաղուց չէի տեսել: Նրանք ինձ տրիբունաներից հետեւում եւ երկրպագում էին:

Նիկիտան հիանալի աշխատանք է կատարել, որ Պրեմիեր Լիգան կազմակերպել է, ռուս մարմնամարզիկներն այնքան էլ շատ մրցումներ չունեն, նրանց ադրենալին է պետք: Երբ նա ինձ հրավիրեց, չհրաժարվեցի: Այստեղ ելույթ ունենալն ինձ դուր եկավ, մթնոլորտն ավելի հետաքրքիր էր, քան Գերմանիայի ու Ֆրանսիայի ակումբային առաջնություններում է:

Շատ եմ ափսոսում ու ցավում, որ Փարիզում ոսկե մեդալ նվաճել չհաջողվեց, բայց մրցավարներն են որոշում ինչ գնահատականներ դնել: 2028-ին 36 տարեկան կլինեմ ու չգիտեմ կկարողանամ արդյոք մասնակցել մյուս Օլիմպիական խաղերին կամ մեկնելու դեպքում էլ ինչ մարզավիճակում կլինեմ: Ամեն նոր սերունդ ավելի ու ավելի ուժեղ է լինում:

Եթե ոսկի նվաճեի, հնարավոր է, հանգստանայի ու էլ չպատրաստվեի հաջորդ խաղերին: Ոսկուն տիրանալու ցանկություն դեռ ունեմ, տեսնենք կստացվի, թե ոչ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին