Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացող Ալբերտ Թադեւոսյանը համարում է, որ իրենք Ավստրիայի հետ կայանալիք խաղից առաջ որոշակի առավելություն ունեն, քանի որ ավելի երկար ժամանակ են ունեցել նախապատրաստվելու համար:
Ավստրիան նախօրեին հանդիպում է ունեցել Ալբանիայի հետ, իսկ դրանից 3 օր անց Երեւանում մրցելու է Հայաստանի հետ:
«Լիարժեք հավաք ենք անցկացրել ու ընկերական հանդիպում ունեցել վրացական ակումբի հետ, որի շնորհիվ մեր սխալներն ավելի ակնհայտ կերպով տեսանք: Վաղն էլ դեռ մարզվելու եւ մարտական պատրաստվածության հասնելու ժամանակ ունենք: Թեեւ ֆավորիտն Ավստրիան է, բայց կփորձենք սուր գործել ու լավ պաշտպանվել, որ հաղթենք: Մտնելու ենք խաղահրապարակ ու կռիվ տանք:
Հոգեբանորեն պատրաստ լինելն էլ շատ էական է, բայց մեր հիմնական զենքն արագ անցումներն ու հեռահար նետումներն են լինելու, ինչպես նաեւ հուսալի պաշտպանությունը: Խաղացողների մեծ մասն իրար վաղուց գիտի եւ հեշտ է լեզու գտնում: Մի քանի մարզումից հետո իրար հասկանում ենք ու հեշտ համագործակցում:
Մարզիչներից ամեն մեկն իր ոճն ու մոտեցումներն ունի, հիմա պարապում ենք Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ, բայց Ռեքս Քալամյանն էլ միշտ կապի մեջ է մարզչական շտաբի հետ: Կարեւորն այն է, որ միասնական ենք ու նույն արդյունքին ենք ձգտում:
Փորձառու մարզչի հետ ենք աշխատում ու թիմում նրա հետ ամեն ինչ լավ է: Ղազանչյանը երիտասարդների հետ շատ է աշխատել եւ հնարավոր է դա էլ ավելի դրական անդրադառնա նորեկների վրա, որոնք նախկինում նրա գլխավորությամբ արդեն հանդես են եկել:
Տնային հանդիպումները բոլոր խաղացողների համար էլ միշտ հաճելի են: Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն ու մեզ կաջակցեն: Քիչ երկրներում կհանդիպես այնպիսի երկրպագության, ինչպիսին Հայաստանում է լինում: Երկրպագուների գործոնը միշտ էլ կարեւոր է, քանի որ նրանք մեզ շատ էներգիա են փոխանցում: Այնպես որ, ովքեր դեռ տոմս չեն գնել, թող շտապեն, բոլորին կսպասենք մեր խաղին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: