Նոյեմբեր 22, 2024
114 դիտում

Ղազանչյան. Թեեւ ֆավորիտն Ավստրիան է, բայց Հայաստանը համառ պայքար կծավալի


Լուսանկարը` Basketball Federation of Armenia


Նոյեմբերի 15-ից Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երեւանում Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ հավաք է անցկացնում ու նախապատրաստվում Ավստրիայի դեմ կայանալիք հանդիպմանը:

Աշխարհի առաջնության նախընտրական փուլի հանդիպումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է նոյեմբերի 24-ին:

Հայաստանի ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ղազանչյանը մրցակցին է ֆավորիտ համարում, սակայն դա չի խանգարելու, որ իր սաները համառ պայքար ծավալեն:

«Երեկ դիտել ենք Ալբանիայի եւ Ավստրիայի (63:99) հանդիպումն ու քննարկել այն: Սպասվող դիմակայության ֆավորիտն, անկասկած, Ավստիրայի ընտրանին է, այն համալրված է փորձառու խաղացողներով, որոնք արդեն երկար ժամանակ է միասին են հանդես գալիս:  Բացի այդ էլ մրցակիցն ավելի երկար պահեստայինների նստարան ունի:

Ամեն դեպքում Ավստրիան օղակի տակ առավելություն է ունենալու, եւ սպասվող խաղը բավական բարդ է լինելու մեզ համար: Ինքներս էլ սեփական առավելություններն ու հաղթաթղթերն ունենք, որոնց մասին չեմ բարձրաձայնի: Պետք է հատկապես լավ գործենք պաշտպանությունում ու մեր պահերն օգտագործենք հարձակման ժամանակ: Մեր երկրպագուների աջակցությամբ հանդես գալն էլ կարեւոր գործոններից մեկը կլինի:

Հավաքի ընթացում ընկերական հանդիպում ենք ունեցել վրացական ուժեղ թիմերից մեկի դեմ, հատուկ ենք այնպիսի մրցակից ընտրել, որ մեր թույլ կողմերը երեւան: Հիմա աշխատում ենք դրանք շտկելու ուղղությամբ: Մեր ամենամեծ խնդիրներից մեկը խաղացողների միջեւ համագործակցությունը կարգավորելն է:

Թիմի կազմում բավական երիտասարդ բասկետբոլիստներ կան, որոնք դեռ լիովին պատրաստ չեն նման ուժեղ մրցակցի դիմակայել, բայց մի քանի րոպե խաղալ կկարողանան: Համարում եմ, որ այս առաջնության լավագույն խաղացողներից մի քանիսը՝ Քրիս Ջոնսը, Ալբերտ Թադեւոսյանն ու Անդրե Սփայթ Մկրտրյանը, մեր թիմում են հանդես գալիս:

Վնասվածքից հետո Ջոնսը դեռ իր լավագույն մարզավիճակում չի գտնվում, ընկերական խաղում էլ իր հնարավորությունների կեսով հանդես եկավ, բայց միեւնույն է իր խաղամակարդակով գերազանցում է շատերին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին