Սեպտեմբեր 25, 2024
74 դիտում

Գիլոյան. Պարալիմպիկ սպորտը զարգացնելու համար պետք է մեծ աշխատանքներ իրականացնենք


Լուսանկարը` ԿԳՍՄ

Լուսանկարը` ԿԳՍՄ

Լուսանկարը` ԿԳՍՄ

Լուսանկարը` ԿԳՍՄ

Լուսանկարը` ԿԳՍՄ


ԿԳՄՍ-ի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի հավաքականի մարզիկներին, որոնք Փարիզում մասնակցել են Պարալիմպիկ խաղերին:

Գիլոյանի խոսքով մարզիկների ելույթներից հետեւություններ են արել եւ դրանք հետագայում հաշվի կառնեն ավելի լավ արդյունքներ գրանցելու համար:

«Պետք է մեծ աշխատանքներ իրականացնենք պարալիմպիկ սպորտի զարգացման ուղղությամբ»,- Գիլոյանի խոսքերը մեջբերում է ԿԳՄՍ-ն:

Հայաստանի ազգային Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքները գոհացնող են:

«Գրետան իր բարձրացրած քաշով Եվրոպայում առաջինն է: Ցավոք, ընտանեկան խնդիրների պատճառով շուրջ 2 ամիս չկարողացավ մարզվել եւ լավ արդյունք գրանցել: Սմբատը ֆիզիկապես հոյակապ վիճակում է, պարզապես իր մարզաձեւում վճռորոշ է եղել սայլակի որակը»,- ասել է նա:

Գրետա Վարդանյանը 4-րդ անգամ է մասնակցել ամառային Պարալիմպիկ խաղերին եւ ցույց տվել իր լավագույն արդյունքը։

«Խաղերից յուրաքանչյուրը յուրովի է տպավորվել: Նախքան մրցումներին մասնակցելը երեխայիս առողջության հետ կապված խնդիրներ էին առաջացել, եւ դժվար էր կենտրոնանալ մարզումների վրա, նաեւ աշխատանքից չէի կարող երկար բացակայել: Ուրախ եմ, որ կարողացա լավ հանդես գալ եւ սահմանել անձնական ռեկորդներ: Գոհ եմ իմ արդյունքից»,- նշել է Վարդանյանը:

Նա Փարիզում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականն ու անձնական 3 ռեկորդ սահմանել՝ բարձրացնելով 104, 108 ու 114 կգ ծանրաձողերը:

Պարաաթլետ Սմբատ Կարապետյանը սայլակավազքի T54 դասակարգման 100 մետրի խմբում 14 մասնակիցների պայքարում 16:98 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը:

«Առաջին անգամ էի մասնակցում Պարալիմպիկ խաղերին: Տպավորություններս հիանալի են, սա ինձ համար մեծ փորձ էր: Ամեն ինչ արեցինք մեր երկիրը պատվով ներկայացնելու համար: Գոհ եմ, քանի որ մեր կատարած աշխատանքի դիմաց համապատասխան արդյունք գրանցեցինք»,- խոստովանել է մարզիկը:

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սարգիս Ստեփանյանն էլ Պարալիմպիկ խաղերում հանդես է եկել F55 սպորտային դասակարգմամբ ու գնդի հրում վարժությունում 10,41 մետր արդյունքով զբաղեցրել 8-րդ տեղը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին