Ապրիլ 19, 2025
exclusive
1190 դիտում

Ադրբեջանցիների կապը Լապորտայի հետ ու Երեւանի փոխարեն Բաքվում բացված «Բարսելոնա»-ի ակադեմիան


Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` sports.ru

Լուսանկարը` FC Barcelona


Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Բարսելոնա»-ն Բաքվում ֆուտբոլային ակադեմիա կհիմնի: Այդ մասին հայտարարվեց ակումբի նախագահ Ժոան Լապորտայի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Տեղեկությունից հետո Ալֆրեդ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակում արեց ու պատմեց կատալոնական ակումբի հետ ունեցած բանակցությունների մասին, որոնց արդյունքում Հայաստանում պետք է ակադեմիա հիմնադրվեր: Mediamax Sport-ը զրուցել է Հայաստանում «Բարսելոնա»-ի ֆուտբոլային ակումբի ակադեմիա բացելու նախագծի ղեկավարի հետ ու նրանից կարեւոր մանրամասներ իմացել:

Պետրոսյանը դեռ 2023 թվականի գարնանն է սեփական նախաձեռնությամբ սկսել զբաղվել Հայաստանում կատալոնական ակումբի ակադեմիա հիմնելու աշխատանքներով:

«Գաղափարն իրագործելու համար գործընկերներ գտա, այդ թվում՝ «Բարսելոնա»-ում, սակայն անուններ նշել չեմ կարող: Միասին սկսեցինք ծրագիրը կյանքի կոչել ու երկար  ամիսների բանակցությունների շնորհիվ հասանք նախադեպը չունեցող մի նախագծի: Այն պարզապես Հայաստանում «Բարսելոնա»-ի ակադեմիան չէր լինելու, այլ հանդիսանալու էր ակումբի մասնաճյուղը, ունենալու էինք նաեւ թանգարան եւ տարվա ընթացքում մեկ ամսով նրանց նմուշները ցուցադրվելու էին մեզ մոտ։ Մեր սաների հետ իսպանացի մասնագետներ էին աշխատելու, երեխաները ներառվելու էին ոչ թե մեր, այլ ակումբի համակարգում: Ունենալու էինք նաեւ «Բարսելոնա»-ի պաշտոնական հագուստ արտադրելու արտոնություններ եւ հնարավորություններ»:

Լուսանկարը` անձնական արխիվից


Նախագծի դեսպանն ակումբի լեգենդար խաղացող Ռոնալդինյոն էր լինելու, նա իր Ինստագրամի էջում պետք է ռիլ տեղադրեր, որում դուդուկով մի քանի վայրկյան «Երազ իմ երկիր» երգի երաժշտությունն էր նվագելու ու հայտարարեր ակադեմիայի մասին: Պայմանագրով նախատեսվում էր նաեւ 10 տարվա ընթացքում «Բարսելոնա»-ի լեգենդների հետ 3 ընկերական հանդիպում անցկացնել:

Պետրոսյանի խոսքով՝ նախագծի մյուս բացառիկությունը կայանալու էր նրանում, որ իրենք իրավունք էին ձեռք բերելու ակումբի անունից գործունեություն ծավալելու Կովկասում եւ Միջին Ասիայում: Տարածաշրջանում ակադեմիա բացելու դեպքում թույլտվություն պետք է ստանային հայաստանյան մասնաճյուղից: Իրենք նախատեսում էին Երեւանին զուգահեռ ակադեմիա հիմնել նաեւ Տաշքենդում:

«Արդեն հասել էինք ամենավերջին կետին եւ երկկողմանի ստուգված պայմանագիր ունեինք, մնում էր միայն այն ստորագրել: Բայց մեզ համար անհասկանալի պատճառներով ակումբի հետ կապը սկսեց խզվել, փորձում էինք ստորագրման համար օր պայմանավորվել, չէր ստացվում: Դրան զուգահեռ էլ գիտեինք, որ Ադրբեջանը մեզ խանգարելու է՝ փորձելով ակադեմիա բացել իրենց մոտ: Ժոան Լապորտայի ամենամոտ ընկերներից մեկը՝ ադրբեջանցի Ադնան Ահմազադան, ուշ էր իմացել մեր նախաձեռնության մասին, երբ ամեն ինչ արդեն պատրաստ էր: Նրա միջամտությունից հետո Լապորտային պարզապես որեւէ պատճառ էր պետք բանակցությունները չշարունակելու համար»:

Ըստ Պետրոսյանի՝ դրանից հետո «Բարսելոնա»-ի նախագահը զբաղվածության ու առավել կարեւոր գործեր ունենալու պատճառաբանությամբ սկսեց աստիճանաբար հրաժարվել համատեղ ծրագրից: Պայմանագիրը նախատեսել էին ստորագրել մինչեւ 2024-ի սկիզբը, բայց Լապորտան արդեն զանգերին չէր պատասխանում ու որեւէ կերպ այդ ամենը չէր էլ բացատրում: Հետո արդեն հայկական կողմի ինքնասիրությունն էր խոցվել, բոլոր հնարավոր միջոցներին դիմելուց ու ջանքեր գործադրելուց հետո որոշեցին հետ կանգնել ծրագրից:

Լուսանկարը` sports.ru


«Հասկացել էինք, որ մի բան այն չէ, բայց ապացույցներ չունեինք որեւէ բանում մեղադրելու համար, այլապես դրանք որպես վիրավորանք կընկալվեին: Այն, որ ադրբեջանցիների մատը խառն է, իմացանք մեկ տարի առաջ, բայց նորից հստակ փաստեր չունեինք: Բայց որքանով տեղյակ ենք, իրենց ակադեմիան տարածաշրջանում բացառիկության իրավունք չունի եւ դեռ մերը բացելու հնարավորություն ունենք: Թեեւ կապն ընդհատվեց, բայց լիովին չխզվեց, որովհետեւ դրանից ամիսներ անց այլ նախագծի շրջանակներում ստիպված էին մեզ հետ բանակցությունները վերսկել: Բայց մինչ օրս ակադեմիայի մասին չենք խոսել ու որեւէ պատճառաբանություն չենք պահանջել, թեեւ հասկանում ենք, որ այդ ամենը հետկուլիսային խաղերի արդյունք էր»:  

Պետրոսյանը համարում է, որ «Բարսելոնա»-ի համար բիզնես տեսանկյունից շահավետ է տարածաշրջանում մի քանի ակադեմիաներ հիմնելը եւ քանի որ այն քաղաքականապես չեզոք է, դեմ չի լինի Բաքվում եւ Երեւանում սեփական մասնաճյուղերն ունենալ:  

«Այս պահին մեկ բան է հստակ, որ Բաքվում ակադեմիան բացվեց, իսկ մեզ մոտ՝ ոչ: Տարբեր ներքին հարցեր կան, որոնց մասին բարձրաձայնել չեմ կարող: Բայց կնշեմ, որ նախագծի նախնական փուլում դիմել ենք Հայաստանի պետական սպորտային շահագրգիռ կառույցներին, որոնք գաղափարը հետաքրքիր են համարել ու ոչ մի բացասական խոչընդոտ չեն ստեղծել, բայց աջակցություն էլ չեն ցուցաբերել: Նորից անուններ չեմ նշի, բայց այդ զրույցներից հետո հասկացա, որ օգնություն ստանալու գործընթացն ինձնից շատ ավելի ժամանակ ու ջանքեր կխլի, քան բուն «Բարսելոնա»-ի հետ բանակցությունների վրա կենտրոնանալը: Իսկ երբ որեւէ երկրի հետ ծրագիր ես իրականացնում ու դրանում նաեւ պետական մակարդակով մասնակցություն կա, ինչպես Ադրբեջանի դեպքում էր, միանգամից լրջությունն ու գործընթացների արագությունը փոխվում է: Դա բնավ էլ պայմանավորված չէ երկրով, այլ պետական համակարգի ուժով եւ ազդեցությամբ»:

Լուսանկարը` FC Barcelona


Չնայած առաջացած բարդություններին, չեն հուսահատվում ու պատրաստվում են զրոյից նոր բանակցություններ սկսել «Բարսելոնա»-ի հետ: Լինելով կատալոնական ակումբի երկրպագու՝ Պետրոսյանը շատ է ցանկանում, որ հենց նրա ակադեմիան գործի Հայաստանում.

«Մադրիդի «Ռեալ»-ի հետ այն աշխարհի երկու թոփ թիմերից մեկն է, երրորդի մասին խոսք անգամ չկա: Սկզբունքային չէ, որ հենց «Բարսելոնա»-ի ակադեմիան բացվի, բայց շատ ցանկալի է: Հենց այդ նրա հետ սկսեցի բանակցություններ վարել, որովհետեւ ակումբի համակարգում ծանոթներ ունեմ, դա ինձ վստահություն եւ համարձակություն տվեց: Մեր բոլոր ջանքերի պտուղները վայելելու ենք ողջ երկրով ու զարկ ենք տալու հայկական ֆուտբոլին եւ սպորտին: Այն ապագայի համար մեծ ու կարեւոր նախագիծ է»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին