Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան Արցախում էթնիկ զտումները եւ ցեղասպանությունը կանխելու շտապ կոչով դիմել է միջազգային ֆեդերացիային:
«Հարգելի գործընկերներ ու ընկերներ, FIA-ն ավտոսպորտի կարեւորագույն մարմինն է, այն կազմակերպում է բազմաբնույթ մրցարշավային միջոցառումներ: Մեր կազմակերպությունը 100 տարուց ավելի մշտապես գործել է նաեւ հանուն կյանքերի փրկության:
Ընդամենը մի քանի օր առաջ ենք ստացել դեկտեմբերի 5-8-ը Բաքվում կայանալիք FIA-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու հրավեր:
Ադրբեջանն այն երկիրն է, որը 2020 թվականի պատերազմից հետո մշտապես բռնություն է գործադրել հայ խաղաղ բնակչության նկատմամբ, քանդել նրանց տներն ու պաշտամունքի վայրերը, հազարավոր ընտանիքների տեղահանել:
Վերջին 9 ամիսների ընթացքում այդ երկրի կառավարությունը լիակատար շրջափակման մեջ է պահել Արցախը՝ զրկելով էլեկտրաէներգիայից, ջրից, սննդից ու մնացած անհրաժեշտ պարագաներից, թույլ չի տվել մարդասիրական օգնություն հասնել՝ դրանով իսկ սովի եւ նվաստացման ենթարկելով տեղի բնակչությանը:
Այսօր նրանք նոր պատերազմ են սկսել խաղաղ բնակչության դեմ, որի նպատակն է հազարամյակներով իրենց հողի վրա ապրող 120 հազ. հայերի էթնիկ զտումների ենթարկել:
Որպես FIA-ի շուրջ համախմբված մեծ ընտանիք՝ հանուն այս կարեւոր խնդրի գործելու ազդեցություն եւ պատասխանատվություն ունենք:
Բարձրացրեք իրազեկությունը, օգտագործեք մեր մեծ հարթակը եւ ուշադրություն հրավիրեք Արցախի ճգնաժամի վրա, միաժամանակ դատապարտեք բռնությունն ու էթնիկ զտումները:
Հանդես եկեք հանուն խաղաղության, կոչ արեք Ադրբեջանի կառավարությանը անհապաղ դադարեցնել հակամարտությունը եւ աշխատել միայն խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մեր հավաքական պարտքն է կանխել ցեղասպանության կրկնությունը, կարեւոր փոփոխություն անելու ներուժ ունենք:
Կոչ ենք անում FIA-ին ցուցաբերել սկզբունքային դիրքորոշում եւ գործել արագ՝ անմեղ կյանքեր փրկելու եւ համամարդկային արժեքները պաշտպանելու համար»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: