Հունվար 15, 2025
858 դիտում

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի անդրադարձն Ազարյանի հիշատակին


Լուսանկարը` Մեդիամաքս


Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան անդրադարձել է Հայաստանի մարզական լեգենդ Ալբերտ Ազարյանին ու վերհիշել նրա ձեռքբերումները։

«Ազարյանի կյանքը դեռահաս դարբնից մինչեւ մարմնամարզության լեգենդ սպորտի ամենանշանավոր պատմություններից է: Ծնվել է 1929թ. փետրվարի 11-ին այն ժամանակվա Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում։ Ազարյանը հոր մահից հետո ստիպված թողել է դպրոցը եւ աշխատանքի անցել դարբնոցում, որպեսզի հոգա ընտանիքի կարիքները։

Նա սպորտում հայտնվել է, երբ մի խումբ հայ մարմնամարզիկներ մեկնել են իրենց քաղաք (Վանաձոր, խմբ․) ցուցադրական ելույթների։ Սա ոգեշնչել է Ազարյանին ու այլ երիտասարդների հետ սկսել է փորձել ուժերը գործիքների վրա։ Կարճ ժամանակ անց նա հրավիրվել է պրոֆեսիոնալ մարզումների։

Դարբնոցում սովորած իր հմտությունները նա օգտագործեց, զարգացրեց օղակների վարժությունում՝ նորարարություն մտցնելով այստեղ։ 1953-ին հայտնի դարձավ ԽՍՀՄ-ում ու իր առաջին առաջնությունում ցույց տվեց նշանավոր տարրը՝ երկաթե խաչը։ Տարրը հետագայում ստացավ «Ազարյանական խաչ» անվանումը։

Նա դարձավ ԽՍՀՄ հավաքականի հիմնական անդամներից մեկը, նվաճեց 1954 եւ 1958-ին ԱԱ-ի ոսկե մեդալ, 1956-ին ու 1960-ին հռչակվեց Օլիմպիական չեմպիոն։ 1950-ականներին օղակների վրա վարժության առաջատարն էր եւ ոչ-ոք այդ գործիքի վրա նրանից լավը չէր»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին