Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված այս ընթացքում սպորտային իրադարձությունները հետաձգվեցին կամ չեղարկվեցին: Դրանց մասնակցությունից զրկվեցին նաեւ մինչեւ 18 տարեկան մարզիկները, որոնց մի մասն ամառային զորակոչին համալրելու է Զինված ուժերի շարքերը:
Mediamax Sport-ը հարցումներ է ուղարկել Հայաստանի պաշտպանության ու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություններ ու փորձել հասկանալ, թե ինչպես է լուծվելու նշանակալի նվաճումներ ունեցող մարզիկներին տարկետում տալու հարցը:
Զինվորական ծառայությունից տարկետում ստանալու կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման մեջ: Այստեղ նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով քաղաքացին կամ ազգային ֆեդերացիաները սպորտի բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացնում են համապատասխան հայցադիմումները:

Լուսանկարը` ՀՀ ՊՆ
Նշանակալի նվաճումներ ունեցող են համարվում՝
. Օլիմպիական մարզաձեւերի Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների, երիտասարդների, պատանիների), Օլիմպիական խաղերում, Եվրոպական խաղերում, պատանեկան Օլիմպիական խաղերում, համաշխարհային Ունիվերսիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ առաջիկա Օլիմպիական, պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկները: Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ պատանեկան Օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված եւ առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները:
. Ոչ Օլիմպիական մարզաձեւերից ուշուի, սամբոյի Աշխարհի, Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների առաջնությունում, Եվրոպական խաղերում, համաշխարհային Ունիվերսիադայում 1-3-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարածները եւ պատանիների առաջնությունում 1-2-րդ տեղերը գրավածները:
. Հայաստանի ֆուտբոլի հավաքականների անդամները, սակայն յուրաքանչյուր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա 22 մարզիկների:
. ՀՀ քաղաքացիություն ստացած եւ Հայաստանի դրոշի ներքո միջազգային առաջնություններին մասնակցող մարզիկները:
«Քանի որ որոշման 5-րդ կետով սահմանված է, որ զինվորական ծառայությունից տարկետում են ստանում դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 4 տարվա, իսկ ոչ Օլիմպիական ձեւերից 3 տարվա ընթացքում, ուստի որեւէ մարզիկ զրկված չէ տարկետում ստանալու իրավունքից՝ նախորդ տարիների սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների հիման վրա։ Միաժամանակ հայտնում ենք, որ 2020 թվականի հունիսի 10-ի դրությամբ որեւէ ֆեդերացիա զորակոչի հետ կապված բողոք կամ առաջարկություն չի ներկայացրել ԿԳՄՍ, ֆեդերացիաներում իրենց մարզիկների ամառային զորակոչից տարկետում ստանալու իրավունքից օգտվելու համար խնդիրներ չեն առաջացել»,-հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Բացառություն են կազմում միայն Հայաստանի ֆուտբոլի պատանեկան եւ երիտասարդական ազգային հավաքականների մարզիկները, որոնց տարկետում է տրվում երկու տարի ժամկետով:

Լուսանկարը` ՀՀ ՊՆ
ԿԳՄՍ-ից հայտնում են, որ մշակել են «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին» Կառավարության որոշման նախագիծը, որում ընդգրկված է 55 մարզիկ զինակոչիկ:
Տարկետում ստանալու են 13 հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբիշ, 4 բռնցքամարտիկ, 4 ծանրորդ, 2 ձյուդոյիստ, 2 շախմատիստ, 26 ֆուտբոլիստ եւ ատլետիկայի, հրաձգության, սամբոյի ու ուշուի մեկական ներկայացուցիչ:
Նախագիծը համաձայնեցվել է Պաշտպանության նախարարության հետ, կառույցից հայտնել են, որ ներկայացված 55 քաղաքացիներին տարկետում տրամադրելու վերաբերյալ առարկություններ չունեն: Այժմ նախագիծը պետական փորձագիտական եզրակացության է ուղարկվել Արդարադատության նախարարություն։
ՊՆ-ից տեղեկացել ենք նաեւ, որ մարզիկ զինծառայողները զորակոչվում են մարզական վաշտ, որը գործում է 2019 թվականի ամառային զորակոչից: Ներկա պահին մարզական վաշտում ծառայում են 30 մարզիկներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: