Նոյեմբեր 22, 2024
6881 դիտում

Ճապոնիայի դեսպան. ՕԽ-ն ցույց կտա՝ ինչպես միասնական լինել բնության հետ


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` olympic.org

Լուսանկարը` olympic.org


Հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը Տոկիոն 2-րդ անգամն է ընդունելու ամառային Օլիմպիական խաղերը: Առաջին անգամ Ծագող արեւի երկրում խաղերը կայացել էին 1964 թվականին:

Այսօր լրագրողների հետ հանդիպել ու խաղերի նախապատրաստական փուլի մասին պատմել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան:

2019-ի տարեվերջին եմ եղել Տոկիոյում, այնտեղ արդեն, գրեթե, ամեն ինչ պատրաստ է: Հույս ունեմ, որ այս խաղերը ոչ միայն Ճապոնիայի, այլ ամբողջ աշխարհի համար մեծ իրադարձություն կլինեն: Մեզ համար մեծ պատիվ է 2-րդ անգամ խաղերն անցկացնելը:

Փորձել ենք այնպես անել, որ շատ գումար չծախսենք կառույցների վրա, հիմնականում օգտագործել ենք ունեցածները, բացառությամբ մեկ նոր ստադիոնի, որը 3 տարվա աշխատանքներից հետո պատրաստ է:

Մենք պահպանելու ենք Օլիմպիական հիմնական գաղափարները, որոնք համամարդկային են, բայց մեր ուղերձն էլ ունենք աշխարհին՝ ցույց տալ, ինչպես ներդաշնակ ապրել ու բնության հետ միասնական լինել:

Լուսանկարը` olympic.org


Ցանկանում ենք ցույց տալ նաեւ, թե ինչպես է Ճապոնիան վերականգնվել 2011 թվականին տեղի ունեցած ավերիչ ցունամիից հետո: Արդեն 9 տարի է անցել, ու մենք աշխարհին բոլորովին վերափոխված կներկայանանք:

Խաղերի նորարարություններից մեկն այն է, որ ամեն հավաքականի համար հյուրընկալվող քաղաք է ընտրվել, Հայաստանի քաղաքը Մինամիայզուն է: Այն ըմբշամարտով է շատ հետաքրքրված ու պատահական չէ, որ հենց ձեր երկիրն է ընտրել, որն ուժեղ է այս մարզաձեւում:

Խաղերի ավարտից հետո մարզիկները կկարողանան այցելել Մինամիայզու, մի քանի օր հանգստանալ, հույս ունեմ, որ նաեւ հաջողությունները նշել:

Լուսանկարը` olympic.org


Քանի որ Հայաստանի հետ քույր քաղաք Ճապոնիան չունի, շատ կցանկանանք, որ Մինամիայզուին համապատասխան արժեքներով հայկական քաղաք ընտրվի: Դա կնպաստի փոխադարձ հարաբերությունների ամրապնդմանը:

Ամբողջ աշխարհում կորոնա վիրուսի հետ կապված բարդ իրավիճակ է տիրում, բայց խաղերը չեղարկելու պատճառ չկա: Գուցե, լավատես եմ, բայց սովորաբար գարունից հետո բոլոր հիվանդություններն ու դրանց հետեւանքները մեղմանում են: Հույս ունենք մինչեւ խաղերն ամեն ինչ լավ կլինի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին