Հունիս 07, 2025
exclusive
5664 դիտում

Ռոդնինայի հակահայկական խոսքերն ու մարզադպրոցի անվանափոխումը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` yerevan.am

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Իրինա Ռոդնինայի անվան Երեւանի գեղասահքի մարզադպրոցը կարող է անվանափոխվել: Նման նախաձեռնությամբ են հանդես եկել ԱԺ-ի մի քանի պատգամավորներ ու կդիմեն Երեւանու ավագանուն:

Վերջերս Օլիմպիական չեմպիոն, Պետդումայի պատգամավոր ու ՌԴ-ի դաշնային ժողովի Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ  Իրինա Ռոդնինան եղել է Բաքվում ու հակահայկական հայտարարությամբ հանդես եկել:

Իրինա Ռոդնինան նշել էր, որ ինքը միայն կես տարի առաջ է իմացել այսպես կոչված «Խոջալուի դեպքերի» մասին:

«Կարծում եմ, որ պետք է ռուսական հասարակությանը տեղյակ պահենք այս ամենի մասին, հարկավոր է շատ հաղորդումներ պատրաստել: Ուզում ենք, որ «Խոջալուի աղետը» լինի ոչ միայն ադրբեջանցիների, այլ նաեւ մեր ցավը: Այս ամենը հարկավոր է չմոռանալ ու փոխանցել հաջորդ սերունդներին»,-moscow-baku.ru-ին ասել է Ռոդնինան:

Լուսանկարը` yerevan.am


Երեւանի գեղասահքի ու տափօղակով հոկեյի մանկապատանեկան դպրոցը հիմնադրվել է 1971 թվականին: Շենքային վատ պայմանների պատճառով մարզաձեւերը չեն զարգացել ու դպրոցում երկար տարիներ չի գործել սահադաշտը։

2015 թվականից այն ստացել էր Իրինա Ռոդնինայի անունն ու տեղափոխվել Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող նորակառույց շենք: Գեղասահքի դպրոցը կառուցվել է  «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Սերգեյ Համբարձումյանի միջոցներով ու տրամադրվել Երեւանի քաղաքապետարանին:

Mediamax Sport-ին մարզադպրոցի տնօրեն Մելինե Ավագյանն ասել է, որ խնդրի մասին տեղյակ է սոցցանցերից ու կայքերից: Նա նշել է, որ Ռոդնինան մի քանի անգամ եղել է դպրոցում, հանդիպել սաների ու մարզիչների հետ: 

«Եթե, իսկապես, նման բաներ է ասել հայերի մասին, ես էլ լավ չեմ վերաբերվում, որ մարզադպրոցը շարունակի կրել նրա անունը: Վերջին այցելության ժամանակ Ռոդնինան մեզ հետ խոսել է հետագա համագործակցության ու օգնության մասին: Նա անդրադարձել է մարզչական դասընթացներին օժանդակելուն ու մրցավարական համակարգին: Մենք միջազգային մրցավարներ չունենք, ու շատ կարեւոր է այդ հարցի լուծումը»,- ընդգծել է Ավագյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նրա խոսքով, դպրոցը համապատասխանում է միջազգային չափանիշներին, սակայն զարգացման համար ուժեր ու ներդրումներ են պետք, իսկ Ռոդնինան խոստացել է օգնել այդ հարցերում.

«Նա միշտ այնքան հպարտությամբ է խոսել մարզադպրոցի ու ջերմությամբ՝ Հայաստանի մասին: Վերջերս հայ-ռուսական կապերի մասին է անդրադարձել ու ընդգծել, որ ծառ է տնկել, երեխաներ ունի ամբողջ աշխարհով մեկ, իսկ ահա տուն կառուցել է Հայաստանում»:

Ռոդնինայի արած հայտարարությանն արձագանքել էր նաեւ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային Խորհրդի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ: Նա քննադատել էր ռուս պատգամավորների այդ քայլը. «Արդարացի տարակուսանք է հարուցում, որ նրանցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ են»:

Դժգոհություն էր հայտնել նաեւ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին