Հովհաննես Թումանյանի մեծությունը բացահայտվում է ամեն օր, նրա ստեղծագործություններն այնքան խորն են, որ նրանց հատակը կամ չի նշմարվում, կամ էլ քչերին է հաջողվում տեսնել:
Այսօր՝ Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակին, Mediamax Sport-ը հավաքեց առողջ ապրելակերպի մասին նրա մտքերն ու բացահայտումները:
Թումանյանը շատ հետաքրքրասեր ու անընդհատ սովորող մարդ է եղել, ուսումնասիրել է ամեն ինչ՝ փիլիսոփայությունից մինչեւ բժշկություն, աստվածաբանությունից մինչեւ բնագիտություն: Նրա գրադարանն ունեցել է 8000-ից ավելի գիրք, որոնց մեջ առանձին բաժին են կազմել բժշկական գրքերը, ամսագրերն ու տարբեր հոդվածները:
Թումանյանը համոզված է եղել, որ մարդ պետք է իրեն առողջ պահի, ճիշտ ապրի ու զբաղվի մարմնամարզությամբ: Բանաստեղծի գրադարանում առկա բժշկական գրականության մեջ հաճախ հանդիպում ենք նրա ձեռքով կատարված նշումների: Այսօր պահվում են նրա գրած տարբեր բույսերից պատրաստող դեղատոմսեր:
Նրա դուստր Նվարդ Թումանյանը գրել է. «Հայրիկը բույսերի, ծաղիկների բուժիչ հատկությանը շատ էր հավատում: Դեղ ասած բանը չէր սիրում, դժգոհությամբ եւ դժկամությամբ էր ընդունում, բայց երբ իմանում էր, որ այս կամ այն դեղն իրեն ծանոթ բույսից կամ ծաղկից էր պատրաստված, ընդունում էր մեծ հավատով, եւ սկսում էր խոսել բույսերի, ծաղիկների հատկությունների մասին»:
Նվարդը գրել է նաեւ, որ երբ ամռանն իրենք գնում էին Դսեղ, հայրն անընդհատ նամակներ էր գրում ու խորհուրդ տալիս լինել բնության գրկում, ազատ ու մաքուր օդում: Նա լավ գիտեր հայրենի լեռների բույսերի՝ ուրցի, դաղձի, մասուրի բուժիչ հատկությունների մասին:
Լուսանկարը` toumanianmuseum.am
Մեծ բանաստեղծը մեծ տեղ է տվել մարզանքին՝ առավոտյան վաղ պատշգամբում կամ բնության մեջ:
Թումանյանը որոշ մտքեր խոշոր տառերով գրել է քարտերի վրա եւ փակցրել սեղանատան նկարների տակ, որպեսզի երեխաները կարդան եւ հիշեն: Օրինակ՝ «Մաքրությունը առողջության հիմքն է», «Խնդրում եմ չծխել», «Առողջ մարմնի մեջ՝ առողջ հոգի»:
Այս հզոր անհատականությունն ու մարդը համոզված է եղել, որ յուրաքանչյուր հայ պետք է ունենա նպատակ ծառայել իր ժողովրդին: Իսկ դրա համար առաջին հերթին պետք է ձգտի լինել առողջ:
Ավարտենք Թումանյանին նվիրված մեր փոքրիկ անդրադարձը նրա նամակով, որն ուղղված է որդուն՝ Արտավազդին:
«Միշտ եւ ամենից առաջ՝ առողջ եւ առողջ: Հիվանդ մարդը, տկար ու թույլ մարդն ինչ ուզում է սովորի, դատարկ բան է. ո՛չ ինքը կզգա իր ապրելը, ո՛չ էլ ուրիշ բանի կյանք կտա: Առողջ հոգով ու մարմնով եւ ժամանակի գիտությունով ու լուսավորությունով ճոխացած` ահա թե որն է մարդը»:
Նյութում օգտագործվել են հատվածներ Հովհաննես Թումանյանի թանգարանի արխիվներից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: