Փետրվար 23, 2026
exclusive
19001 դիտում

Սարգսյան.Աշոցքը կփորձենք դահուկային կենտրոն դարձնել


Լուսանկարը` Armenian Ski Federation


Հայաստանի այս տարվա դահուկավազքի առաջնությունը Ծաղկաձորի փոխարեն կայանալու է Աշոցքում: Տեղափոխության պատճառը ձնի սակավությունն է:

Առաջնությանը կմասնակցեն մոտ 50 մարզիկներ, կլինեն նաեւ դահուկորդներ Իրանից, Մեքսիկայից, Չիլիից ու Բրազիլիայից: Քանի որ մրցաշարը վարկանշային է, նրանք կփորձեն ապահովել իրենց մասնակցությունը 2018-ի Օլիմպիական խաղերում:

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը Mediamax Sport-ին ասել է, որ Հայաստանի առաջնությամբ նաեւ սկսելու են զարգացնել դահուկային սպորտի նոր կենտրոնը:

«Փորձելու ենք Աշոցքին միջազգային ճանաչում տալ ու հավաքականների մարզումային լուրջ կենտրոն դարձնել: Հայաստանյան մրցաշարերի մեծ մասն այնտեղ ենք անցկացնելու:  Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի ու դոնոր կազմակերպությունների աջակցությամբ այն փորձելու ենք զարգացնել»,- նշել է Սարգսյանը:

Ըստ նրա՝ կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները. հարմար բնակլիմայական պայմանները, նոր Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, Գյումրու օդանավակայանը, Վրաստանին սահմանակից լինելը:

«Գյումրուց հեռավորությունն ընդամենը 30 կմ է, մենք հնարավորություն կտանք էժան ավիատոմսերով մարզվել հիանալի պայմաններում: Արդեն հրաշալի դահուկուղի ունենք, մի քանի օր է այն շահագործվում է»,- ավելացրել է նա:

Մեր ընտրանին