Դեկտեմբեր 27, 2024
exclusive
16865 դիտում

Լեգենդար բասկետբոլիստ Շարունաս Մարչյուլյոնիսը հունիսի 3-6-ը կայցելի Հայաստան


Շարունաս Մարչյուլյոնիս
Շարունաս Մարչյուլյոնիս

Լուսանկարը` i.cdn.turner.com/


Հունիսի 3-6-ը Հայաստան կայցելի լեգենդար լիտվացի բասկետբոլիստ Շարունաս Մարչյուլյոնիսը:

Այցի կազմակերպիչներն են Հայաստանում Լիտվայի դեսպանատունը եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունը, գլխավոր գործընկերն է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Շարունաս Մարչյուլյոնիսը Սեուլի Օլիմպիական խաղերի չեմպիոն է (1988թ, ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում), Բարսելոնայի (1992թ, Լիտվայի հավաքականի կազմում) եւ Ատլանտայի (1996թ, Լիտվայի հավաքականի կազմում) Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: 


1988թ. օլիմպիական չեմպիոններ (ձախից աջ) Շարունաս Մարչյուլյոնիսը, Ռիմաս Կուրտինայտիսը, Արվիդաս Սաբոնիսը եւ Վալդեմարաս Խոմիչյուսը:

1981-1989թթ Շարունաս Մարչյուլյոնիսը հանդես է եկել «Ստատիբա» ակումբում (Վիլնյուս):

Շարունաս Մարչյուլյոնիսը դարձավ խորհրդային առաջին լեգեոներներից մեկը ամերիկյան Ազգային բասկետբոլային լիգայում (NBA): 1989թ. նա պայմանագիր կնքեց Golden State Warriors ակումբի հետ, որում հանդես էր գալիս մինչեւ 1994թ: 1994-1997թթ. Մարչյուլյոնիսը հանդես է եկել Seattle SuperSonics, Sacramento Kings եւ Denver Nuggets ակումբներում:

«2009 թվականին Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում մեր հյուրերից էր լեգենդար ավստրալիացի թենիսիստ, Ուիմբլդոնի չեմպիոն Փեթ Քեշը, ով վարպետության դաս վարեց պատանի հայ թենիսիստների համար: Անցել է շուրջ 5 տարի, բայց ես մինչ օրս չեմ կարող մոռանալ ոգեւորությունը երեխաների աչքերում, որոնց հետ պարապում էր լեգենդար չեմպիոնը: Այս տարի Մեդիամաքսը տոնում է իր 15-ամյակը, եւ այդ առիթով որոշեցինք գործարկել «Մեծ չեմպիոններ» նախագիծը, որի շրջանակներում պարբերաբար Հայաստան ենք հրավիրելու հայտնի մարզիկների, ովքեր վարպետության դասեր կանցկացնեն հայ երեխաների համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համաձայնեց դառնալ «Մեծ չեմպիոններ» նախագծի գլխավոր գործընկերը, եւ երբ Լիտվայի դեսպանն առաջարկեց Շարունաս Մարչյուլյոնիսին Հայաստան հրավիրել, հասկացանք, որ դա նախագծի գերազանց մեկնարկ կլինի»,- ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:  

«Հայաստանում շատ էին սիրում լիտվական բասկետբոլը: Երբ 80-ականների կեսերին անցկացվում էին ԽՍՀՄ առաջնության եզրափակիչ հանդիպումները Մոսկվայի ԲԿՄԱ-ի եւ Կաունասի «Ժալգիրիսի» միջեւ, Հայաստանում շատ-շատերն անգիր գիտեին լիտվական թիմի բոլոր խաղացողների անունները, որոնց անկեղծորեն երկրպագում էին», - հավելել է Արա Թադեւոսյանը:

Այցի շրջանակներում Շարունաս Մարչյուլյոնիսը կհանդիպի ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանին, Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար եւ Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանին:

Հունիսի 4-ին Շարունաս Մարչյուլյոնիսը «Գրանդ Սպորտ» ակումբում վարպետության դաս կանցկացնի շուրջ 120 տղաների եւ աղջիկների համար:

Հունիսի 4-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա լիտվական բասկետբոլի ֆենոմենի մասին պատմող «The Other Dream Team» ֆիլմի ցուցադրությունը, որից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա հարցեր ուղղել Շարունաս Մարչյուլյոնիսին:

Մեդիամաքսի ընթերցողները հնարավորություն ունեն շահել ֆիլմի ցուցադրության հրավիրատոմսեր` պատասխանելով մրցույթի հարցերին, որը հասանելի է այս հղումով:

2014թ. հունիսի 13-ին Շարունաս Մարչյուլյոնիսը կդառնա 50 տարեկան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին