Ապրիլ 30, 2024
3137 դիտում

Մեկ կադրում. Մատերացին ու Կոշտան հետեւում են վառվող «Սան Սիրոյին»


Լուսանկարը` Reuters


Ֆուտբոլային ամենահայտնի լուսանկարներից մեկը հենց սա է, որի հեղինակը Reuters-ի լուսանկարիչ Ստեֆանո Ռելանդինին է:

Mediamax Sport«Մեկ կադրում» այս անգամ անդրադառնանք միլանյան դերբիի ամենահիշվող խաղերից մեկի ժամանակ արված այս նկարին:

Մարկո Մատերացին ու Ռուի Կոշտան հանգիստ կանգնած դիտում են այն խառնաշփոթը, որը տեղի է ունենում հարազատ «Սան Սիրո» մարզադաշտում:

«Ես ցանկանում էի այնպիսի կադր ստանալ, որի մեջ կլինեն մեկական ֆուտբոլիստ «Ինտերից» ու «Միլանից», իսկ հեռվից կերեւա առաջացած ծուխը: Մատերացին ու Կոշտան կանգնած էին կողք կողքի, ու ես մի քանի կադր նկարեցի: Հանկարծ Մատերացին մի քանի վայրկյանով ձեռքը դրեց Կոշտայի ուսին, ու այդ ժամանակ ես ասացի, բում: Երեք անգամ նկարեցի պահն ու մտածեցի. այ քեզ  հիանալի նկար»,- The Bleacher Report-ին պատմել է Ստեֆանո Ռելանդինին:

2005 թվականի ապրիլի 12-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտն ընդունել էր Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպումը, իսկ միմյանց դեմ մրցում էին «Ինտերն» ու «Միլանը»:

Թիմերի առաջին խաղն ավարտվել էր «Միլանի» 2:0 հաշվով հաղթանակով: Անդրեյ Շեւչենկոյի գոլի շնորհիվ «Միլանը» կրկին առաջ է անցնում, սակայն Էստեբան Կամբիասոն հավասարեցնում է հաշիվը, իսկ մրցավարն այն չի հաշվում՝ նկատելով խաղի կանոնների խախտում: Արգենտինացու բողոքներին մրցավարը պատասխանում է դեղին քարտով:

Ահա այստեղից էլ սկսվում են անկարգությունները: «Ինտերի» երկրպագուները տարբեր իրեր ու պայթուցիկ նյութեր են նետում խաղադաշտ: Պայթուցիկներից մեկը դիպչում է դարպասապահ Դիդային, որն ընկնում է խոտածածկին:

Մրցավարը թիմերին դաշտից հեռացնում է: Խաղը վերսկսվում է 25 րոպե անց, սակայն անկարգությունները չեն դադարում:

Խաղը վերջնականապես կանգնեցվում է: «Ինտերին» տրվում է 0:3 հաշվով պարտություն ու 300 հազար շվեյցարական ֆրանկ տուգանք, եվրագավաթային վեց խաղ էլ թիմը պետք է անցկացներ առանց հանդիսականների:

«Եթե ձեր աշխատանքներից մեկը դառնում է ինչ-որ բանի խորհրդանիշ ու միանգամից ճանաչում ձեռք բերում, հպարտանում եք դրանով: Լուսանկարիչները ցրտին, անձրեւին, խաղից առաջ շուտ գալիս են ստադիոն, հերթ կանգնում, որպեսզի լավ դիրք զբաղեցնեն դաշտում: Բայց դա ոչ ոքի չի հետաքրքրում: Սակայն երբ ունենում ես կարիերայիդ ընթացքում այսպիսի նկար, հասկանում ես, որ արժեր անցնել այդ ամենի միջով»,-ավելացրել է լուսանկարիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին