«Բարսելոնայի» Մ-12 տարեկանների թիմը պարզապես տաղանդավոր ֆուտբոլիստների խումբ չէ: Թեեւ նրանք դեռ բավականին փոքր են, սակայն գիտեն, ինչպես կարեկցել ու աջակցել մյուսներին:
Նրանք կապտանռնագույնների մեծ ֆուտբոլիստների՝ Կրոյֆի, Գվարդիոլայի, Պույոլի, Խավիի, օրինակով են սովորել հարգել մրցակիցներին: Ներկայիս կազմի խաղացողներն էլ շարունակում են փոքրիկներին փոխանցել ոչ միայն սերը ֆուտբոլի ու հաղթանակների նկատմամբ:
Mediamax Sport-ի «Մեկ կադրում» Laureus-ի կողմից 2017-ի լավագույն սպորտային պահ մրցանակը ստացած «Բարսելոնայի» Մ-12 տարեկաններն են:
Junior Soccer World Challenge-ի եզրափակչում «Բարսելոնայի» թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ ճապոնական «Օմիյա Արդիյայի» նկատմամբ ու նվաճեց հաղթողի կոչումը:
Այն նույն պահին, երբ կապտանռնագույնները ցնծության մեջ էին ու տոնում էին իրենց նվաճումը, ճապոնացիներն արցունքն աչքերին պատրաստվում էին լքել խաղադաշտը:
Բայց կատալոնացի երեխաներն իրենց իսկական մեծերի պես պահեցին, նրանք մոտեցան ու գրկեցին մրցակիցներին՝ սփոփանքի խոսքեր ասելով:
Մոնակոյում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Laueus-ի մրցանակն իր թիմին հանձնեց Կառլես Պույոլը: «Տղաները ցույց տվեցին մեր ակումբի արժեքները, հարգանքն ու արդար խաղի նկատմամբ վերաբերմունքը»,- ասաց Մ-12 տ. թիմի մարզիչ Սերգի Միլան:
Հիմա ֆուտբոլիստներից շատերն արդեն հանդես են գալիս մինչեւ 14 տարեկանների թիմում, եւ ով գիտի, հնարավոր է մոտ ապագայում հենց նրանք համալրեն «Բարսելոնայի» գլխավոր թիմը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: