Ապրիլ 30, 2024
exclusive
12197 դիտում

Մեկ կադրում. The Beatles-ի ու Մուհամեդ Ալիի «նոկաուտը»


Լուսանկարը` startribune.com

Լուսանկարը` nolook.ru


Այսօր Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում կենդանություն ենք տալու Մուհամմեդ Ալիի ու The Beatles-ի հայտնի նկարին:

Համաշխարհային մեծության այդպիսի աստղերի մեկ նկարում տեսնելը մեծ ուրախություն է, իսկ երբ լուսանկարը նաեւ հետաքրքիր պատմություն ունի, միանգամից հայտնվում է մեր ուշադրության կենտրոնում:

Նկարն արվել է լիվերպուլյան քառյակի առաջին համաշխարհային շրջագայության ժամանակ: Հանրահայտ խումբն ԱՄՆ-ում 11 օր անցկացրեց, որի ժամանակ էլ 1964 թվականի փետրվարի 18-ին հանդիպեց 22-ամյա Կասիուս Կլեյի հետ (ավելի ուշ նա ամբողջ աշխարհին հայտնի դարձավ Մուհամեդ Ալի անունով):

Ալին Մայամիում պատրաստվում էր Սոննի Լիստոնի հետ դիմակայությանը: The Beatles-ը պլանավորում էր հանդիպել հենց Լիստոնի հետ, այլ ոչ թե «շատախոսի, որը պատրաստվում է պարտվել»,-ասել էր Ջոն Լենոնը:

Սակայն Լիստոնին այդ հանդիպումն ընդհանրապես չէր հետաքրքրում. «Չեմ պատրաստվում այդ նուրբիկների հետ լուսանկարվել: Նրանց երաժշտությունն էլ լավը չէ, իմ շունը թմբուկի վրա ավելի լավ կարող է նվագել, քան նրանց մեծ քթով տղան է անում»:

Դա էր պատճառը, որ լիվերպուլյան քառյակը համաձայնեց հանդիպել ակնհայտ հետնապահի հետ: Երբ Ալին մարզադահլիճում տեսավ երաժիշտներին, այսպես ասաց. «Ողջույն Բիթլեր: Միասին մենք ինչ-որ շոու պետք է կազմակերպենք, հաստատ կհարստանանք»:

Ու արդյունքում Ալին ձեւացրեց, թե հարվածում է Ջորջ Հարիսոնին, որի կողքին կանգնած էին խմբի մյուս տղաները: The Beatles-ը հայտնվեց «նոկաուտում», Ալիին էլ մնում էր միայն գոհ դեմքով կանգնել տղաների գլխավերեւում:

Դա ընդամենը գովազդային հնարք էր, բայց ինչպես պարզվեց հետագայում, աշխատեց:

Այդ ժամանակ է, որ Ալին Լենոնին ասաց իր հայտնի արտահայտություններից մեկը. «Դու այնքան էլ հիմար չես, ինչպես թվում է»: Դրան հաջորդեց Լենոնի անկեղծ պատասխանը. «Բայց դու հենց այդպիսին ես»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին