Դեկտեմբեր 09, 2024
exclusive
121210 դիտում

Անցյալից եկած հերոսները. Արմեն Նազարյան


Լուսանկարը` armennazaryan.tripod.com

Լուսանկարը` nazaryan.net

Լուսանկարը` nazaryan.net

Լուսանկարը` nazaryan.net

Լուսանկարը` nazaryan.net

Լուսանկարը` nazaryan.net

Լուսանկարը` nazaryan.net

Լուսանկարը` nazaryan.net

Լուսանկարը` nazaryan.net

Լուսանկարը` nazaryan.net

Լուսանկարը` nazaryan.net

Լուսանկարը` nazaryan.net

Լուսանկարը` nazaryan.net

Լուսանկարը` chempionanonce.com

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Էդվին Գրիգորյանի

Լուսանկարը` nazaryan.net

Լուսանկարը` nazaryan.net

Լուսանկարը` nazaryan.net

Լուսանկարը` nazaryan.net

Լուսանկարը` nazaryan.net


Արմեն Նազարյանն իմ մանկության կուռքն է եղել, ես մեծացել եմ նրա սպորտային սխրագործությունների մասին լսելով:

Դպրոցական տարիներին ամառային արձակուրդներս հաճախ պապիկիս տանն էի անցկացնում, ու մեր հարեւանությամբ ապրում էր մեծ մարզիկը, որի մասին այդքան ոգեւորությամբ խոսում էին մեր բակի բոլոր երեխաներն ու երազում նմանվել նրան: Ինձ համար նա իսկական լեգենդ էր, որին այդպես էլ այն տարիներին տեսնելու բախտ չվիճակվեց:

Ու անգամ ենթադրել չէի կարող, որ շատ տարիներ անց ընկերական ու ջերմ մթնոլորտում վերհիշելու ենք նրա կյանքի ամենավառ ու գեղեցիկ դրվագները, այդքան մեծ դժվարությամբ տրված նվաճումներն ու կայացրած ճակատագրական որոշումները:

Mediamax Sport-ի «Անցյալից եկած հերոսները» շարքում ներկայացնում ենք Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանին:

Կոտրած ականջները, մարզչի գրազն ու փոքր չամիչը

Արմեն Նազարյանը միշտ անսահման հավատ է ունեցել սեփական ուժերի նկատմամբ, նա իմացել է, որ անկախ ամեն ինչից ու բոլոր դժվարություններից կարողանալու է դուրս գալ սպորտային անհավանական բարձրության վրա:

Իսկ դա անելն, իսկապես, հեշտ չի եղել: Գյուղում բնակվող տղայի համար այդ երազանքն իրականացնելու համար գերմարդկային ջանքեր են պետք եղել:

Փոքրիկ ու ճարպիկ Արմենին ծնողներն են որոշել սպորտի տանել: Նրա մոտ սպորտային կրակը բորբոքելու համար առաջարկել են նմանվել անվանի հայ մարզիկներին, որոնց ելույթներին հեռուստացույցով սիրում էին ողջ ընտանիքով հետեւել: Բայց ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ Արմեն Նազարյանը ոչ միայն անցնելու է նրանց ուղին, այլեւ ավելի մեծ ու անհավանական հաղթանակներ է արձանագրելու:

Լուսանկարը` nazaryan.net


«Այդ ժամանակ Մասիս էր եկել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոբերտ Ներսիսյանն ու խումբ էր հավաքում: Բոլորս հիացած էինք Ներսիսյանով, այնքան գեղեցիկ կազմվածք ուներ, որ ուզում էինք նրան նմանվել: Անգամ երազում էինք մեր մարզչի պես կոտրած ականջներ ունենալ, քանի որ դա ուժեղ մարզիկ լինելու մասին էր վկայում»,- մանկական տարիների ավյունով պատմում է Օլիմպիական չեմպիոնը:

Շատ շուտով Արմենն էլ ունեցավ իր երազած կոտրած ականջներն ու խմբում լավագույնը դարձավ: Նրա սպորտային ունակությունները մարզիչը միանգամից նկատեց: Ընդամենը 3-րդ մարզմանը Ներսիսյանը հրապարակավ խոստացավ կտրել իր ականջները, եթե իր սանին չհաջողվի Եվրոպայի կրկնակի չեմպիոն դառնալ.
«Ներսիսյանին բոլորը չամիչ էին ասում: Մեր խմբում մոտ 40 երեխա կար, նա բոլորին հրահանգեց այսուհետ ինձ փոքր չամիչ կոչել: Այդպես էլ ես այդ անունով մարզաշխարհում հայտնի դարձա»:

Նազարյանը խոստովանում է, որ ծնվել է ըմբիշ դառնալու համար, այդ ձիրքը միշտ ունեցել է, ու այն չէր կարող չդերսեւորվել: Այդ է պատճառը, որ շատ կարճ ժամանակ անց արդեն մեդալների պակաս չուներ: Իրենից 4 կգ ծանր մարզիկների հետ էր մրցում, բայց կարողանում էր կրկնակի հաղթող դառնալ՝ նվաճելով նաեւ լավագույն տեխնիկայի համար մրցանակը:

Անհավանական զրկանքներ ու առաջին նվաճումներ

Նազարյանի սպորտային կարիերայի վերելքը համընկավ մեր երկրի համար բախտորոշ ու ծանր օրերի հետ՝ ազատագրական շարժում, անկախացում, պատերազմ: Անցումային փուլում գտնվող երկրի մարզիկների համար էլ ամեն ինչ բավականին դժվար էր:

«Ինձ սպորտում պահել է մեծ սերն ու հավատը, որ մեծ հաղթանակներ են լինելու: Դահլիճները չէին ջեռուցվում, ձմռանը գորգի վրա սառույց էր լինում, բայց անգամ այդպիսի պայմաններում մենք շարունակում էինք մարզվել մեր երազանքներն իրականացնելու համար»,- պատմում է Նազարյանը:

Այդ տարիները չէին կարող անհետեւանք անցնել մարզիկի համար: Նա մինչեւ հիմա էլ սարսափով է հիշում իր կրած զրկանքները՝ վառելիք ու լույս չկար, կռիվ էր ու ցուրտ: Մարզիկներն  անգամ չէին էլ կարող երազել անհրաժեշտ պայմանների ու սնունդի մասին. «Աստված չտա այդ օրերը վերադառնան: Եթե մենք այդ ամենի միջով անցել ենք՝ ամեն ինչի էլ կդիմանանք»:

Լուսանկարը` nazaryan.net


Նա մարզվելու համար ստիպված էր լինում օրական երկու անգամ Մասիսից ոտքով հասնել Երեւան: Բայց անգամ նման ծանր պահերին Արմեն Նազարյանը չի մտածել սպորտը թողնելու մասին, նրա բոլոր մտքերը միայն ապագայի հաղթանակներով են տարված եղել:

Սեփական ուժերի նկատմամբ հավատն ավելի մեծացավ բարելավվող արդյունքների հետ՝ դարձավ ԽՍՀՄ-ի, հետո նաեւ նորանկախ Հայաստանի չեմպիոն: Իսկ առաջին միջազգային նվաճումը եղավ 1992 թվականի երիտասարդների ԵԱ-ում, որտեղից էլ սկսվեց հաղթարշավը դեպի մեծ սպորտ:

Մեկ տարի անց նա կարողացավ դառնալ մեծահասակների ԱԱ-ի արծաթե մեդալակիր, բայց այդ ժամանակահատվածի ամենակարեւոր մրցաշարը համարում է երիտասարդների ԵԱ-ն, որը հյուրընկալել էր Թուրքիան: Ավելորդ է նշել, թե Նազարյանի համար որքան կարեւոր էր այնտեղից հաղթանակած վերադառնալ:

«Թուրքիայում, բնականաբար, չէին ցանկանում, որ հայ մարզիկը հաղթի ու նրա պատվին բարձրացվի ընդամենը 3 տարվա անկախություն ունեցող Հայաստանի դրոշը: Առաջնությունն անցկացվում էր Ստամբուլում, կազմակերպիչներն ամեն ինչ անում էին մեզ խանգարելու համար: Ասում էին՝ հույս էլ չունենաք, որ ձեր հիմնը հնչելու է: Սակայն այն հնչեց երկու անգամ՝ իմ ու Տիգրան Մկրտչյանի պատվին: Մենք ցույց տվեցինք, որ ուժեղ հայեր ենք»,-պատմում է նա:

Բայց այդ հաղթանակի իսկական գինը Նազարյանը զգաց հայրենիքում, երբ Ստամբուլից վերադառնալուց հետո ջերմ ընդունելության արժանացավ հայ ֆիդայինների կողմից. «Անսահման  հպարտ էի, երբ նրանք ինձ ասացին՝ դու գործը գորգի վրա արեցիր, մենք էլ սահմանում կանենք: Մարզիկներն էլ զինվորներ էին ու իրենց հաղթանակներով ուժ էին տալիս իսկական հերոսներին»:

Օլիմպիական բարձրունք ու անմոռանալի հուշեր

1996-ին արդեն Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու իր մարզչի խոստումը կատարած Արմեն Նազարյանը մեկնեց Ատլանտայի Օլիմպիական խաղեր:

Նա անկեղծանում է, որ բոլոր մրցաշարերին միշտ չափազանց վստահ է մասնակցել, բայց Օլիմպիադայից առաջ անհնար էր վախ ու անհանգստություն չզգալ: Նա գիտակցում էր, որ բաղձալի տիտղոսի համար պետք էր արժանի պայքար ծավելել իրենից ավելի տիտղոսակիր մարզիկների հետ, որոնք արդեն հասցրել էին Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոններ դառնալ:



«Ես միայն մտածում էի արժանիորեն գոտեմարտել ու հնարավորինս շատ միավորներ վաստակել, որպեսզի ոչ ոք չմտածեր, որ ժամանակից շուտ հանձնվել եմ: Պարզվեց, որ վստահությունը հաղթանակի կեսն ապահովում է, ու ես իմ սպասվածից ավելին կարողացա անել»,-օլիմպիական հուշերի մասին պատմում է Նազարյանը:

Նա հեշտությամբ հաղթահարեց իր ճանապարհին հայտնված բոլոր ըմբիշների արգելքն ու հասավ եզրափակիչ: Իսկ այնտեղ հայ մարզիկին էր սպասում ամերիկացի Բրենդոն Պաուլսոնը, որին 5 ամիս առաջ կայացած ԱԱ-ում Նազարյանը զիջել էր: Մինչեւ 52 կգ քաշային հունահռոմեականների պայքարում այս անգամ ավելի ուժեղ էր Արմեն Նազարյանը, որն էլ առաջին անգամ դարձավ Օլիմպիական չեմպիոն:

«Փոքր ժամանակ երազում էի Օլիմպիական չեմպիոններից ստորագրություններ վերցնել, նրանց պես մի օր կանգնել օլիմպիական պատվանդանի 1-ին աստիճանին: Այդ օրը իմ բոլոր ցանկություններն իրականացել էին, չէի հավատում, որ այդ ամենն ինձ հետ է կատարվում: Նաեւ անչափ հպարտ էի, չէ՞ որ Հայաստանի համար շատ մեծ ու կարեւոր մեդալ էի բերել: Ընդհանուր առմամբ մեր երկրի համար 8 մեդալ եմ նվաճել»:

Լուսանկարը` nazaryan.net


Բայց Օլիմպիական կուլիսներում բազմաթիվ են ինտրիգներն ու խարդավանքները, ու դրանց ականատեսն է դարձել նաեւ մեր մարզիկը: Նա նշում է, որ մեկ անգամ չէ, որ իրեն առաջարկել են կլորիկ գումարի դիմաց վաճառել հաղթանակը, բայց երբեք չի գայթակղվել այդ առաջարկություններով. «Ինձ համար կարեւորը եղել է իմ հաղթանակն ու երկրիս պատիվը պաշտպանելը: Եզրափակչում էլ մրցավարներն ամեն ինչ անում էին, որ ամերիկացին հաղթի, բայց ես շատ ուժեղ էի ու առաջ անցա նրանից 10:0 հաշվով»:

Ճակատագրական որոշում ու նոր հնարավորություններ

Բայց որքան ցավալի եղավ նորընծա Օլիմպիական չեմպիոնի համար, երբ Ատլանտայից վերադառնալուց հետո հայրենիքում նրան ոչ ոք չդիմավորեց: Բոլորը մոռացել էին նրան, բացի իր մտերիմներից ու համագյուղացիներից: Իսկ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն էլ նրան անվանական աստղի հավաստագիր շնորհեց:

«Օլիմպիադայից հետո չափազանց բարդ էր ինձ համար: Մահացավ Վազգեն 1-ը, երկրում նախագահական ընտրություններ եղան, ու ինձ վրա որեւէ ուշադրություն չդարձրին: Այդ մասին չեմ սիրում խոսել, վաղուց ամեն ինչ մոռացված է, բայց շատ վիրավորական էր»,- ասում է նա:

Այդ ժամանակ էլ Նազարյանը կայացրեց չափազանց բարդ ու ճակատագրական որոշում: Նա փոխեց մարզական գրանցումն ու սկսեց ներկայացնել Բուլղարիան: Իսկ Հայաստանը կորցրեց իր ամենաուժեղ մարզիկներից մեկին ու զրկվեց 14 մեդալից, որից 10-ը ոսկե, դրանք արդեն Բուլղարիայի սեփականությունն էին, որտեղ գիտեին ինչպես գնահատել ու մեծարել հայ մարզիկին:

Լուսանկարը` nazaryan.net


«Բուլղարիայում ինձ սկսել են հետեւել դեռ 1994 թվականից: Բայց ես այդ ժամանակ չէի կարող թողնել Հայաստանը, ասացի, որ իմ երկրի առաջ պարտքս դեռ չեմ կատարել, պարտավոր էի Օլիմպիական խաղերին մասնակցել: Առաջարկներ ունեցել եմ նաեւ ԱՄՆ-ից ու Գերմանիայից, բայց ընտրեցի Բուլղարիան, քանի որ այն ավելի մոտ է Հայաստանին»,- նշում է Նազարյանը:

1996 թվականից նա արդեն հանդես էր գալիս Բուլղարիայի ակումբային առաջնությունում ու սկսեց ներկայացնել այդ երկիրը: Միանգամից մեծ հնարավորություններ բացվեցին ըմբիշի առաջ՝ բնակարան, մեքենաներ, ինքնաթիռի տոմսեր, այն ամենը, ինչի մասին նա միայն կարող էր երազել:

«Առաջին տարում շատ դժվարություններ եղան, ամբողջովին մենակ էի, լեզուն չգիտեի: Բայց ժամանակն ամեն ինչ իր տեղն է գցում: Աստիճանաբար ընտելացա, բուլղարացիներին միանգամից հավանեցի՝ հյուրասեր էին ու հայերի նկատմամբ լավ տրամադրված: Նրանք էլ դժվարություններ են տեսել, այդ պատճառով մեզ ու մեր պատմությունը լավ են հասկանում: Դա էլ շատ օգնեց»:

Օլիմպիական արշավանքներ ու կարիերայի ավարտ

Արդյունքներն էլ երկար սպասեցնել չտվեցին, մեկ տարի անց նա ԱԱ-ում 3-րդ տեղը զբաղեցրեց ու աստիճանաբար հարստացրեց մեդալների իր հավաքածուն:

Արմեն Նազարյանի համար սկզբունքային էր նաեւ Բուլղարիայի համար Օլիմպիական խաղերում ոսկի նվաճելը: Ու 2000 թվականի Սիդնեյի Օլիմպիական խաղերում դա նրան հաջողվեց երկրորդ անգամ: Նազարյանն արդեն նոր քաշային կարգում էր հանդես գալիս՝ 58-ում, որտեղ հաղթողի կոչման համար պայքարում էին եւս երկու Օլիմպիական չեմպիոններ: «Պայքարում էին 58 կգ քաշային կարգի հաղթողը, 63-ինն ու ես: Ու այնպես ստացվեց, որ ամենաթեթեւ քաշային կարգի հաղթողն էլ լավագույնը դարձավ»,- անկեղծությամբ ասում է Նազարյանը:

Դրանից հետո նա իր առջեւ նոր խնդիր դրեց. կրկնակի Օլիմպիական չեմպիոնը դեռ ԱԱ-ում ոսկե մեդալ չէր նվաճել, ու դա շատ լուրջ հարված էր նրա սպորտային ինքնասիրությանը: Բայց Նազարյանն այդպիսի առաջադրանքներ չէ, որ կատարել էր, ու 3 անգամ նրան հաջողվեց գրավել նաեւ «աշխարհը»:

Լուսանկարը` nazaryan.net


2004-ին նա գնաց իր 3-րդ Օլիմպիական խաղերը նվաճելու: Բայց այս անգամ բավարարվեց միայն բրոնզե մեդալով: Սակայն դա էլ դեռ վերջը չէր, ու 34 տարեկանում Նազարյանը մեկնեց Պեկինի Օլիմպիական խաղեր, որտեղ 5-րդ տեղը գրավեց ու շատ կարեւոր դաս քաղեց:

«Պեկինում նկատեցի, որ ուժերս էլ չեն բավականացնում: Այլեւս 15 րոպեն մեկ չէի կարողանում դուրս գալ գորգ, ֆիզիկապես դեռ կարող էի, բայց հոգեպես տրամադրվել չէր ստացվում: Այդ ժամանակ էլ որոշեցի թողնել սպորտը: Դրանից հետո Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայում 2 տարի խորհրդատու էի, հետո նշանակվեցի հավաքականի գլխավոր մարզիչ»:

Ըմբշամարտից ամեն ինչ հասկացող կինն ու սպորտային երեխաները

Բուլղարիա տեղափոխվելուց հետո Նազարյանը մտածում էր ընտանիք կազմելու մասին,  ու նրա ընտրությունը կանգ առավ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի դստեր վրա:

Ինգային՝ իր ապագա կնոջը, Արմեն Նազարյանը շատ վաղուց էր ճանաչում: Երբ նա դեռ առաջին անգամ Հայաստանի չեմպիոն էր դարձել, նկատել էր պարգեւատրման արարողությանը մասնակցող փոքրիկ աղջնակին: 

«Մեր ֆեդերացիայի նախագահը 5 աղջիկ ուներ, նրանցից 3-ն էլ բերել էին մեդալները:  Առաջին անգամ այդ ժամանակ եմ տեսել Ինգային, երեւի 4 տարեկան կլիներ: Բայց անցան տարիներ, նա մեծացավ ու գեղեցկացավ: Ինգան հիանալի է հասկանում ըմբշամարտը, եթե չիմանար, այս ամենին չէր դիմանա: Հիմա էլ մարզիչ եմ, տարվա մեջ 260 օր հավաքների եմ լինում, նա ամեն ինչի հետ համակերպվում է»,-աչքերի փայլով ասում է Նազարյանը:

Երեխաների մասին պատմելիս չի դիմանում ու սկսկում է հեռախոսով ցույց տալ նրանց լուսանկարները՝ առանձին-առանձին նշելով յուրաքանչյուրի նախասիրությունները:

Լուսանկարը` nazaryan.net


Ավագ որդին շարունակում է իր ընտրած ուղին՝ արդեն 12 մեդալ ու 14 գավաթ ունի, հայրական հպարտությամբ շեշտում է Նազարյանը: Նա էլ բոլոր անվանի մարզիկների պես երազել է, որ տղան եւս ըմբիշ դառնա, միասին հաճախակի դիտել են իր հաղթական գոտեմարտերի տեսագրությունները, սակայն որդին առանձնակի հետաքրքրություն չի ցուցաբերել: «Համակերպվեցի այդ մտքի հետ, ես շատ եմ տանջվել սպորտի պատճառով, մտածեցի, թող նա ուրիշ բան ընտի: Բայց ժամանակի ընթացքում սկսեց ըմբշամարտով զբաղվել: Շատ ինքնուրույն է, միայնակ նստում է ավտոբուս ու գնում մարզումների: Նա մի մեծ հոգս գցեց իմ ուսերից, ոչ միայն սիրեց սպորտը, այն նաեւ ընտրեց այն առանց իմ միջամտության»:

2-րդ որդին եւս ընտրել է ըմբշամարտը: Ու այս պարագայում ոչ թե հայրը, այլ եղբայրն է իր ազդեցությունն ունեցել: Նա ցանկացել է հետ չմնալ ավագ եղբորից ու կիրառել նույն հնարքները.

«Իներցիայով 3 էլ, անգամ աղջիկս, տանը ըմբշամարտով են զբաղվում: Աղջիկս ավելի ճկուն է, իմ շարժումներն է անում, բայց ես, բնականաբար, չեմ ցանկանում, որ նա էլ ըմբշամարտն ընտրի»:

Հայաստանի հետ կապն ու նվիրումը

Արմեն Նազարյանն իրեն չի պատկերացնում առանց սպորտի, հիմա էլ նրա ողջ ժամանակն ու էներգիան մարզչական աշխատանքն է գրավում: Բայց հիմա ավելի մեծ ծանրաբեռնվածություն ունի, քանի որ ամբողջ թիմի համար է պատասխանատու, այն էլ 8 մլն ժողովրդի առաջ: 

«Շատ հպարտ եմ, որ 2013-ին դարձել եմ Բուլղարիայի տարվա լավագույն մարզիչ:  Թենիսի ու ֆուտբոլի հետ մրցելը շատ դժվար է, բայց ինձ են լավագույնը ճանաչել: Դա պարտավորեցնող է, պետք է շարունակեմ աշխատել նույն եռանդով; Մանավանդ, որ այս տարի Օլիմպիական խաղեր են լինելու»,- ասում է արդեն մարզիչ Արմեն Նազարյանը:

Նա հպարտությամբ է հիշում իր մարզական կարիերայի յուրաքանչյուր դրվագ, քանի որ ուժերի ներածին չափով ամեն ինչ արել է թե Հայաստանի, ու թե Բուլղարիայի մարզական պատիվը բարձրացնելու համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Որքան էլ անվանի ըմբիշին Բուլղարիայում մեծարեն ու սիրեն, նա հոգով նվիրված է մնում նաեւ Հայաստանին, չի մոռանում այն երկրի մասին, որտեղ առաջին քայլերն է արել ու որի հետ շարունակում է կապված մնալ իր արմատներով: Չէ որ այստեղ են ապրում ընտանիքի անդամները, լավագույն ընկերներն ու պարզապես սիրելի մարդիկ:

«20 տարի է արդեն Բուլղարիայում եմ, մեծ անուն ու հեղինակություն ունեմ: Բայց առանց Հայաստանի էլ չեմ կարող: Տարվա մեջ 2-3 անգամ գալիս եմ անպայման: Շատ հայրենասեր եմ, եթե չսիրեի այս երկիրը, ավելի վաղ կլքեի: Անկախ նրանից թե ինչ են ասել իմ մասին, ես գործով եմ ապացուցել նվիրվածությունս մեր երկրին»:

Արմեն Նազարյանը ծնվել է 1974 թվականի մարտի 9-ին Մասիսում: Եվրոպայի 6-ակի, Աշխարհի եռակի ու Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է: Մեծահասակների մրցաշարերում նվաճել է 23 մեդալ, որոնցից 15-ը՝ ոսկե:

Հունահռոմեական ոճի ըմբիշը ներկայացրել է Հայաստանը մինչեւ 1997 թվականը, դրանից հետո հանդես է եկել Բուլղարիայի հավաքականում:

2007 թվականին ընդգրկվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի Փառքի դահլիճում:

Մարզական կարիերան ավարտել է 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի ավարտից հետո: 2012 թվականին նշանակվել է Բուլղարիայի հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: 2013-ին երկրի լավագույն մարզչի կոչմանն է արժանացել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին