Դեկտեմբեր 22, 2024
exclusive
105282 դիտում

Անցյալից եկած հերոսները. Լեւոն Ջուլֆալակյան

Մարզիկ, ով արդեն 24 տարեկանում հասցրել էր դառնալ Եվրոպայի, Աշխարհի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն:

Լեւոն Ջուլֆալակյանը
Լեւոն Ջուլֆալակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւոն Ջուլֆալակյանը
Լեւոն Ջուլֆալակյանը

Լուսանկարը` Լ.Ջուլֆալակյանի արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Լ.Ջուլֆալակյանի արխիվից

Լեւոն Ջուլֆալակյանը
Լեւոն Ջուլֆալակյանը

Լուսանկարը` Լ.Ջուլֆալակյանի արխիվից

Լեւոն Ջուլֆալակյանը
Լեւոն Ջուլֆալակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Լ.Ջուլֆալակյանի արխիվից

Լուսանկարը` Լ.Ջուլֆալակյանի արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Լ.Ջուլֆալակյանի արխիվից

Լեւոն Ջուլֆալակյանը
Լեւոն Ջուլֆալակյանը

Լուսանկարը` Լ.Ջուլֆալակյանի արխիվից

Լեւոն Ջուլֆալակյանը
Լեւոն Ջուլֆալակյանը

Լուսանկարը` Լ.Ջուլֆալակյանի արխիվից

Լուսանկարը` Լ.Ջուլֆալակյանի արխիվից

Լուսանկարը` Լ.Ջուլֆալակյանի արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` smsport.ru

Լուսանկարը` Լ.Ջուլֆալակյանի արխիվից


Մարզիկ, ով արդեն 24 տարեկանում հասցրել էր դառնալ Եվրոպայի, Աշխարհի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն: Նա համարվում էր իր քաշային կարգի լավագույն ըմբիշը, ու երկար տարիներ շատ մրցակիցներ խուսափում էին հանդիպել նրան գորգում:

Լեւոն Ջուլֆալակյանի հետ զրուցելը միշտ էլ հաճելի ու հետաքրքիր է անցնում, ու այս անգամն էլ բացառություն չէր: Mediamax Sport-ն «Անցյալից եկած հերոսները» շարքի շրջանակներում հանդիպել է մեր լեգենդար մարզիկներից մեկին՝ հունահռոմեական ոճի ըմբիշ Լեւոն Ջուլֆալակյանին:

Բակային խաղեր, ֆուտբոլ, մարմնամարզություն ու վերջապես ըմբշամարտ

«Ես շատ արագ ու ճարպիկ երեխա էի, անընդհատ շարժման մեջ էի ու սիրում էի ընկերներիս հետ տարբեր խաղեր խաղալ: Մեր բակում ըմբշամարտի խմբակ կար, ու ես սիրում էի այնտեղ հաճախել: Ընկեր Անդրեյ ունեինք, ինձ ասում էր, որ լավ ըմբիշ կդառնամ, բայց այդ ժամանակ ես պարզապես խաղի պես էի նայում այդ ամենին»,- հիշում է Լեւոն Ջուլֆալակյանը:

Լեւոնը մասնակցում էր իրենց բակում տեղի ունեցող խաղերին: Բոլոր երեխաները գալիս էին նրանց բակ ու սկսում էին ֆուտբոլ խաղալ: Ֆուտբոլի ավարտից հետո պարտադիր պետք է ըմբշամարտի մրցումներ լինեին, ու բակի պատիվը վստահվում էր պաշտպանել Լեւոնին, իսկ այդ գոտեմարտերում նա միշտ հաղթող էր դուրս գալիս:

Մարզական փնտրտուքները Ջուլֆալակյանի մոտ շարունակվում էին: Նրանց հարեւանը, որը ֆուտբոլի մարզիչ էր, տղային իր հետ տանում է մարզումների: Սակայն դա լինում է առաջին ու վերջին օրը, երբ Լեւոնը հաճախում է ֆուտբոլի:



Ու մի օր նրանց դպրոց են գալիս մարզիչներ, սկսում երեխաներ ընտրել տարբեր մարզաձեւերով զբաղվելու համար: Լեւոնն ընտրում է ոչ թե ըմբշամարտը, այլ գիմնաստիկան ու շուրջ 4 տարի լուրջ զբաղվում այդ մարզաձեւով:

Նա հիշում է, որ այստեղ իր գրանցած արդյուքները տպավորիչ չէին, ու 4 տարի մարզվելով, լուրջ հաջողությունների այդպես էլ չկարողացավ հասնել. «Ճիշտ է, ճկուն էի, ճարպիկ, բայց իմ տվյալներն ուժային մարզաձեւերի համար էին: Ըմբշամարտի մարզիչ Արամ Սարգսյանը, որը հետագայում դարձավ իմ անձնական մարզիչը, ու գիմնաստիկայի մարզիչս ասացին, որ ես ավելի լուրջ հաջողություններ կունենամ ըմբշամարտում: 13 տարեկան էի, եկա տուն ու այդ լուրը հայտնեցի ծնողներիս: Հայրս միանգամից ոգեւորվեց, իսկ մայրս, որը մարմնամարզուհի է եղել, նեղվեց, ցանկացավ արգելել: Բնականաբար հորս խոսքը որոշիչ եղավ, ինչի համար ես անչափ ուրախացա: 1977 թվականից սկսեցի հաճախել ըմբշամարտի մարզադպրոց»:

Ի տարբերություն մարմնամարզության, ըմբշամարտում Լեւոնը միանգամից զգաց իրեն ինչպես «ձուկը ջրում»: Իսկ ընդամենը 3 ամիս անց նա դարձավ համամիութենական մրցաշարի հաղթող:

«Մարմնամարզության գնում էի ուղղակի էներգիաս ծախսելու համար, իսկ ըմբշամարտով ապրում էի: Միանգամից հասկացա, որ այս մարզաձեւն իմն է: Լավ հիշում եմ առաջին օրը, շատ վստահ մտա դահլիճ: Պատուհանից նայեցի այդ անծանոթ խմբին, ու հանկարծ մի տղա մատ թափ տվեց, թե շուտ իջիր ներքեւ: Իմ մուտքը վիճաբանությամբ տեղի ունեցավ, բայց ես լրիվ օտար այդ տեղում միանգամից հաստատվեցի ու դարձա թիմի անդամ: Շատ արագ ստացվեց մեր ընկերությունը»,- նշում է ըմբիշը:

Հետաքրքիր է, որ 13-ամյա Լեւոնը նույնիսկ չէր տարբերում ըմբշամարտի ոճերը, նա պարզապես խառը գոտեմարտեր էր վարում: Արամ Սարգսյանի օգնությամբ է ընտրել հունահռոմեական ոճը, սակայն երբեք էլ չի ափսոսացել դրա համար. «Միգուցե ազատ ըմբշամարտում ավելի հեշտ կկարողանայի առաջ գնալ, քանի որ այնտեղ ազատությունն ավելի շատ է: Բայց ես սիրում եմ հունահռոմեական ոճը, ու ամենեւին էլ չեմ փոշմանել, որ այն եմ ընտրել»:

ԽՍՀՄ-ից ով մասնակցում էր միջազգային մրցաշարի, պետք է միայն ոսկե մեդալով վերադառնար

Մի քանի ամիս մարզվելուց հետո Լեւոնին սկսեցին միջազգային մրցաշարերի տանել, որտեղից նա վերադառնում էր մրցանակներով: Մայրը, ով սկզբից չէր ցանկանում, որ որդին ընտրի ըմբշամարտը, արդեն ուրախանում ու հպարտանում էր նրա հաջողություններով:

Պատանի ըմբիշին սկսում են նկատել հավաքականների մարզիչները. նա ընդգրկվում է նախ պատանեկան, երիտասարդական, ապա նաեւ մեծահասակների ընտրանու կազմում: Իսկ ԽՍՀՄ-ի մարզական կյանքում մեկ օրենք կար. տեղ էր տրվում  այն մարզիկին, ով միջազգային մրցաշարերից ոսկե մեդալով էր հետ գալիս:



«ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկ քաշային կարգում 2-3 մարզիկով մեկնում էինք մրցաշարի: Ես վերադառնում էի ոսկե մեդալով, իսկ մյուսները ոչ, ու մարզչին այլ ընտրանք չէր կարող լինել, քան վերցնել ինձ: Մենք գիտեինք, որ Սովետական Միությունից ով մասնակցում է միջազգային մրցաշարի պետք է անպայման ոսկե մեդալով վերադառնար: Ողջ աշխարհն էր մեր դեմ պայքարում, մենք գոտեմարտում էինք մրցակցի ու նաեւ մրցավարների դեմ»,- ընդգծում է Ջուլֆալակյանը:

Իսկ ԽՍՀՄ հավաքականի կազմում ընդգրկվելն ու մրցակցելը հեշտ գործ չէր: Մարզիկներն անցնում էին շատ բարդ ու ոչ նախանձելի ճանապարհով, որին քչերն էին դիմանում: 15 հանրապետություններից հավաքվում էր շուրջ 120 ըմբիշ, ու ով չէր դիմանում ծանրաբեռնվածությանը, հեռացվում էր հավաքականից. «Դաժան էր, շատերը դուրս էին մնում՝ վնասվածք, հոգնածություն, հոգեբանական խնդիրներ: Սակայն պայմաններն իդեալական էին, ես առ այսօր ոչ մի երկրում չեմ տեսել նման պայմաններ»:

Ամեն ինչ տանում էր դեպի Օլիմպիադա, սակայն Ջուլֆալակյանը բախվում է դժվարությունների

Լեւոն Ջուլֆալակյան ըմբիշի հաղթարշավը մեծահասակների մրցապայքարում սկսվեց 1985 թվականին, երբ նա դարձավ Աշխարհի գավաթակիր: Հավաքին մասնակցող երիտասարդ ըմբիշներին մանրակրկիտ ուսումնասիրում էր գլխավոր մարզիչ Գենադի Սապունովը: Արդեն մրցաշարի ժամանակ Ջուլֆալակյանը կողի վնասվածք է ստանում: Սապունովը փորձելու համար ասում է մարզիկին, որ կարող է չշարունակել ելույթները, սակայն ստանում է բացասական պատասխան:

«Իրոք շատ դաժան էր կոտրված կողով գոտեմարտելը: Պետք է սակայն խոստովանեմ, որ ցավին դիմանալն ու կոփված լինելն ինձ սովորեցրել է իմ անձնական մարզիչ Արամ Սարգսյանը: Մենք իսկական մարտիկների պես էինք մարզվում՝ ցուրտ, առավոտյան 6-ին արթնանալ, վնասվածք ստանալ, անկախ ամեն ինչից նա շարունակում էր մեզ աշխատացնել: Այնպես որ, ես կարողացա հաղթահարել ցավն ու ելույթս շարունակել: Եզրափակչում մրցակիցս գիտեր, որ կողս կոտրված է, ու սեղմում էր անընդհատ: Ես ցավից շրթունքներս էի կծում, բայց հնարք չտվեցի ու հաղթեցի: Վերադարձանք ԽՍՀՄ, ու Սապունովը հայտարարեց, որ մեր թիմում լիարժեք ըմբիշ կա, ով կարող է հաղթահարել ամեն ինչ»:



Արդեն մեկ տարի անց Ջուլֆալակյանը դառնում է Եվրոպայի, ապա նաեւ  Աշխարհի չեմպիոն:

Ամեն ինչ տանում էր դեպի Օլիմպիական խաղեր: Սակայն այստեղ էլ Ջուլֆալակյանը բախվում է դժվարությունների: 1988 թվականի Սեուլի խաղերից մոտ երկու ամիս առաջ հավաքի ժամանակ նա ոտնաթաթի վնասվածք է ստանում, ու Սապունովը վերջինիս մասնակցությունը Օլիմպիադային հարցականի տակ է դնում:

Ջուլֆալակյանը տուն է վերադառնում, բուժումներ ստանում ու տասն օր անց կրկին մեկնում հավաքի: Վնասվածքից լիարժեք բուժված չլինելով՝ նա պինդ փաթաթում էր ոտքն ու մարզվում: Այդպես էլ թիմում չիմացան, որ ինքը ցավերով է պարապում: Միայն Օլիմպիադայի ավարտից 6-7 ամիս անց նրա ոտքը լավանում է, սակայն մինչեւ այսօր էլ Ջուլֆալակյանին ցավը զգացնել է տալիս:

Օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո միայն գիշերը հասկացա, որ լուրջ հաջողության եմ հասել

Երազանքին հասնելու համար Ջուլֆալակյանը գնաց նման զոհողության, ավելին, Սեուլում հաղթեց բոլոր մարցակիցներին՝ այդ թվում նաեւ մեդալի հավակնորդներից ռումինացի Պետրիչ Կարարեին, իսկ եզրափակչում էլ 6:1 հաշվով հիանալի գլորումներով՝ կորեացի Կիմ Սեոնգ- Մունին:

«Ես երբեք չեմ կասկածել իմ հաղթանակին, գորգ դուրս գալուց առաջ երբեք չեմ մտածել պարտության մասին: Իսկ հաղթում էի, որովհետեւ հավատում էի ու պատրաստ էի դրան: Սա եւս Արամ Սարգսյանի շնորհիվ էր: Նա հոգեբանորեն շատ լավ էր պատրաստում, նշում էր, որ եթե ԽՍՀՄ-ի հավաքականի անդամ ես, ուրեմն քեզ ոչ ոք չի կարող հաղթել»,- հիշում է Ջուլֆալակյանը:



Հաղթողի հոգեբանությամբ Լեւոն Ջուլֆալակյանը մեկնել էր նաեւ Սեուլ: Լինելով լավ մարզավիճակում՝ նա մեկը մյուսի հետեւից տանում էր տպավորիչ ու գեղեցիկ հաղթանակներ: Իսկ եզրափակչում նրա մրցակիցը կորեացի ըմբիշն էր, որին երկրպագում էր ամբողջ դահլիճը: Սակայն այդ ամենը չէր ազդում հայ մարզիկի վրա, նրա մտքում միայն գոտեմարտն էր, որում վստահ հաղթանակ տարավ ու Օլիմպիական ոսկին նվաճեց Ջուլֆալակյանը, իսկ հանդիսատեսն ինչպիսի ոգեւորությամբ դիմավորել էր կորեացի մարզիկին, այդպիսի ոգեւորությամբ էլ ճանապարհեց Ջուլֆալակյանին: Իսկ հաջորդ օրը նրան քաղաքում արդեն բոլորն էին ճանաչում ու ինքնագրեր խնդրում, այդպիսի պահերն, անշուշտ, հաճելի են ցանկացած մարզիկի համար:

«Ես միշտ հանգիստ եմ ընդունել հաղթանակը: Նույնը եղավ նաեւ Օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո: Երբ վերադարձանք ավան, հավաքվեցինք մեր համարում: Սապունովը շամպայն էր բերել, ասաց խմեք, թե չէ չեք կարողանալու քնել: Ես էլ խմեցի, սակայն ամբողջ գիշեր այդպես էլ չկարողացա քնել: Այդ ժամանակ հասկացա, որ երեւի շատ լուրջ հաջողություն էր սա: Գիտեք, տարօրինակ զգացում է: Ամբողջ կյանքդ ես երազել հասնել այդ բարձրունքին, ամեն ինչ դրել ես դրա համար, տանջվել ես, ու հիմա վերջապես դու Օլիմպիական չեմպիոն ես: Այդ ժամանակ է, որ հպարտություն ու ներքին մեծ բավարարվածություն ես զգում»,- շեշտում է Օլիմպիական չեմպիոնը:

Սպորտից հեռանալու դժվարին որոշում, հավաքականի գլխավոր մարզիչ ու բազմաթիվ մեդալներ

Մինչեւ 1989-ի Աշխարհի առաջնությունը Լեւոն Ջուլֆալակյանը բոլոր միջազգային մրցաշարերում էլ հաղթող է ճանաչվել: Արդեն 1989-ի ԱԱ-ի ժամանակ նա լուրջ վնասվածք ուներ: 3-րդ տեղի համար գոտեմարտի նախորդ գիշերը բժիշկն անընդհատ մերսել էր նրա ոտքը, որպեսզի կարողանա առավոտյան պատրաստ լինել: 

Ջուլֆալակյանն զգում էր, որ չի կարող շարժվել ու գորգ էր դուրս եկել միավոր չտալու համար: Սակայն նա վերջին 30 վայրկյանում մոռանում է ցավերի մասին,  հնարք կատարում ու հաղթանակ տանում: Հայ ըմբիշին մի կերպ հանում են գորգից, ու Սապունովը խոստովանում է, որ այդ հաղթանակն իր համար Օլիմպիական ոսկուց էլ թանկ է:

«1992 թվականն Օլիմպիական տարի էր: Հայաստանի անկախացումից հետո մեր ղեկավարությունը որոշեց, որ ԽՍՀՄ առաջնությանը չենք մասնակցելու: Սակայն ՄՕԿ-ը մեզ որպես անկախ պետություն չընդունեց, ես էլ չէի մասնակցել ԽՍՀՄ առաջնությանն ու չկարողացա մեկնել Օլիմպիադա: Կարծում եմ, որ մարզիկի համար ամենալավ տարիքը մինչեւ 30 տարեկանն է: Մի պահ էր եկել, երբ նյարդային համակարգս թուլացել էր, հոգեպես սպառվել էի, չէի ուզում գորգ տեսնել, սուլիչ լսել: Մի փոքր դադար տվեցի ու զգացի, որ կարոտել եմ ըմբշամարտը: 1996-ի Օլիմպիական խաղերից առաջ մեր կառավարությունը դիմեց ինձ, որ վերսկսեմ մարզումներս, սակայն ես տեսա, որ ամեն ինչ անտարբերության է մատնված ու չշարունակեցի աշխատել»,- վերհիշում է Ջուլֆալակյանը:



Արդեն 1996-ին հունահռոմեական հավաքականի մարզիչներն ու մարզիկները խնդրում են Լեւոն Ջուլֆալակյանին, որպեսզի նա օգնի իրենց պատրաստվել Օլիմպիադային: Վերջինս հաճույքով համաձայնվում է, իսկ այդ տարի էլ անկախ Հայաստանը տալիս է առաջին ու առայժմ միակ Օլիմպիական չեմպիոնին՝ Արմեն Նազարյանին:

1998-ին Ջուլֆալակյանին Իշխան Զաքարյանն առաջարկում է գլխավորել Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը: Օլիմպիական չեմպիոնը համաձայնվում է՝ նշելով, որ հաջողությունները միանգամից չեն կարող լինել, ու աճը կնկատվի մի քանի տարի անց: Սակայն արդեն 6-7 ամիս հետո նրա թիմից Կարեն Մնացականյանը Եվրոպայի առաջնությունում դառնում է բրոնզե մեդալակիր, արդեն 2001-ին ունենում ենք Աշխարհի չեմպիոն, իսկ այսօր մեր հավաքականի հետ ամբողջ աշխարհն է հաշվի նստում: Մենք ունենք Աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ, Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիրներ. «Որպես մարզիկ ու մարզիչ ես ամեն ինչի հասել եմ: Մնացել է միայն, որ մեր թիմում Օլիմպիական չեմպիոն ունենանք: Իսկ դրանից հետո էլ արդեն կաշխատենք, որ այդ չեմպիոնների թիվն աստիճանաբար ավելանա»:

Կազմակերպված, նվիրված, բոլորի նկատմամբ ուշադիր ու միեւնույն ժամանակ խիստ մարզիչ

Լեւոն Ջուլֆալակյանը խոստովանում է, որ մարզիկ լինելն անհամեմատ հեշտ է, քան մարզիչ: Մարզիկների համար միակ բարդությունը հսկայական ծանրաբեռնվածությունն է, սակայն նրանք պատասխանատու են միայն իրենց համար: Իսկ ահա մարզիչ լինելու պարագայում այլ պահանջներ էլ կան. «Մարզիչը պետք է նախ ճիշտ աչքեր ունենա, բոլորին հետեւի ու ընտրի ուժեղագույնին, հասցնի նրան լավագույն մարզավիճակի, պատրաստի հոգեբանորեն: Ամեն անգամ տարբեր մրցաշարերի ժամանակ ես ամեն մեկի հետ գոտեմարտում եմ, հավասարապես տանջվում: Ստացվում է, որ 8 ըմբիշի համար էլ դու ես պատասխան տալիս»:

Ջուլֆալակյանը ցույց է տվել, որ հնարավոր է լինել թե հիանալի մարզիկ, թե մարզիչ: Իսկ դա նրան հաջողվել է այն բանի շնորհիվ, որ երիտասարդ տարիքում պարզապես չի կատարել մարզիչների հրահանգները, այլ ուսումնասիրել, խորացել, ըմբռնել ու վերլուծել է ըմբշամարտի հետ կապված ամեն բան:



«Ինձ համար կարեւոր էր հասկանալ ու մարսել ամեն ինչ, չէի կարողանում պարզապես մարզվել: Միգուցե դեռ այն ժամանակից զգում էի, որ կարող եմ նաեւ մարզիչ լինել: Ու երբ անցա մարզչական աշխատանքի, լրիվ պատկերացնում էի բոլոր նրբությունները: Գիտեք, ես եթե տրվում եմ մի գործի, տրվում եմ լիարժեք, եթե աշխատում եմ, ուրեմն պետք է արդյունքը լավը լինի, կիսատ-պռատ ոչինչ չեմ անում»,- ասում է մարզիչը:

Շատ կազմակերպված, նվիրված, բոլորի նկատմամբ ուշադիր Ջուլֆալակյանի մոտ խիստ դրված է կարգապահությունը, նա պահանջկոտ է ինչպես իր, այնպես էլ իր սաների հանդեպ. «15-16 տարվա մեջ ես երբեք չեմ ուշացել ու թույլ չեմ տա իմ հավաքականից ինչ-որ մեկը ուշանա: Ամեն ինչ օրենքի կիրառումից է սկսվում, իսկ դրա առկայության դեպքում հետեւողական աշխատանքի շնորհիվ ի հայտ կգա նաեւ ցանկալի արդյունքը»: 

Հավաքականի գլխավոր մարզիչը մինչեւ այսօր էլ անընդհատ ուսումնասիրում է տարբեր թիմերի ու մարզիչների աշխատանքը, կարդում մասնագիտական գրքեր, գիտելիքն ու փորձը փոխանցում իր սաներին:

Ամուսնություն, գեղեցիկ ընտանիք ու օրինակելի տղաներ

Լեւոն Ջուլֆալակյանը փոքր տարիքում շատ արագ է սիրահարվելիս եղել: Հիշում է, որ 5 տարեկանում եկել է տուն ու ծնողներին հայտնել իր մտադրության մասին. ուզում է ամուսնանալ:

Իսկ ապագա կնոջ հետ ծանոթացել է իր մանկության ընկերների միջոցով, որոնց հետ Աիդան սովորում էր մի դասարանում: Դպրոցական տարիներին հաճախ էին միջոցառումներ կազմակերպում, ու Լեւոնն աստիճանաբար սիրահարվում է:

«1984-ից մենք ավելի մտերմացանք, ու ես Աիդային սկսեցի տարբեր տեղեր հրավիրել: Մինչեւ այսօր էլ մենք հումորով ենք հիշում, թե ինչպես եղավ ամուսնության առաջարկությունը, այդ քայլին առաջինը գնաց Աիդան: Մի խոսքով, մոտ 30 տարի է մենք շատ ենք սիրել ու սիրում իրար, երջանիկ եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել ու այսօր իմ կողիքն կա սիրած կին ու լավ մայր»,- ասում է նա:



Տիկին Աիդան այսքան տարիների ընթացքում կարողացել է ճիշտ կազմակերպել ամուսնու հանգիստն ու մարզական կարգուկանոնը: Տարվա մեծ մասը մարզումների ու մրցաշարերի մեկնած ժամանակ նա տարել է ամեն մի դժվարություն: 1988 թվականի երկրաշարժից հետո Լեւոն Ջուլֆալակյանը բոլոր հավաքներին մեկնել է ընտանիքի հետ. «Սկզբում Արսենն ու Աիդան էին ինձ հետ լինում, ապա մեր ընտանիքը համալրեց փոքր տղաս՝ Արամը, որը ծնվել է Ծաղկաձորում, այդ ժամանակ մենք հավաքների էինք այնտեղ: Իմ տղաները մեծացել են ըմբշամարտի ընտանիքում, անչափ ուրախ եմ, որ նրանք շարունակել են իմ ճանապարհը»:

Ջուլֆալակյանը որպես հայր եւս խիստ է, նա իր տղաներին սովորացրել է լինել ինքնուրույն ու ծագած խնդիրները լուծել սեփական ուժերով:

«Ես շատ ուրախալի պահեր եմ ունեցել իմ տղաների հետ, պարզապես մեկ-մեկ ափսոսում եմ, որ մարզումների պատճառով այդքան էլ շատ ժամանակ չեմ անցկացրել նրանց հետ: Հիշում եմ, Արսենի ծնվելուց երկու օր հետո մեկնեցի ԱՄՆ մրցաշարի: Ես հպարտանում եմ իմ տղաներով, նրանք առույգ, աշխույժ, չնվնվացող երեխաներ են եղել: Պարզապես շատ չար էին, ամեն վայրկյան կարող էին վնասել իրար: Ամենակարեւորը, ես նրանց սովորեցրել եմ լինել լավ ու արժանի մարդ մեր ազգին»,- նշում է նա:

Որպես վերջաբան

Երջանիկ եմ, որ ընտրել եմ ըմբշամարտը, այն ինձ սովորեցրել է պայքարել, ինչպես կյանքում է:  Ըստ իս, ըմբշամարտը դպրոց է, որն օգնում է ճիշտ ըմբռնել կյանքը, ճանապարհ հարթել ու անկախ ամեն դժվարությունից՝ պայքարել:

Ես միշտ ձգտում եմ ճիշտ ապրել: Մարդ իր կյանքին հետհայացք գցելուց հետո չպետք է ափսոսա այն տարիները, որոնք այդպես է անցկացրել: Ամեն օրդ պետք է ճիշտ կազմակերպես ու երեկոյան մտածես, արդյոք ճիշտ ապրեցի այսօր: Ի ուրախություն ինձ, ես գոհ եմ իմ ապրած յուրաքանչյուր օրից, ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Միշտ փորձել եմ արժանի զավակ լինել այն երկրին, որն ինձ ծնել է, ու օգտակար լինել ազգիս, ընտանիքիս, հարազատներիս:

Լեւոն Ջուլֆալակյանը ծնվել է 1964 թվականի ապրիլի 5-ին Լենինականում: 1981-ին դարձել է ԽՍՀՄ պատանիների հաղթող, 1982-ին՝ բարեկամությունների առաջնության հաղթող, 1983-ին՝ ԽՍՀՄ երիտասարդների առաջնության հաղթող, իսկ 1984-ին՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող: Նույն տարի ԽՍՀՄ մեծահասակների առաջնությունում գրավել է 3-րդ տեղը:

1985-ին համալրում է Սովետական Միության հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ու հենց այդ տարի էլ հռչակվում Աշխարհի գավաթակիր: Մեկ տարի անց դառնում է Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն:

1988 թվականին Սեուլում կայացած Օլիմպիական խաղերում դառնում է ոսկե մեդալակիր: Ի դեպ, Ջուլֆալակյանն առաջին հայ Օլիմպիական չեմպիոնն է հունահռոմեական ոճի ըմբշամարտից:

1989-ին Ջուլֆալակյանն Աշխարհի առաջնությունում նվաճում է բրոնզե մեդալ:

1998-ի նոյեմբերից նա գլխավորում է Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը:

Լ.Ջուլֆալակյանի հետ հաճույքով զրուցել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին