Մեդիամաքս Սպորտ-ը շարունակում է ներկայացնել «Շաբաթվա գեղեցկուհին» շարքը:
20-ամյա Սիերա Բլեր Քոյլի համար լեռնամագլցումը սպորտաձեւ է:
2010-ին նա դարձավ Աշխարհի գավաթին մասնակցելու որակավորում ստացած ամենաերիտասարդ մարզիկը: Սիերան մասնակցել է ավելի քան 100 մրցաշարերի: Նա նաև հասցնում է լրջորեն զբաղվել ուսմամբ՝ Արիզոնայի պետական համալսարանի ուսանող է:
Ուսանողուհի, մարզուհի ու պարզապես գեղեցկուհի Սիերա Բլեր Քոյլի հետ զրուցել ենք Հայաստանում ոչ այնքան տարածված սպորտաձեւի առանձնահատկությունների, գեղեցիկ արտաքին ունենալու գաղտնիքների, ոսւման ու այլ բաների մասին:
- Սիերա, ժայռամագլցմամբ սկսել ես զբաղվել 8 տարեկանում: Այդ տարիքում սովորաբար տիկնիկներով են խաղում:
- Ես սիրահարվեցի ժայռերին ու ժայռամագլցմանը, քանի որ դրա մեջ ինձ համար ինչ-որ ճիշտ բան գտա: Ինձ դուր է գալիս այն, որ կարողանում եմ ժայռամագլցել ու մոռանալ ամեն ինչի մասին:
- Այն մարդկանց համար, ովքեր ժայռամագլցմամբ երբեւէ չեն զբաղվել, կնկարագրե՞ս, թե ինչպիսին են այս սպորտաձեւի մարզումները:
- Մարզումները հիմնականում ուղղակի մագլցում են: Գուցե պարզունակ հնչի, բայց լավ ժայռամագլցող դառնալու համար պետք է ինչքան հնարավոր է հաճախ ժայռ մագլցել:
- Երբեւէ վնասվածք ստացե՞լ ես ժայռ մագլցելու ընթացքում:
- Այո, կարող եմ նույնիսկ հիշել իմ ամենալուրջ վնասվածքը: Այտուցներ, պատռվածքներ եւ ողնաշարային դիսկի ճողվածք: Բարեբախտաբար, այն բուժվել է արդեն, բայց այն ժամանակ իրոք վտանգավոր վնասվածք էր:
- Չկա այնպիսի մարդ, ով գոնե մի փոքր չվախենա բարձրությունից: Ինչպե՞ս ես պայքարում այդ վախի դեմ:
- Լեռնամագլցմամբ զբաղվում եմ ավելի քան 11 տարի ու սովոր եմ բարձրություններին: Բայց, երբ զգում եմ, որ վախենում եմ, մտքումս 10-ից մինչեւ մեկն եմ հաշվում: Դա օգնում է հանգստանալ ու թույլ է տալիս կենտրոնանալ:
- Ի՞նչ ընդհանուր բան ունեն լավագույն ժայռամագլցողները, որով էլ տարբերվում են մյուսներից:
- Լավագույն մագլցողներն ամենաշատն են մարզվում: Նրանք մեծ ջանքեր են ներդնում եւ իրենց կյանքը նվիրում են այս սպորտաձեւին: Լավ ժայռամագլցողն ունի ամեն ինչ՝ տաղանդ, մոտիվացիա, փորձ:
- Ներկայացրու ժայռամագլցումը մեկ նախադասությամբ:
- Այն խելագար սպորտաձեւ է, որտեղ դու, բառիս բուն իմաստով, անընդհատ առաջ ես հրում սահմանները եւ բարձրությունները:
- Ի՞նչն է քեզ լավագույններից լավագույնը դարձնում այս մարզաձեւում:
-Կարծում եմ, ինձ մոտ ամեն ինչ լավ է ստացվում, քանի որ ես կրեատիվ եմ ժայռ մագլցելիս: Ես կարող եմ դիմել խորամանկ քայլերի այն պահերին, երբ պետք է հասկանամ, թե ինչպես է պետք քայլ կատարել: Դեռ պետք է աշխատեմ իմ ուժի վրա: Գնալով ավելի ուժեղ եմ դառնում, բայց միշտ ավելի զարգանալու հնարավորություն կա:
- Ինչո՞վ ես զբաղվում, երբ ժայռերի հետ միայնակ չես:
- Սովորաբար դասերովս եմ զբաղվում, ընկերներիս ու ընտանիքիս հետ ժամանակ անցկացնում ու հանգստանում:
- Դու այս սպորտաձեւին շատ բան ես տվել, իսկ ի՞նչ է սպորտաձեւը տվել քեզ:
- Լեռնամագլցումն ինձ շատ ավելի լավ կյանք է տվել, քան կարող էի երազել: Այն ինձ սովորեցրել է, որ քրտնաջան աշխատանքը գնահատվում է, եւ որ ես կարող եմ հասնել իմ երազանքների իրականացմանը:
-Ո՞րն է ամենասխալ պատկերացումը, որ առկա է լավ լեռնամագլցող դառնալու մասին:
- Ամենասխալ պատկերացումն այն է, որ լավ լեռնամագլցող դառնալու համար ձեռքերի մեծ ուժ է պետք: Այո, չեմ ժխտում, ուժեղ ձեռքեր ունենալը կարեւոր է, բայց շատ ավելի որակներ են պետք լավ լեռնամագլցող դառնալու համար:
- Մարզումների ամենաչսիրված հատվածը քեզ համար:
- Հիվանդ լինելը, վատ զգալը: Կան օրեր, երբ այնքան վատ եմ ինձ զգում, որ առավոտյան անգամ հագնվել ու մարզման մեկնել չեմ ցանկանում:
- Երբ նյարդայնանում ես, հարվածու՞մ ես ժայռին կամ նյարդայնացած գոռում:
- Ոչ, ես նյարդային պահերին ուղղակի խուսափում եմ ժայռ մագլցել:
- Բացի սպորտից մեծ կարեւորություն ես տալիս նաեւ ուսմանը:
- Այո, սովորում եմ Արիզոնայի պետական համալսարանի մարքեթինգի բաժնում՝ թվային եւ ինտեգրված մարքեթինգային հաղորդակցություն ուղղվածությամբ: Իհարկե, դժվար է միաժամանակ քոլեջ այցելել եւ պրոֆեսիոնալ լեռնամագլցող դառնալ, բայց դա արժանի մարտահրավեր է: Ես ինձ բավարարված եմ զգում, որովհետև կարողանում եմ հավասարակշռված պահել ուսումն ու սպորտը:
- Սիերա, տարբեր ամսագրերի համար ֆոտոշարքերի ես մասնակցել: Ո՞րն է քո սիրելի ֆոտոշարքը:
- Բազմաթիվ ֆոտոշարքեր եմ ունեցել՝ թե տեղական եւ թե միջազգային ամսագրերի համար: Իմ ամենասիրելի ֆոտոշարքը Roxy-ի համար արված ֆոտոաշարքն է. այն իսկական պայթյուն էր:
- Գեղեցիկ լինելու մի քանի պայման քեզ համար:
- Սիրում եմ գեղեցիկ մատնահարդարում ունենալ: Նաեւ սիրում եմ հագուստիս վրա պոնիի պոչիկներ ամրացնել մրցումների ժամանակ: Դա իսկապես զվարճալի է: Սիրում եմ խառը ոճում հանդես գալ:
-Ի՞նչ գիտես հայկական սպորտի մասին:
- Գիտեմ, որ 4 հայ մարզիկներ են մասնակցում օլիմպիական խաղերին: Ես նրանց հաջող մրցելույթներ եմ մաղթում:
- Սիերա, շնորհավորում ենք: Մեդիամաքս Սպորտ-ի կողմից դու ճանաչվել ես այս շաբաթվա գեղեցկուհի:
- Շնորհակալ եմ եւ հպարտ: Ցանկանում եմ բոլորին ուրախ 2014 թվական՝ լի բազմաթիվ զվարճալի արկածներով:
Սիերա Բլեր Քոյլի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: