Հուլիս 06, 2025
exclusive
12206 դիտում

Պաուլին Նորդին. «Մարզվիր ինչպես հսկան, որ բալետի պարուհու նմանվես»

Պաուլին Նորդինը
Պաուլին Նորդինը

Լուսանկարը` http://fighterdiet.com


«Մեդիամաքս Սպորտը» շարունակում է ներկայացնել «Շաբաթվա գեղեցկուհին» շարքը: Կանայք վերջին տարիներին հաճախ են զբաղվում այնպիսի մարզաձեւերով, որտեղ նրանց ներկայությունը շատ տղամարդկանց համար առնվազն տարօրինակ է:  

Բոդիբիլդինգ ասելով երեւի պատկերացնում եք Առնոլդ Շվարցնեգերի հզոր մկանները եւ ֆիրմային ժպիտը: Բայց մեր այս շաբաթվա հերոսուհին որոշել է ապացուցել, որ բոդիբիլդինգն ամենեւին էլ զուտ տղամարդկային մարզաձեւ չէ, եւ որ ինքն էլ կարող է Շվարցնեգերի նման ժպտալ ու մկանները ցույց տալ: Շվեդիայում ծնված աղջիկը, տեղափոխվելով ԱՄՆ, սկսեց աշխատել որպես մոդել, ֆիթնեսի եւ բոդիբիլդինգի մարզիչ:

- 8 տարեկան հասակում զբաղվել բոդիբիլդինգո՞վ: Էլ ու՞ր մնացին մանկական խաղերն ընկերների հետ ու անհոգ մանկությունը:
 


- Դա քրոջս պատճառով էր. նա էր առաջարկում խաղալ դերախաղեր, որտեղ ես բոդիբիլդերի դերում էի հայտնվում: Քրոջս ոգեշնչել էր մեր հայրը, ով տանը մարզվելու սարք ուներ: Բայց ես դեռ այն ժամանակ սիրում էի մենակ մնալ, չունեի շատ ընկերներ: 12-17 տարեկանում ինձ համոզեցի, որ ուզում եմ շատ-շատ նիհար լինել:  Յոգայով էի զբաղվում, կքանիստեր, սեղմումներ անում: Բայց ոչինչ չէր օգնում, եւ իմ կոնքերը շարունակում էին նուրբ մնալ, ես էլ շարունակում էի գեր մնալ: 17 տարեկանում ձեռքս ընկավ  ֆիթնեսի ամսագիր, ու ինձ շատ դուր եկավ շապիկի վրա հայտնված մոդելի լուսանկարը: Որոշեցի, որ ես էլ եմ ուզում այդպիսի տեսք ունենալ: Ամսագրում կարդացի, որ դիետա եւ մարզումներ են պետք այդ արդյունքին հասնելու համար: Ինձ պետք էր հենց այդ խիստ ռեժիմը: Սկսեցի մարզումների հաճախել տեղի մարզասրահում, ասելով, որ ընդամենը երեք տարում, երբ կդառնամ  20 տարեկան, պատրաստ կլինեմ մասնակցել մրցումների: Խոստացա ու խոստումս կատարեցի:

-Ի՞նչ ես կարծում, ո՞րն է կնոջ համար կազմվածքը պահելու լավագույն տարբերակը:
 
- Ուժեղ մարզումները, ճիշտ սնունդը, ու որ այս ամենն երկարատեւ լինի: Մարզվիր ինչպես հսկան, որ բալետի պարուհու նմանվես:

-Համատեղելի՞ են արդյոք բոդիբիլդինգը եւ ֆիթնեսը:

-Բոդիբիլդինգը կառուցվածքը քանդակելու գործիք է, ինչպես այն քանդակագործը, ով ունի հատուկ գործիքներ եւ կավ: Իսկ ֆիթնեսն ապրելակերպ է, որտեղ դու ոտքից գլուխ լավ մարզավիճակում ես:



 -«Երբ մարզվում եմ, իմ ցանկությունն է որքան հնարավոր է շատ տանջել իմ մարմինը, տեսնելու, թե դեռ ինչքան այն կարող է դիմակայել, ինչ չափի ճնշման կարող է դիմանալ»,- նշել էիր մի առիթով: Հետաքրքիր է, քանի՞  ժամ շարունակ կարող ես մարզվել առանց դադար վերցնելու:

- Դե այն, թե ինչքան կարող եմ եւ ինչքան կարելի է, շատ տարբեր բաներ են: Քաշային վարժությունները տեւում են 60-70 րոպե, շաբաթական 5-6 անգամ: Սրտի հետ կապված վարժությունները` 20-90 րոպե: Ես տարանջատում են այս երկու տեսակներն ետմարզումային շրջանում` հնարավորինս շատ մետաբոլիկ իմպուլսներ ստանալու համար: Շատ մարզումներն ավելացնում են սթրեսի հորմոնները, որոնք անհրաժեշտ են վերականգնման պրոցեսը վերսկսելու համար, բայց, միեւնույն ժամանակ, չպետք է չափից ավելի լինեն, հատկապես այն ժամանակ, երբ դու անընդհատ գերմարզվում ես:

- Ի՞ նչ տարբերություններ կան կանանց եւ տղամարդկանց համար նախատեսված ֆիթնես ծրագրերի միջեւ:

- Խելացի մարզման պարագայում կանայք ունենում են շատ ավելի թույլ հանգույցներ եւ չեն կարողանում տղամարդկանց չափ ծանրություն բարձրացնել: Բայց, ամեն դեպքում, ամեն ինչ կախված է տվյալ մարդուց, փորձի ավելացման հետ ավելի հանդուրժողական են դառնում: Թե կանայք եւ թե տղամարդիկ շատ են աշխատում մկաններ զարգացնելու համար: Կանանց մարմինը շատ ավելի փոքր ծավալի  տեստեստերոն է պարունակում, քան տղամարդկանցը, ուստի մենք չենք կարող հսկաների վերածվել` առանց խթանիչներ օգտագործելու: Խթանիչների օգտագործումը, դժբախտաբար, հատուկ է երկու սեռերին էլ, ու դա տխուր է, քանի որ համբերատարության եւ ժամանակ ծախսելու դեպքում բոլոր կանայք կարող են ժամանակի ընթացքում բնական ճանապարհով արդյունքի հասնել: Սա դանդաղ պրոցես է, բայց չի ստիպում վտանգի ենթարկել առողջությունդ ու ինչ որ անցանկալի հետեւանքների բախվել: 



- Եվ ի՞նչ սննդակարգի ես հիմա հետեւում:
 
- Ես չեմ սնվում մինչեւ մարզումների ավարտը: Օրվա մեջ առաջին անգամ սնվում եմ մոտավորապես ժամը 12-ին: Ուտում եմ վարսակի թեփ, կտավատ, դարչին, հետո` կեսօրին, սպիտակուցներ, նախա եւ ետմարզումային շրջանում`ամինաթթուներ, երեկոյան էլ՝ ամենաերկար ու ծանր մարզումից հետո, մեծ քանակությամբ բանջարեղեն, պանիր եւ մի փոքր ձիթապտղի ձեթ: Գիշերը ժամը 22-ից 23-ն ընկած հատվածը դեսերտի շրջանն է. առանց ճարպերի հունական յոգուրտ, 100 տոկոսանոց շոկոլադ, կակաոի փոշի: Խառնում եմ սրանք գդալով եւ ուտում:

- FighterDiet կայքի հիմնադիրն ես: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում: 

- Ընթերցողին առաջարկում եմ բազմաթիվ մարզման ծրագրերով, տարատեսակ դիետաներով ինտերնետային գրքեր, հորմոնալ առողջության ուղեցույցներ, եւ այլն: Ներկայացնում եմ նաեւ տեսանյութեր իմ մասնակցությամբ:

- Ի՞նչ կետեր կան 2014-ի «անելիքներիդ ցուցակում»:
 


- Ցանկանում եմ պահպանել նիհար կառուցվածքը, հետզհետե բարելավել առողջությունս: Տարբեր մարզումային ծրագրեր եմ փորձարկում ինձ վրա ու փորձում տեսնել դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա: Բիզնեսի հետ կապված նպատակներիցս է շարունակել օգնել մարդկանց` առաջարկելով Fighter Diet-ը: Ի դեպ, էական չէ, թե որքան լավն է մի բան տեսական մակարդակում, դրա որակը երեւում է, երբ փորձարկում ես այն իրական կյանքում:

- Լավագույն խորհուրդը, որ կտաս մեր կին ընթերցողներին:

- Միշտ օգտագործեք արեւապաշտպան քսուք:

- Դիետաներից ու իդեալական կազմվածքից բացի էլ ի՞նչն է հետաքրքրում  Պաուլին Նորդինին:

- Սիրում եմ կարդալ ու ինքնակրթվել, իհարկե, ինձ հետաքրքրում են այլ բաներ եւս այս աշխարհի մասին: Բայց առաջնայինը սպորտն է: Նախկինում տարբեր ամսագրերի համար լուսանկարվում էի, հիմա դա անում եմ միայն սեփական բրենդի առաջխաղացման համար: Չեմ ասի, թե ես մոդել եմ, ուղղակի սիրում եմ հետաքրքիր ֆոտոշարքերի հերոս դառնալ:

- Քո հետ վերջերս կատարված ամենահրաշալի բանը:



- Իմ կյանքը հենց այնպիսին է, ինչպես որ երազել եմ: Ես եկա Ամերիկա Շվեդիայից ու այս տարի ԱՄՆ-ի քաղաքացիություն ստացա: Դա ինձ համար թիվ մեկ նպատակն էր, որն իրագործվեց:

- Ի՞նչ կարծրատիպեր կան բոդիբիլդինգով զբաղվող կին մարզիկների մասին:

- Ասում են, իբր ես ստերոիդներ եմ օգտագործում, շատ փքված կազմվածք ունեմ եւ հիմար եմ (ծիծաղում է):

-Համոզված եմ, որ կհիշես որեւէ զվարճալի դեպք սպորտից ու կպատմես հենց հիմա:

-Իմ առաջին մարզումներից մեկ շաբաթ անց այնքան քաղցած էի, որ խուճապի մատնվեցի: Պառկել էի բազմոցին ու լաց էի լինում: Ուղղակի ուզում էի ուտել, կապ չուներ ինչ, միայն ինչ-որ բան ուտեի: Հետո հապալասով քաղցր թեյ խմեցի ու նորից երջանիկ էի: Սա իմ առաջին դիետան էր, որտեղ ես պայքարում էի մարզավիճակ ձեռք բերելու համար, եւ դա իսկապես սարսափելի էր: Բոդիբիլդինգով զբաղվելու համար համբերություն ու նվիրվածություն է հարկավոր: Բոդիբիլդինգն երկարատեւ ու դանդաղ գործընթաց է, ու մինչեւ չսովորես կիրառել նրա թելադրած ամենօրյա կանոնները, նա չի պատասխանի քեզ փոխադարձ սիրով:

Ի դեպ, շնորհավորում եմ Մեդիամաքս Սպորտ-ի ընթերցողների տոները, մաղթելով նպատակների իրականացում 2014 թվականին: 
 
Պաուլին Նորդինի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին