Դեկտեմբեր 03, 2022
exclusive
11414 դիտում

Յանա Եգորյան. “Իմ հաջողությունների մասին Հայաստանում այնքան էլ տեղյակ չեն”

Յանա Եգորյանը
Յանա Եգորյանը

Լուսանկարը` Դմիտրի Կրասնովսկու


Հայաստանում ծնված եւ Ռուսաստանում հաջողությունների հասած սուսերամարտիկ Յանա Եգորյանը 2012-ին դարձել է  Ռուսաստանի չեմպիոն, իսկ  2013-ին` Եվրոպայի թիմային չեմպիոն: 2013-ին Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Եգորյանը Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ է: 2010 թվականին Սինգապուրում անցկացված պատանեկան օլիմպիական խաղերում նվաճել է 2 օլիմպիական ոսկի՝ դառնալով նման արդյունքի հասած Ռուսաստանը ներկայացնող միակ սուսերամարտիկը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Յանա Եգորյանի բացառիկ հարցազրույցը sport.mediamax.am-ին:

-Սուսերամարտ… կարծես թե շատ քիչ երեխաներ են երազում զբաղվել դրանով վաղ տարիքում: 

- Ես էլ բացառություն չեմ եղել: Սուսերամարտում հայտնվել եմ պատահաբար: Թիվ 3 դպրոցում, որտեղ ես սովորում էի, սուսերամարտի խմբակում ընդգրկելու համար երեխաների էին ընտրում: Քանի որ ես շատ աշխույժ երեխա էի ու շատ ազատ ժամանակ ունեի, առանց մտածելու որոշեցի զբաղվել սուսերամարտով: Առաջին իսկ պահից այն ինձ դուր եկավ: Բայց սուսերամարտով լրջորեն սկսեցի զբաղվել միայն 2009-ին, երբ առաջին անգամ ընդգրկվեցի կադետների հավաքականում:


Յանա Եգորյանը:
Լուսանկարը՝ Դմիտրի Կրասնովսկու:

- Քո առաջին կարեւոր մրցաշարը 2010 թվականի Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերն էին:

- Դա իմ առաջին օլիմպիադան էր, երազանքս իրականություն էր դառնում: Ես ստացա Ռուսաստանը միջազգային ասպարեզում ներկայացնելու հնարավորություն: Շատ էի հուզվում: Բայց դրա հետ մեկտեղ նվաճեցի ոսկե մեդալ: Շատ էի ցանկանում մասնակցել նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերին, բայց հասկանում էի, որ դեռ պատրաստ չեմ: Բայց, հավանաբար, Ռուսաստանի հավաքականի կազմում կմասնակցեմ 2016-ի օլիմպիական խաղերին: Համոզված եմ, որ կընդգրկվեմ հավաքականում:

- Չե՞ն եղել պահեր, երբ ցանկացել ես թողնել ամեն ինչ ու հեռանալ սպորտից…

- Շատ անգամ եմ ցանկացել հեռանալ, բայց ամեն անգամ ինչ-որ բան կանգնեցրել է ինձ: Երեւի այն, որ սուսերամարտն ինձ ինքնադրսեւորվելու հնարավորություն է տալիս, իսկ ես միշտ եմ ցանկացել ինքնուրույն լինել: 

- Սպորտը սպորտ, բայց չե՞ս մտածում երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու մասին:


Յանա Եգորյանը:
Լուսանկարը՝ Դմիտրի Կրասնովսկու:

- Իհարկե, մտածում եմ, միայն սպորտով չի կարելի սահմանափակվել, եւ պետք է մտածել հետագայի մասին: Կան որոշակի պլաններ, բայց այս պահին ես պատրաստ չեմ խոսել դրանց մասին:

- Սուսերամարտում դիետա երեւույթն ինչպիսի՞ դրվածք ունի: 

- Դիետա որպես այդպիսին չկա: Մենք ուտում ենք այն, ինչ ցանկանում ենք, իհարկե, որոշակի չափով: Բայց, անկեղծ ասած, ինքս ինձ հաճախ եմ դիետայի վրա “նստեցնում”: Ասենք, կարող եմ երկու օր համարյա ոչինչ չուտել եւ ապա ուտել, ուտել եւ նորից ուտել (ծիծաղում է):

- Հաղթանակի հասնելու համար ի՞նչն է առաջնային:

- Կամքի ուժը եւ այն գիտակցությունը, թե ինչ ես դու ցանկանում ստանալ: Ես երբեք ազատ ժամանակ չեմ ունենում, միշտ սպորտում եմ:


Յանա Եգորյանը:

- Մեկ նախադասությամբ նկարագրիր սուսերամարտը:

- Սուսերամարտը գեղեցկություն է:

- Չնայած չափազանց երիտասարդ ես, բայց միգուցե արդեն պլանավորել ես, թե ո՞րքան ես մնալու սպորտում: 

- Որոշել եմ, որ երբ սպորտում որոշակի հաջողությունների հասնեմ, սուսերամարտով կշարունակեմ զբաղվել միայն կազմվածքը եւ մարզավիճակը պահպանելու համար:

- Հայկական արմատներից խոսենք:

- Ես ապրել եմ Հայաստանում մինչեւ 6 տարեկան: Տանը հայերեն չեմ խոսում, բայց լեզուն հասկանում եմ: Ունեմ հայ ընկերներ, բայց նրանք եւս Ռուսաստանում են բնակվում: Կարծում եմ, իմ հաջողությունների մասին Հայաստանում այնքան էլ տեղյակ չեն:

- Յանա Եգորյանի երազանքը:


Յանա Եգորյանը:
Լուսանկարը՝ Դմիտրի Կրասնովսկու:

- Ապրել սեփական հաճույքի համար, ոչ մեկից կախում չունենալ եւ գործում լինել լավագույնը:

- Ծնողներդ կապ ունե՞ն սպորտի հետ:

-Չեմ ցանկանում խոսել ընտանիքիս մասին: Միայն կասեմ, որ հարազատ հայրս ապրում է Հայաստանում:

- Յանա Եգորյանը…

- “Անամոթ”, կտրուկ, նյարդային եւ սիրահարվող աղջիկ է (ծիծաղում է):

- Յանա, ի՞նչ կմաղթես այն աղջիկներին, ովքեր ցանկանում են զբաղվել սուսերամարտով:  

- Աղջիկներ, եթե դուք պատրաստ եք ձեր ողջ ժամանակը ծախսել այս մարզաձեւի վրա, ապա դրանից հաստատ ինչ-որ բան դուրս կգա, իսկ եթե ձեր հոգում եւ սրտում միայն տղաներն են ու թանկարժեք ավտոմեքենաները, ապա այս մարզաձեւը ձեզ պետք չէ: Հարգանքներով` հայուհի Յանոչկա:

Յանա Եգորյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին