Հոկտեմբեր 14, 2024
exclusive
135907 դիտում

Վարդան Մինասյան. «Շարունակում եմ ֆուտբոլային ռիթմի մեջ մնալ»

Վարդան Մինասյանը
Վարդան Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հավաքականի, «Փյունիկ»-ի, «Արարատ Արմենիա»-ի եւ «Տարազ»-ի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մոտ մեկ տարի ակտիվ մասնագիտական գործունեություն չի ծավալել, բայց շարունակել է մնալ ֆուտբոլում: Mediamax Sport-ի հետ զրույցում նա պատմել է իր կյանքի այս փուլի, նոր առաջարկների, ժամանակակից ֆուտբոլում փոփոխությունների ու աննախադեպ ԱԱ-ի մասին, նշել, թե որն է Հայաստանի հավաքականի հիմնական խնդիրը:

- Պարոն Մինասյան, մեր վերջին հանդիպումից ուղիղ մեկ տարի է անցել, ինչո՞վ եք զբաղվել այս ընթացքում ու ֆուտբոլն ի՞նչ տեղ է զբաղեցրել Ձեր կյանքում:

- Հնարավոր չէ հանգիստ խոսել միայն ֆուտբոլի մասին, քանզի երկրում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են բոլոր բնագավառների վրա, ֆուտբոլն էլ բացառություն չէ: Իհարկե, այս ընթացքում տարբեր խաղեր եմ դիտել, վերլուծություններ արել: Մեկ տարի առաջ ավարտեցի աշխատանքս Ղազախստանում ու, բնականաբար, պիտի փորձեի հասկանալ, թե ինչ ստացվեց ինձ մոտ ու ինչ արդյունքի հասա: Հետեւում էի նաեւ ֆուտբոլում տեղի ունեցող միտումներին, թե որ ուղղությամբ է այն զարգանում: Տարբեր առաջնություններում նախընտրած թիմեր ունեմ, որոնց հանդիպումներին հետեւում եմ: Նաեւ համագործակցել եմ Interfootball-ի հետ ու նրանց համար մասնագիտական վերլուծություններ արել:


- Եվ ի՞նչ միտումներ եք նկատել, հիմնականում ո՞ր ուղղությամբ է զարգանում ժամանակակից ֆուտբոլը:

- Գլոբալ առումով, իհարկե, ֆուտբոլում մեծ փոփոխություններ չկան, պարզապես հիմա տակտիկան գնալով ավելի է գերակշռում, այն ավելի մանրակրկիտ է ուսումնասիրվում: Հոգեբանությունն է սկսել ավելի մեծ տեղ գրավել ֆուտբոլում: Տարբեր տեսակի տեխնոլոգիաներն են սկսել իրենց հետքը թողել մարզչի աշխատանքի վրա: VAR համակարգի պատճառով դադարներն են շատացել, ճիշտ է՝ խաղի դինամիկան մի քիչ ընկնում է, բայց, հաշվի առնելով, թե ֆուտբոլում որքան գումար է ծախսվում ու էմոցիաներ լինում, այդ համակարգի կիրառությունն անհրաժեշտ է․ խաղը չափազանց արագացել է, մրցավարի աչքից շատ բաներ կարող են վրիպել:

- Իսկ մասնագիտական առումով ինչպե՞ս եք ձեռք բերած գիտելիքներն օգտագործել մարզչական որակները պահելու ու զարգացնելու համար:

- Իրականում հանդիպումների վերլուծություններ անելը շատ է օգնում, տարատեսակ սխեմաներ ես ուսումնասիրում, մարտավարություններ, թե խաղն ինչ ուղղությամբ է ընթանում եւ մարզիչներն ինչպես են կարողանում ազդել դրա ընթացքի վրա, անհատի դերը թիմում, թիմային խաղ եւ այլն: Բայց ինչ էլ որ անենք, տեսությունը երբեք չի համեմատվի պրակտիկայի հետ: Երբ ինքդ ես մարզիչ, ամեն ինչ այլ է, անգամ որոշումներն ես կարողանում ավելի արագ գտնել: Դրա համար էլ սեփական փորձը ոչ մի բանի հետ չի համեմատվի:
Վարդան Մինասյանը Վարդան Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Գիտենք, որ առաջարկներ եք ունեցել Հայաստանի առաջատար ակումբներից, ինչո՞ւ չեք ընդունել դրանք:

- Ընդհանուր ասեմ՝ չառանձնացնելով միայն Հայաստանը: Տարբեր երկրներից են եղել առաջարկներ, այդ թվում՝ Ղազախստանից ու Մերձբալթյան երկրներից: Ես գլխավորել եմ հավաքականը, մարզիչ եղել Հայաստանում եւ արտերկրում․ գտնում եմ, որ ամեն առաջարկ չէ, որ պետք է միանգամից ընդունեմ, ամեն ինչ ծանրութեթեւ եմ անում: Այն նախ ինձ պիտի գոհացնի, պետք է հասկանամ՝ այդ թիմի փիլիսոփայությունը որքանով է համապատասխանում ինձ: Որոշ առաջարկներ ինքս եմ մերժել, մյուսների դեպքում ակումբների ղեկավարության հետ փոխադարձ համաձայնության չենք եկել: Անկեղծ լինեմ՝ սա իմ ամենաերկար ընդմիջումն էր առանց ակտիվ ֆուտբոլի, մինչ այդ ամենաշատը 6 ամիս էր եղել։ Բայց ոչինչ, կսպասեմ ինձ հարմար տարբերակի: Աշխատում եմ իմ ապրելակերպով եւ ուսումնասիրություններով անհրաժեշտ մասնագիտական ռիթմի մեջ մնալ:

- Պարոն Մինասյան, իսկ որո՞նք են Ձեր պահանջներն ու ո՞ր դեպքում կտաք համաձայնությունը:

- Շատ գործոններ կան, օրինակ, թե ակումբի ղեկավարությունն ինչ խնդիր է դնում թիմի եւ մարզչի առջեւ, ինչ փիլիսոփայություն ունի թիմը, քեզնից ինչ են պահանջում, այդ ամենն իր մեջ ներառում է նաեւ ֆինանսական կողմը, որովհետեւ, եթե ակումբի ղեկավարը արդյունք է ակնկալում, ապա նա պետք է ապահովի թիմի բնականոն գործունեությունը: Մի գործոնից չէ, որ կախված է։ Նաեւ, երբ համաձայնվում ես արտասահմանում աշխատել, առնվազն մեկ տարով կտրվում ես քո երկրից ու ընտանիքից, դրա համար ամեն առաջարկ չէ, որ միանգամից գրավում է:

- Շարունակե՞լ եք հետեւել Ղազախստանի առաջնությանն ու Ձեր նախկին ակումբ «Տարազ»-ին: Կցանկանա՞ք այդ երկրում նորից աշխատել:

- Հետեւում եմ, բայց ոչ շատ ինտենսիվ, առաջնությունից ու նաեւ ակումբներից ամեն դեպքում տեղյակ եմ: «Տարազ»-ի խաղացողներն ինձ հաճախակի են զանգահարում, խոսում ենք, մտքեր փոխանակում ու նաեւ խորհուրդներ եմ տալիս: Դրա համար էլ տեղյակ եմ, թե այնտեղ ինչ է կատարվում: Երբ առաջարկությունների մասին նշեցի, երկուսը հենց Ղազախստանից էին ու ակումբների ղեկավարներն էին արել: Իհարկե, կհամաձայնվեմ այնտեղ աշխատել։ Գտնում եմ, որ այդ երկրում պոտենցիալ կա, որը մինչեւ վերջ չի օգտագործվում: Բացի այդ էլ ֆուտբոլիստների մոտ տեսել եմ սովորելու ու զարգանալու ձգտում, այդ առումով այնտեղ շատ հետաքրքիր է: Ճիշտ է՝ կան նաեւ թերություններ, բայց դրանք կան համարյա բոլոր երկրներում: Ղազախստանում աշխատելն ինձ դուր էր գալիս: Հատկապես երբ արդյունքի ես հասնում, ֆուտբոլիստների մոտ աճ նկատում, ավելի է այն քեզ գրավում: Քանի որ ֆուտբոլը նաեւ կիրք է:

- Ունե՞ք նախընտրելի առաջնություն ու նաեւ հնարավո՞ր է, որ Հայաստանում Ձեզ տեսնենք:

- Ոչ մի բան չեմ բացառում, մարզչի աշխատանքն այնպիսին է, որ կարող է Հայաստանում լինել, Ռուսաստանում, Կիպրոսում, Ղազախստանում կամ որեւէ այլ ակումբներում կամ հավաքականում, այդ ամենն այնքան էլ էական չէ: Պետք է հասկանալ, թե ակումբն ինչ արժեհամակարգի ու փիլիսոփայության վրա է հիմնված, դա է ինձ համար շատ կարեւոր: Պարզապես աշխատելն իմաստ չունի, պետք է մոտիվացիադ շատ բարձր լինի: Իսկ այն բարձր է, երբ կա հստակ նպատակ: Բացի այդ էլ՝ ֆուտբոլին չես կարող խաբել:
Հասմիկ Բաբայանը եւ Վարդան Մինասյանը Հասմիկ Բաբայանը եւ Վարդան Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Իսկ մարզչական աշխատանքի առումով ֆուտբոլում փոփոխություններ շա՞տ են եղել:

- Հիմա երիտասարդ մարզիչների միտում կա, այսպես կոչված՝ լափթոփ մարզիչների, որոնք սիրում են տեխնոլոգիաներ: Նման նոր մի սերունդ կա Գերմանիայում, բավական շատ երիտասարդ մասնագետներ են այնտեղ աշխատում: Պորտուգալական մարզչական դպրոցն է շատ առաջադիմել:Իսկ ընդհանուր առմամբ վերջին շրջանում մարզչական աշխատանքում ինձ շատ բան չի զարմացրել կամ նոր եղել: Առհասարակ, ֆուտբոլում վերջին շրջանում մեծ տեղաշարժեր չեմ նկատում:

- Մերօրյա ֆուտբոլը հիմնականում անցում է կատարում Ռոնալդուի եւ Մեսսիի դարաշրջանից դեպի նոր ժամանակներ, որտեղ իրենց խոսքն ասելու հնարավորություն ունի նոր սերունդը:

- Իհարկե, բոլորը մնացել էին այդ երկուսի ստվերում, թեեւ էլի լավ խաղացողներ կային: Հիմա նրանց թիվը բավական մեծ է, որոնց թվում են Նեյմարը, Մբապեն եւ էլի ուրիշներ: Ռոնալդուն ու Մեսսին իրենց խաղամակարդակով մյուսներից շատ էին տարբերվում:

- Մոտ օրերս մեկնարկում է Աշխարհի առաջնությունը, գուցե նոր հետաքրքիր խաղացողների էլ բացահայտենք:

- Այս առաջնությունում ակնհայտ ֆավորիտներ ոչ թե չկան, այլ բավական շատ են: Նախկինում հազիվ 2-3 հավաքական էինք առանձնացնում, հիմա թիվը 7-8-ի է հասել, որոնցից ցանկացածի հաղթանակի դեպքում անակնկալի չենք գա: Այդ առումով այս առաջնությունը բավական մրցակցային ու հետաքրքիր է լինելու, քանի որ առաջին անգամ անցկացվելու է աշնանը: Այդ ամենն ազդեցություն է ունենալու նաեւ խաղի վրա: Սովորաբար ԱԱ-ն լինում էր ամռանը՝ առաջնությունների ու Եվրագավաթների խաղարկություններից հետո, երբ թոփ լիգաների ֆուտբոլիստները մոտ 50-60 խաղ էին անցկացրած լինում: Նրանք էմոցիոնալ առումով ավելի հոգնած էին, ֆիզիկականի մասին չեմ էլ խոսում: Իսկ տարվա այս շրջանում իրենց մարզավիճակի գագաթնակետին են գտնվում ու դեռ բավական թարմ են:
Վարդան Մինասյանը Վարդան Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Հիմնականում հակառակ կարծիքներ են հնչել, որ ֆուտբոլիստները հավաքականների տրամադրության տակ ավելի քիչ են եղել ու չեն հասցրել բավականաչափ ընկերական հանդիպումներ անցկացնել:

-Առաջնության մասնակից հավաքականների մեծ մասը հիմնական կորիզ ունի, որոնք խաղակցվածության խնդիր չունեն, բացի այդ էլ նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ են ուժեղ առաջնություններից, այսինքն՝ շատ արագ կարող են վերականգնել այդ բացը: Ամեն դեպքում, 1-2 ընկերական խաղ անցկացրած կլինեն ու ոչ մի խնդիր այդ առումով չի լինի: Բացի այդ, երբ ամռանն էր անցկացվում աշխարհի առաջնությունը, վնասվածքներն ավելի շատ էին լինում, քանի որ նրանք 10-11 ամիս անդադար ֆուտբոլ էին խաղում:

- Իսկ ֆավորիտների շարքում ո՞ւմ կառանձնացնեք:

- Բրազիլիա, Արգենտինա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Անգլիա։ Խորվաթիան էլ լավ թիմ ունի: Հուսով եմ՝ ոչ մեկին չեմ մոռացել:
Վարդան Մինասյանը Վարդան Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Քանի որ հավաքականներից խոսեցինք, անդրադառնանք մեր ընտրանու մրցելույթին։ Ի՞նչ կարծիք ունեք:

- Սովորաբար չեմ պատասխանում հավաքականի վերաբերյալ հարցերին, հիմա էլ չեմ ուզում խոսել մարտավարությունից եւ կազմից այն պարզ պատճառով, որ շատ հարգանքով եմ վերաբերվում իմ գործընկերներին, ու ամեն մեկն ունի իր փիլիսոփայությունը եւ աշխատաոճը: Մանավանդ գիտեմ, թե որքան մեծ ճնշում է ենթադրում հավաքականի մարզիչ լինելը: Բայց գլոբալ ու մեծ բաներից կխոսեմ, որոնք անհանգստացնող են, անհասկանալի ու անընդունելի մեր ֆուտբոլում: Նախ եւ առաջ, պետք է լինի հստակ, խիստ եւ հետեւողական պահանջ:

- Ո՞վ պետք է պահանջի՝ ֆեդերացի՞ան, թե՞ մարզիչը:

- Ամենագլխավորը՝ ֆեդերացիան, որն ընտրում է մարզչին, ու այն մարդիկ, որոնք պատասխանատու են ոլորտի համար: Պետք է պահանջը շատ խիստ, հստակ ու հետեւողական լինի: Եթե դա չի լինում, այն անձանց մոտ, ում դու ղեկավարում ես, պատասխանատվության զգացումը պակասում է, ընկնում: Մարդիկ հայտնվում են հարմարավետության գոտում: Դրա հետեւանքով ընկնում են նաեւ արդյունքները: Իսկ պրոֆեսիոնալ ֆուտբոլում ամենակարեւորը արդյունքն է: Մենք տեսնում ենք հետընթաց: Այս մոտեցումը կարող ենք պրոյեկտել Հայաստանում բազմաթիվ ոլորտների վրա, այդ թվում՝ պետության: Չկա հետեւողականություն՝ չկա ասածի եւ արածի համար պատասխանատվություն, չկա արդյունք:

- Իսկ Հայաստանի առաջնությունում դրական փոփոխություն նկատո՞ւմ եք:

- Թեեւ ակտիվորեն հանդիպումներին չեմ հետեւել, բայց ընդհանուր պատկերին ծանոթ եմ: Ինձ շատ հաճելի է տեսնել «Փյունիկ»-ի հաջողությունները եվրագավաթներում: Նախ «Արարատ-Արմենիա»-ն մի աստիճանով բարձրացրեց հայկական ակումբների եվրագավաթներում հանդես գալու մակարդակը, հետո «Ալաշկերտ»-ը խմբային փուլ մտավ, իսկ «Փյունիկ»-ը կարողացավ նաեւ հաղթանակներ տանել խմբային փուլում: Դա, միանշանակ, հայկական ֆուտբոլի համար լավ է, դրական, ինչի առթիվ շնորհավորում եմ նախ եւ առաջ Եղիշե Մելիքյանին, որովհետեւ այս ամենում իր լուման շատ մեծ է: Հաջորդ տարի եվրագավաթներում հանդես եկող թիմերը կունենան բարձր նշաձող ու կփորձեն այն գերազանցել: Այն մթնոլորտն ու ակտիվությունը, որ խաղերի օրերին տիրում էր ստադիոնում, ակումբի ձեռքբերումն է: Ստացվում է, որ ինչ-որ քայլ ենք անում դեպի եվրոպական ֆուտբոլային ընտանիք:
Վարդան Մինասյանը Վարդան Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Իսկ դա որքանո՞վ կօգնի ներքին առաջնության մակարդակի բարձրացմանը:

- Ֆինանսական մեծ միջոցներ ներդնելով՝ «Արարատ Արմենիա»-ն նոր երեւույթ բերեց հայկական ֆուտբոլ, իսկ մյուս թիմերը փորձեցին հետ չմնալ: Այնպես չէ, որ բոլորը միայն ուժեղ լեգեոներներ են բերում, բայց մրցակցության մեծանալու դեպքում մեր ֆուտբոլիստներն էլ կաճեն:

- Եվ վերջում՝ որո՞նք են հաջորդ տարվա Ձեր ծրագրերը:

- Շարունակելու եմ հետեւել ֆուտբոլի նոր միտումներին, մանավանդ մոտ օրերս սկսվելու է Աշխարհի առաջնությունը: Սպասում եմ նաեւ աշխատանքի առաջարկների: Մեկ բան պարզ է՝ ինչ թիմ էլ գլխավորեմ, ինձնից արդյունք են ակնկալելու շատ արագ, քանի որ հիմա ակումբները բավական քիչ ժամանակ են տալիս մարզիչներին: Հենց դրա համար էլ նախընտրում եմ աշխատել իմ օգնականների հետ, որոնց վաղուց գիտեմ, որպեսզի ժամանակ չկորցնեմ զանազան այլ հարցերի վրա:

Վարդան Մինասյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը։
Լուսանկարները՝ Գոհար Նալբանդյանի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին