Նոյեմբեր 20, 2024
exclusive
173304 դիտում

Վարդան Մինասյան. Մարզիչը, ֆուտբոլիստը, ղեկավարն անցողիկ են, իսկ հավաքականը՝ մնայուն

Վարդան Մինասյանը
Վարդան Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս տարվա հոկտեմբերի վերջին Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական տվեց ղազախական «Տարազի» գլխավոր մարզչի պաշտոնից: Երեւան վերադառնալուց հետո նա բացառիկ հարցազրույց է տվել Mediamax Sport-ին, պարզաբանել իր որոշման դրդապատճառները, խոսել կարիերան շարունակելու նոր առաջարկներից, անդրադարձել ԱԱ ընտրական փուլում Հայաստանի ընտրանու խաղին ու խոսել Հենրիխ Մխիթարյանի կարեւորության մասին:

- Պարոն Մինասյան, երկրորդ անգամ համաձայնվեցիք աշխատել Ղազախստանում, ինչո՞վ էր Ձեզ հետաքրքրել «Տարազի» առաջարկը:

- Երբ «Արարատ-Արմենիա»-ի հետ իմ պայմանագիրն ավարտվեց, ակումբից առաջարկեցին տեխնիկական տնօրեն աշխատել, բայց ես հրաժարվեցի: Այդ պահին ուզում էի մարզչական գործունեությունս շարունակել: «Տարազի» սպորտային տնօրենը, որն իմ գլխավորությամբ խաղացել է «Տոբոլում», առաջարկեց գլխավորել ակումբը: Առաջին անգամ մերժեցի, քանի որ պայմաններն այնքան էլ հարմար չէին, իսկ երկրորդ անգամ բյուջեի հարցում արդեն հստակություն կար: Ինձ հետաքրքիր էր ակումբի փիլիսոփայությունը: Մինչ այդ աշխատել էի հիմնականում երիտասարդների հետ ու հիմնվել ավելի շատ սեփական կադրերի վրա, բացառություն էր միայն «Արարատ-Արմենիա»-ն, որտեղ լեգեոներները շատ էին: Ղազախստանում ամեն ինչ որոշում է ակիմը (մարզպետը - խմբ.), նա ցանկանում էր, որ տեղացի կադրերի վրա հիմնվեինք ու քիչ լեգեոներներ հրավիրեինք: Այդ տարածաշրջանն առավելություն ունի, այն շատ ֆուտբոլային է ու մշտապես նոր կադրեր է մատակարարում ղազախական ֆուտբոլին: Նաեւ այդ առումով եմ շատ ուսումնասիրել «Տարազը» ու հասկացել, որ արժե այնտեղ աշխատել:

Վարդան Մինասյանը Վարդան Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Այսինքն՝ ավելի շատ սիրում եք երիտասարդների՞ հետ աշխատել ու նրանց հետ գիտելիքներով կիսվել:

- Երկու դեպքում էլ աշխատանքը շատ հետաքրքիր է ու տարբեր: Երիտասարդները փորձառուներից տարբերվում են նրանով, որ միշտ ունեն աճելու ու զարգանալու ծարավ, մոտիվացիան բարձր է: Նրանց հետ պետք է պարզապես խոսել ու գիտելիքներ տալ, իսկ լրացուցիչ տրամադրելու խնդիր չի առաջանում: Փորձառուների հետ աշխատելն էլ ունի իր առանձնահատկությունները, որոնք հիմնված են հիմնականում հոգեբանության վրա, թեեւ երկու դեպքում էլ կան նաեւ դժվարություններ: Ինձ երկուսն էլ հետաքրքիր են ու բախտի բերումով աշխատել եմ տարբեր թիմերի հետ:

- Ձեզ հաջողվեց «Տարազում» երիտասարդ տաղանդներ բացահայտել, որոնք հավաքականներից հրավեր ստացան:

- Արդյունքն երկու տեսակի է լինում, մեկը բոլորի համար տեսանելի է՝ տեղն աղյուսակում ու լուսատախտակի վրա հաշիվը: Դրանք ամենակարեւորն են ֆուտբոլում։ Իսկ երկրորդը թիմի առաջընթացն է ու առանձին ֆուտբոլիստների աճը: Այդ առումով ես ակումբում առաջընթաց տեսա: Առաջին 9-10 տուրերի ընթացքում մենք աղյուսակում 2-3-րդ տեղերում էինք ընթանում, հետո առաջացան ֆինանսական խնդիրներ:

Թիմում 25 խաղացող կա, ու բոլորը տարբեր կերպ են մտածում, խնդիրներին յուրովի արձագանքում, նման դեպքում մարզչի համար լրացուցիչ դժվարություններ են առաջանում: Ակիմը մեր առջեւ խնդիր էր դրել 1-ին շրջանն ավարտել 6-րդ տեղում, հենց այդպես էլ եղավ: Գավաթում պետք է հնարավորինս առաջ շարժվեինք, հասանք մինչեւ քառորդ եզրափակիչ: Արդյունքների առումով առաջադրանքները մինչեւ վերջին պահը կատարում էինք: 4 տուր էր մնացել, ու եթե 2 խաղում հաղթեինք, 5-6-րդ տեղերում կլինեինք: Այս տարի ակումբն այլեւս չէր պայքարում Բարձրագույն խմբում մնալու համար: Ղեկավարությունը դժգոհություն չուներ, բայց ես ունեի, քանի որ իմ ամբիցիաները միշտ բարձր են:

Լուսանկարը` FC Taraz


- Քանի որ արդյունքն էլ գոհացուցիչ էր, այդ դեպքում ի՞նչն էր պատճառը, որ սկսեցին իրենց պարտավորությունները չկատարել:

- Ինձ մի բան էր հետաքրքրում, որ թիմը բնականոն կյանք ունենա: Եթե ֆուտբոլիստներից ինչ-որ բան ենք պահանջում, պետք է նրանց համար լավ պայմաններ ապահովենք: Բարձր արդյունքի հասնելու համար պետք է սիրել ակումբը, որն իր հերթին պարտավոր է կատարել ստանձնած պարտավորությունները: Այդ երկուսի համադրությունն է առաջընթացի պայմանը: Վաղուց են անցել այն ժամանակները, որ միայն ակումբը սիրելու համար ֆուտբոլիստներն ամեն ինչ անեն: Նրանց կարիերան կարճ է, ամբողջ կյանքում չեն խաղալու:

- Իսկ ե՞րբ հասկացաք, որ նման պայմաններում չեք աշխատելու:

- Մեզ մոտ խնդիրներն ի հայտ էին եկել մայիսին, բայց փորձում էինք ինչ-որ կերպ հասկանալ դրանք: Անգամ դեպք եղավ, երբ թիմը չէր ուզում խաղադաշտ դուրս գալ։ Որոշ խոստումներ տվեցին, բայց օգոստոսին կրկին նույն իրավիճակը ստեղծվեց: Ես այն պահին հեռացա, երբ մրցաշարային աղյուսակում միջին դիրքում էինք: Զգացի, որ չեմ կարող ազդել արդյունքի վրա, իմ խոսքը հասկանալի պատճառներով տեղ չէր հասնում: Ֆուտբոլիստներին չէի մեղադրում՝ իրենց գլուխն այլ բաներով էր զբաղված, որոշ առումով անգամ հասկանում էի նրանց: Զգացի, որ թիմին էլ տալու ոչինչ չունեմ:

- Ինչպիսի՞ն էր Ձեր հրաժեշտն ու ի՞նչ ասացիք խաղացողներին:

- Հանդիպեցի նրանց հետ մարզաբազայում ու խոսեցի, շնորհակալություն հայտնեցի: Իմ աշխատանքը միշտ հիմնվում է լավ մթնոլորտի վրա: Որքան թիմեր եմ ունեցել, առաջնային պայմանը դա է եղել, նման իրավիճակում է ֆուտբոլիստի մոտ աճ գրանցվում: Լավ բաժանվեցինք, նրանք էլ ինձ շնորհակալություն հայտնեցին, մինչեւ հիմա էլ բոլորի հետ կապը պահում եմ:
Վարդան Մինասյանը Վարդան Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչ եք կարծում՝ հետագայում ինչպե՞ս կդասավորվի «Տարազի» ճակատագիրը:

- Մի փոքր ափսոսանքի զգացում ունեմ: Ֆուտբոլիստները զգացել էին, որ անկախ տարիքից իրենց վստահում են: Ղազախական ֆուտբոլում մի առանձնահատկություն կա՝ տարանջատումը մեծերի ու երիտասարդների միջեւ մեծ է: Ինձ մոտ այդպես չէ, կան ֆուտբոլիստներ, որոնք համապատասխանում են պահանջներին եւ ունեն պոտենցիալ, եւ խաղացողներ, որոնք անկախ տարիքից չեն համապատասխանում քո ֆուտբոլային փիլիսոփայությանը: Դա խաղացողներն էլ էին նկատել, երիտասարդները սկսել էին շատ խաղաժամանակ ստանալ, նախկինում նման բան երբեք չէր եղել: Այդ առումով եմ ափսոսում, չգիտեմ՝ հետո ինչպես կլինի: Իսկապես հավատացել էին իրենց սեփական ուժերին, որ առաջատար ակումբների ֆուտբոլիստներն էլ իրենց պես են, պարզապես հոգեբանորեն են ավելի լավ պատրաստված: Հասկացել էին, որ ցանկացածի հետ էլ կարող են խաղալ ու հաղթել, անկաշկանդ էին գործում: «Տարազի» դեմ բոլոր խաղերը, հատկապես՝ տնայինները, մրցակիցների համար դժվար էին համարվում: Մթնոլորտը ստադիոնում շատ լավն էր, երկրպագուները շատ անկեղծ էին ցավում, հենց այնպես չէին գալիս: Միշտ թիմի կողքին են եղել ու աջակցել: Մեր ակումբի խաղերը հաճախելիության առումով 2-3-րդ տեղերում էին:

- Իսկ Ղազախստանում միայնա՞կ էիք մնում, թե՞ ընտանիքի հետ:

- Հիմնականում մենակ էի, տղաս մեկ ամսով եկավ ինձ մոտ, բայց հետո պետք է մեկներ սովորելու: Իմ մարզչական շտաբի մյուս երկու հայերի հետ էի (Արթուր Մկրտչյան, Արտակ Օսեյան): Շատ լավ քաղաք է Տարազը, բացառիկ կանաչ եւ շատ մաքուր: Մարդիկ իրենց քաղաքին այնքան լավ են վերաբերվում, ինչպես սեփական տան բակին: Նույնիսկ զարմանում էի մաքրության վրա, բոլոր առումներով դրական միջավայր էր: Լավ փորձ էր ինձ համար, ֆուտբոլիստների հետ աշխատելու առումով էլ շատ բան տվեց, մամուլն էլ մեր մասին դրական էր գրում: Վերջերս իմացա, որ երկու խաղացող կրկին ազգային հավաքական է հրավիրվել, եւս 3-ը՝ մինչեւ 21 տարեկանների թիմ: Միայն թե ափսոսում եմ, քանի որ կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել:
Վարդան Մինասյանը Վարդան Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Փաստորեն՝ կշարունակե՞ք հետագայում էլ ակումբի գործունեությանը հետեւել:

- Անպայման: «Տոբոլից» հեռանալուց հետո էլ սովորության համաձայն շարունակում էի հետեւել, թե ինչ է կատարվում ղազախական ֆուտբոլում: 7 տարի անց նորից աշխատեցի այնտեղ, կազմակերպչական առումով էլի թիմեր կան, որ առաջ են մնացածից, ֆուտբոլային տեսանկյունից են հիմա ակումբներն ավելի ճկուն դարձել: 2015-ի համեմատ ֆինանսական հնարավորություններն են նվազել, համարյա բոլորը՝ «Կայրաթից» բացի, բյուջետային են, փորձում են քիչ-քիչ անցնել հովանավորչական սխեմային: Լավ կլինի, որ ակումբները մի քանի հովանավորներ ունենան, ինչպես, օրինակ, Գերմանիայում է: Այնտեղ թիմերը 20-ից ավել հովանավորներ ունեն, ու երբ մեկի մոտ խնդիրներ են լինում, ակումբի վրա դա չի անդրադառնում: Ղազախստանը հարուստ երկիր է ու կարող է իրեն նման բան թույլ տալ:

- Մարզչական տեսանկյունից, ի՞նչ տվեց նորից Ղազախստանում աշխատելը:

- Իմ մարզչական պրակտիկան շարունակվեց, ինչը շատ դրական էր: Մինչեւ «Արարատ-Արմենիա»-ն գլխավորելը որոշ ժամանակ մարզիչ չէի աշխատել, Ֆուտբոլի ակադեմիայում տեխնիկական տնօրեն էի, սկզբում անսովոր էր, բայց արագ ռիթմի մեջ մտա: Ֆուտբոլը շատ արագ է զարգանում, եւ ամենօրյա աշխատանքի ընթացքում միշտ նոր բացահայտումներ ես անում: «Տարազում» աշխատանքն առաջընթաց էր ինձ համար: Մենք՝ մարզիչներս էլ նոր բան սովորեցինք ֆուտբոլիստներից: Ակումբը փորձառու լեգեոներներ ուներ, որոնք լավ թիմերում էին խաղացել, այդ թվում՝ Պորտուգալիայում:

- Ղազախստանյան ԶԼՄ-ները գրում են, որ իրենց երկրում աշխատելու նոր առաջարկներ ունեք: Նորից կվերադառնա՞ք այնտեղ:

- Իհարկե, կվերադառնամ, բայց շատ բան կախված է պայմաններից: Երբ որեւէ պայմանագրի տակ դնում ես քո ստորագրությունը, միայն ֆինանսական կողմի հետ չէ, որ համաձայնվում ես․ պետք է փիլիսոփայությունն էլ հասկանաս, որ գործի ընթացքում երկուստեք հարցեր չառաջանան: Նախապես պետք է իմանաս ակումբի հավակնություններն ու թե ինչի վրա է հիմնված աշխատանքը: Ղազախստանում ակումբների բյուջեները դեկտեմբերից են հստակեցվում, դեռ սպասում եմ: Երկու ակումբի ներկայացուցիչների հետ մինչեւ վերադառնալս եմ խոսել:
Վարդան Մինասյանը Վարդան Մինասյանը

Լուսանկարը` userapi.com


- Ուժե՞ղ ակումբներ են, մրցաշարային դիրքն ինչպիսի՞ն է:

- Կա եւ առաջատար հնգյակից, եւ միջակ:

- Այլ երկրներում աշխատելու տարբերակնե՞ր էլ կան:

- Կան առաջարկներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից: Ճիշտն ասած, մեր առաջնությանն ինտենսիվ չեմ հետեւել, որովհետեւ 3-4 օրը մեկ խաղեր էինք ունենում, այնտեղի խնդիրների վրա էի կենտրոնացած: Բայց պարտադիր դիտել եմ հավաքականի խաղերը, անկախ ամեն ինչից այն ինձ համար միշտ առաջին տեղում է: Մարզիչը, ֆուտբոլիստը, ղեկավարը՝ բոլորն անցողիկ են, իսկ հավաքականը մնայուն արժեք է: Ինձ այնտեղ էլ հավաքականի մասին շատ հարցեր էին տալիս, մեր ֆուտբոլիստների՝ Վարազդատ Հարոյանի, Տիգրան Բարսեղյանի, Կամո Հովհաննիսյանի հետ զրուցում էի հանդիպումներից հետո:

- ԱԱ-ի ընտրական փուլից խոսենք: Հայաստանի հավաքականի համար սկիզբը շատ լավն էր ու տպավորիչ, ի՞նչն էր նման արդյունքի պատճառը:

- Դժվար է ինչ-որ բանից խոսել, երբ ներսից չգիտես՝ ինչ է կատարվում: Բայց նկատել եմ, որ թիմում շատ լավ մթնոլորտ է, ու դա մարզչական շտաբի ձեռքբերումն է: Հանգստություն կար հավաքականում: Չեմ կարող ասել՝ ինչը չստացվեց: Երբ 1-2 խաղ հաջող է լինում, ֆուտբոլիստների մոտ հոգեբանական վստահություն է առաջանում, ու կապ չունի, թե ում դեմ են խաղում: Ֆուտբոլում հոգեբանությունն առաջին տեղում է, կարող ես ֆիզիկապես ու տակտիկապես պատրաստ լինել, բայց զիջել, երբ ուղեղը ճիշտ ալիքի վրա չէ: Այդ առումով հավաքականի մոտ առաջընթաց տեսել եմ: Ամեն դեպքում, դրական էր, որ համարյա մինչեւ նախավերջին խաղը ուղեգիր նվաճելու շանսեր պահպանեցին: Եթե մի քանի մրցափուլ հետ գնանք, կտեսնենք, որ միշտ չի, որ այդպես է եղել:

Լուսանկարը` Reuters


-Իսկ Ձեզ այս ընտրական փուլում հավաքականի խաղը դո՞ւր էր գալիս:

- (Խորը շունչ է քաշում - խմբ.) Բարդ հարցեր եք տալիս:

- Որոշ հանդիպումներում լավ էին գործում, որքան մոտենում էր ընտրական փուլի ավարտը, սարսափելի տեսք ունեին, թաքցնելու ոչինչ չկա, կայուն չէին խաղում:

- Ֆուտբոլը շատ է արագացել, մրցակիցները ժամանակ ու տարածություն շատ քիչ են տալիս։ Երբ ֆուտբոլիստը ճնշման տակ է, սխալվելու հավանականությունը մեծանում է, կախված է նաեւ խաղացողի կարգից: Օրինակ՝ Մխիթարյանի վրա որքան էլ ճնշում լինի, իր առավելագույնը քաղելու է: Երբեմն ասում են, որ ֆուտբոլիստը սխալ փոխանցում կատարեց, պետք է հասկանալ՝ ճնշման տա՞կ էր, թե լավ չի տրամադրվել խաղին, այդ ամենը պետք է հաշվի առնել: Շատ չեմ սիրում քննարկել մարզիչներին ու թիմերը, բայց երբ նայում եմ հավաքականի խաղերը, ավելի շատ դրական կողմեր եմ տեսնում, զգացվում է, որ միասնական են: Այդ մեկնարկային արդյունքներն էլ պատահական չէին, մենք գրանդ հավաքական չենք, բայց եթե նման շանսեր ենք պահպանել, ուրեմն դրականն ավելի շատ է:

- Պարոն Մինասյան, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը «Ռոմա»-ում Մխիթարյանի ցուցադրած խաղի մասին:

- Միշտ չեմ սիրել այդ մասին խոսել, բայց Հենրիխի դեպքում պետք է ասեմ՝ նա այն ֆուտբոլիստն է, որով հպարտանում ենք ու միշտ պետք է աջակցենք: Երբեմն նրա հասցեին քննադատություն եմ լսում, որին արժանի չի: Նա այնքան բան է արել հայկական ֆուտբոլի համար: Բնական է, որ Մխիթարյանի մոտ էլ կարող է որեւէ բան չստացվել: Ֆոնսեկայի գլխավորությամբ «Ռոմա»-ում այլ մակարդակի վրա էր բարձրացել, խաղն ավելի լավ էր ստացվում, հիմա հնարավոր է Մոուրինյոյի հետ տարաձայնություններ կան, վերջին հանդիպումներում քիչ է խաղում: Համոզված եմ, որ նա միշտ առաջ է գնալու ու նման իրավիճակներն իր վրա չեն ազդելու:

Լուսանկարը` AS Roma


- Հիմա նորից սկսել են արտերկրից շատ ֆուտբոլիստներ հրավիրել հավաքական, որքանո՞վ է այդ պրակտիկան ճիշտ:

- Պետք է կողմնորոշվել ըստ իրավիճակի ու ժամանակի: Մենք չունենք այնքան շատ ֆուտբոլիստներ, որ կարողանանք շարունակականությունը երկար պահել: Հզոր երկրներում էլ 10 տարին մեկ անկում է լինում, Ֆրանսիայի պարագայում էլ այդպես եղավ, ուր մնաց մեր երկիրը: Մենք ունենք Սփյուռք եւ դրանից չօգտվելը մեր կողմից առնվազն ոչ պրոֆեսիոնալ կլինի: Տարբեր երկրներում լավ հայ խաղացողներ կան: Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում կամ Ռուսաստանում էլ ծագումով այլազգիներ են խաղում, ամբողջ աշխարհում է այդ փորձը կիրառվում: Դրանում վատ բան չեմ տեսնում:

- Ձեր գլխավորությամբ եւ Հայաստանի հավաքականը, եւ «Արարատ-Արմենիա»-ն մոտ են եղել խմբային փուլը հաղթահարելուն, բայց վերջին խաղում չի ստացվել: Երբ այդքան մոտ եք լինում հաջողությանն ու դուրս եք մնում պայքարից, ի՞նչ եք զգում:

- Այդ հարցի շուրջ ես էլ եմ միշտ մտածում, ուզում եմ հասկանալ, թե ես ինչն այնպես չարեցի, ավելի շատ դրա վրա եմ կենտրոնանում: Գտնում եմ, որ իմ սխալներն էլ են եղել: Իմ մեջ եմ նախ պատճառները փնտրում, գուցե կազմի ընտրության հարցում կային խնդիրներ, կամ որոշ փոփոխություններ ուշացան, կամ հոգեբանական պահ կար: Անընդհատ եմ այդ ամենի շուրջ մտորում: Նման իրավիճակները միշտ մոտիվացնում են, որ երբ նման փուլի կրկին հասնես, այդ ամենին այլ լուծում տաս:
Վարդան Մինասյանը Վարդան Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Միշտ հանգիստ ու հավասարակշռված եք, խաղացողների հե՞տ էլ եք նույնքան հանգիստ շփման ժամանակ:

 - Ինձ մոտ ոչինչ չի փոխվել ֆուտբոլիստների հետ հարաբերությունների առումով։ Իհարկե, խաղի ընթացքում տարբեր կերպ եմ ինձ պահում: Չես կարող միշտ նույնը լինել, կամ էլ տարբեր ֆուտբոլիստների հետ նույն կերպ շփվել: Հիմնականում իմ աշխատանքը հիմնվում է նրա վրա, որ ինչ-որ բան անելիս՝ ֆուտբոլիստը հասկանալով գործի, ոչ թե ռոբոտի պես: Միտքը կարեւոր է․ եթե այն չի աշխատում, մարմինն էլ չի ենթարկվի: Եթե հասկանալով են խաղում, ուրեմն որպես մարզիչ առաջընթաց ունես: Խաղի ընթացքում ճնշման ժամանակ տարբեր կերպ եմ արձագանքում, դա բնական երեւույթ է:

- Պարոն Մինասյան, Դուք ո՞ր տեսակի մարզիչներից եք, որոնք խաղի ընթացքո՞ւմ են որոշում, թե ինչ են ասելու իրենց ֆուտբոլիստներին ընդմիջմանը, թե՞ հենց խոսելու պահին:

- Խաղին մեկ շաբաթ առաջ ես սկսում պատրաստվել, ըստ հակառակորդի որոշում ես, թե ինչպես եք հարձակվելու կամ պաշտպանվելու: Դրանից ելնելով էլ արդեն հանդիպման նախորդ օրը ընտրվում է կազմը։ Ինձ մոտ խաղի ցուցումները 7-10 րոպե են տեւում: Ապա խաղի ընթացքում ֆուտբոլիստներին հուշում եմ, երբ տեսնում եմ, որ որոշ բաներ պլանավորածի պես չեն ընթանում: Խաղի ընթացքը փոխել կարող ես միայն ընդմիջմանը, ես սովորաբար կենտրոնանում եմ հենց դրա վրա, ոչ թե՝ ինչը չէր ստացվում: Ընդմիջմանն էլ խաղացողներին ասում եմ՝ 2-րդ կեսում ինչն ենք փոխելու: Խաղի վրա ազդելու մյուս եղանակն էլ փոփոխություններն են: Կապ չունի՝ հաղթել ես, թե պարտվել, շատ կարեւոր է հանդիպումից հետո հասկանալ՝ ինչի շնորհիվ 3 միավոր վաստակեցիր, կամ ինչը չստացվեց: Ֆուտբոլիստները խաղի հաջորդ օրը հանգստանում են, մարզիչները՝ ոչ: Մարզչի համար դա վերլուծության օր է:
Վարդան Մինասյանը Վարդան Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Իսկ երբեմն-երբեմն գոռալու, զայրանալու, ինչ-որ բան ջարդելու ցանկություն չի՞ առաջանում: Սթրեսն ինչպե՞ս եք հանում Ձեր միջից:

 - Հանդերձարանում այդպես էլ է եղել առաջին կեսից հետո, առանց դրա անհնար է բարձրակարգ ֆուտբոլում: Օրինակ, որքան անհանգիստ է Գվարդիոլան, կամ կան մարզիչներ, որոնք ամբողջ խաղի ընթացքում նստում են ու տեղից չեն շարժվում, ամեն ինչ աշխատելու ոճից է կախված:

- Ֆուտբոլային ո՞ր առաջնությունն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

- Հնարավոր է՝ որեւէ խաղի հետեւեմ Իսպանիայի առաջնությունից կամ Իտալիայի: Ա Սերիայի որակը մի պահ նվազել էր, հիմա նորից բարձրացել է, լավ ֆուտբոլիստներ են սկսել ձեռք բերել: Բայց դինամիկայի առումով լավագույնը Պրեմիեր լիգան է, այնտեղ ավելի շատ հետեւելու թիմեր ու մարզիչներ կան, նույն Գվարդիոլան, Կլոպը: Անգլիան ամեն ինչով հետաքրքիր է:

- Իսկ եթե գրանդ ակումբներից ընտրելու լինեք, ո՞րը կուզեք մարզել:

- Այս հարցն այնքան չեմ սիրում (ծիծաղում է- խմբ.): Մարզելու առումով չեմ կարող ասել, բայց ինձ միշտ հետաքրքիր են Գվարդիոլայի թիմերը, թե ինչպես է հասնում նման արդյունքի նրանց հետ: Կուզենայի 2-3 շաբաթ լինել նրա թիմի ներսում, մուտք ունենալ այն տեղերը, որտեղ միայն իրենք իրավունք ունեն լինել, հաստատ շատ բան կա սովորելու:

- Անընդհա՞տ եք մտածում ֆուտբոլի մասին:

- Ոչ, անգամ քիչ խաղեր եմ դիտում, առանձին հանդիպումների եմ հետեւում, չունեմ ֆանատիկի պես աշխատելու սովորություն:

Վարդան Մինասյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Գոհար Նալբանդյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին