Դեկտեմբեր 23, 2024
exclusive
88165 դիտում

Մարկոս Պիզելի. Մինչեւ կյանքիս վերջը պարտական կլինեմ Հայաստանին

Մարկոս Պիզելին
Մարկոս Պիզելին

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարկոս Պիզելին այն եզակի մարզիկներից է, ում բոլոր երկրպագուներն անխտիր սիրում ու հարգում են: Սա պայմանավորված է նրանով, որ Մարկոսն էլ մեծ սեր է տալիս հայերին ու Հայաստանին:

Նրա հետ հարցազրույցն էլ միշտ ուրախ ու, որ ամենակարեւորն է, շատ հետաքրքիր են անցնում: Հայերենի նոր բառեր սովորեցնելով, բրազիլական համեղ մրգերի մասին խոսելով ու յուրահատուկ հումորով համեմված զրույց նրա հետ ունեցանք նաեւ այս անգամ:

Հայաստանն անմնացորդ սիրելն ու հարգելը

- Մարկոս, թեեւ դու բրազիլացի ես, բայց մեզ համար վաղուց հայ ես դարձել: Ինչո՞վ է Հայաստանը դուր եկել քեզ, որ այստեղ այսքան լավ ես զգում:

-Առաջին հերթին Հայաստանը շատ եմ հարգում, այն ինձ շանս տվեց, որ իմ ֆուտբոլը ցույց տամ ու հավաքականում խաղամ: Մինչեւ կյանքիս վերջն այդ մասին չեմ մոռանա: Հետո շատ եմ հավանել մարդկանց, երբ 13 տարի առաջ եկել էի «Արարատ», բոլորն ինձ շատ են օգնել: Պարզ է`այդ ժամանակ դեռ այսօրվա Մարկոս Պիզելին չէի, ոչ ոք ինձ չէր ճանաչում, բայց հայերն ինձ սրտանց օգնում էին, որ իմ ուզածն ունենամ: Դրա համար էլ Հայաստանն այսքան շատ եմ սիրում:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ինչպե՞ս սովորական ֆուտբոլիստից դարձար մի ամբողջ ազգի սիրելին:

-Ճանապարհն այնքան էլ հեշտ չէր: Երբ նոր երկիր ես գալիս, սկզբում ամեն ինչ դժվար է լինում` լեզուն, ուտելիքը, նույնիսկ խաղադաշտում ադապտացվելը: Բայց այդ ժամանակ միայն մեկ բանում էի համոզված` ամեն ինչ կանեմ լավ ֆուտբոլ խաղալու համար: Այդ ժամանակ անգամ երազել չէի կարող հավաքականում ընդգրկվելու մասին: Սակայն երբ լավ բան ես անում, կյանքն էլ քեզ նույն կերպ է պատասխանում:

«Արարատն» այն ժամանակ շատ լավ կազմ էր հավաքել, Գավաթը նվաճեցինք, առաջնությունում 2-րդն էինք, երեւի դրա համար էլ ֆեդերացիայից ինձ նկատեցին: Վարուժան Սուքիասյանն ասում էր, որ պոտենցիալ ունեմ ու կարող եմ հավաքականին օգնել: 2007-ին թիմը սերնդափոխության կարիք ուներ, իսկ ես բավական երիտասարդ էի: Դրա համար էլ Ռուբեն Հայրապետյանն ու Վարուժան Սուքիասյանը խոսեցին ինձ հետ ու հայտնեցին իրենց մտադրության մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Իսկ ինչպե՞ս ստացար Հայաստանը ներկայացնելու առաջարկը:

-Այդ օրը շատ լավ եմ հիշում, ասես երեկ լիներ: Երբ առաջարկը ստացա, անգամ մեկ րոպե չմտածեցի, միանգամից համաձայնվեցի: Հայաստան տեղափոխվել եմ 2006-ին, առաջին տարին խաղս այդքան էլ լավ չստացվեց, անգամ ուզում էի Բրազիլիա վերադառնալ, ընտանիքիս շատ էի կարոտում ու դժվար էր այստեղ հարմարվել: Բայց 2007-ին ամեն ինչ հաջող դասավորվեց, Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն դարձա, 2008-ին նորից լավ էի սկսել ելույթներս: Այդ ժամանակ էլ Սուքիասյանը խոստացավ այդպես շարունակելու դեպքում խոսել Ռուբեն Հայրապետյանի հետ: 2008-ի ամռանն էլ կայացավ ՀՖՖ-ի նախագահի հետ հանդիպումը: Հայրապետյանը միանգամից հարցրեց՝ կցանկանա ՞մ հայկական անձնագիր ստանալ: Մի վայրկյանից հետո պատասխանեցի, որ ուզում եմ:

-Հենց այդ տարի էլ Մոլդովայի դեմ առաջին խաղդ անցկացրիր հավաքականի կազմում: Ի՞նչ զգացողություններ ունեիր:

-Այդ խաղը մոռանալ չեմ կարող, իմ կարիերայի ամենաուրախ պահերից էր: Հանդիպման գիշերն ընդհանրապես չեմ քնել, որովհետեւ ինձ համար ամեն ինչ նոր էր, ողջ ազգը նայելու էր խաղը, մարդիկ ակնկալիքներ ունեին ինձնից: Հավաքականի խաղերն ուրիշ մակարդակի են, դրա համար էլ անհանգստանում էի՝ կկարողանա՞մ ինձ ցույց տալ: Գլուխս խառն էր, շատ էի մտածում ու վախենում: Սովորաբար երբ հանդիպումը սկսվում է, գիտեմ ինչ պետք է անել խաղադաշտում, ավելի ազատ եմ դառնում, այդ օրն էլ այդպես էր:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Դու վատ չխաղացիր ու կարողացար Լեւոն Պաչաջյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դառնալ:

-Չեմ կարող ասել, որ լավ եմ խաղացել: Ֆուտբոլում այդպես լինում է, կարող ես շատ վատ խաղալ, գոլ խփել ու լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել (ծիծաղում է):

Հայաստանում հաստատվելն ու լեզուն յուրացնելը

-Մարկոս, արի հետ գնանք ու հիշենք քո առաջին օրը, երբ եկար Հայաստան:

-2006 թվականի փետրվարի վերջն էր, օդանավակայանից միանգամից Օրբելի փողոց եմ գնացել, որովհետեւ այնտեղ էին ապրում «Արարատի» բրազիլացի լեգիոներները: Իմ բախտը բերեց, որ Ռենատոն հայերեն գիտեր, նա ինձ շատ օգնեց: Սկզբում դժվար էր, քանի որ ես Բրազիլիայում փոքր քաղաքում էի ապրում ու միշտ ընտանիքիս կողքին էի, ֆուտբոլ էլ 50 կմ հեռու գտնվող քաղաքում էի խաղում ու հանգստյան օրերին միշտ տուն էի վերադառնում: Դրա համար սկզբում անգամ լացում էի, կարոտում, ամեն օր ցանկանում զանգահարել Բրազիլիա: Այդ ժամանակ կնոջս՝ Նատալիի հետ նոր էինք սկսել հանդիպել, մտածում էի բոլորից հեռու չեմ կարողանա մնալ: Բայց դաշտում ամեն ինչ մոռանում ես ու քո գործն անում: Աստծուց շատ շնորհակալ եմ, որ մնացի այստեղ ու ամեն ինչ այսպես դասավորվեց:

-Հայկական ֆուտբոլն ինչպիսի ՞ն էր այն ժամանակ ու շա՞տ էր տարբերվում նրանից, որը դու էիր սովոր խաղալ:

-Տարբերությունը մեծ չէր: Բրազիլիայում մենք հիմնականում գնդակով էինք գործում, ֆուտբոլն ավելի դանդաղ էր: Այստեղ ավելի արագ էին խաղում, ու ֆուտբոլիստներն էլ ֆիզիկապես ամուր էին, դրա համար էլ առաջին տարին չկարողացա Հայաստանում լավ գործել: Բրազիլիայում տեխնիկապես են ուժեղ:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Քո առաջին քայլերը մեր երկրում «Արարատից» սկսվեցին, ի՞նչ տվեց ակումբը քեզ:

-«Արարատի» հետ մեր հարաբերությունները երկու կողմ ունեն: Նախ, անչափ շատ շնորհակալ եմ ակումբին, չգիտեմ էլ ուրիշ բառ կա հայերենում, որ արտահայտեմ վերաբերմունքս: Մյուս կողմից էլ, իմ հանդեպ մի քիչ տգեղ վարվեցին, ինչը չեմ մոռացել: Բայց առաջին հերթին հիշում եմ, որ Արարատն» իմ առաջ մեծ դռներ է բացել:

-Քո հաջորդ հայկական ակումբը «Փյունիկն» էր, այնտեղ էլ քեզ լավ դրսեւորեցիր: Ինչպիսի՞ն էր կյանքիդ այդ փուլը:

-Ամեն ինչ արդեն ուրիշ էր, սկսել էի հայերեն խոսել ու հավաքականում էի խաղում: Մեր տղաները`Կարլեն Մկրտչյանը, Գեւորգ Ղազարյանը, Էդգար Մալաքյանը, Դավիթ Մանոյանը շատ լավ մարդիկ են, ու իսկական ընտանիքի պես էինք: «Փյունիկն» ամենալավ թիմն էր, որտեղ երբեւէ խաղացել եմ: Տղաներն ամեն կերպ օգնում էին ինձ, այդ տարիներին մեզ մոտ ամեն ինչ ստացվում էր խաղադաշտում: Մեր թիմն ուժեղ էր ու մեծ պոտենցիալ ուներ, իրար հետ շատ լավ ֆուտբոլ ցույց տվեցինք, դրա համար շատ եմ կարոտում այդ տարիները:

-Հայերենը հեշտ լեզուներից չէ, բայց դու հիմա այնքան վարժ ես խոսում, ինչպե՞ս սովորեցիր այն:

-Հայերենն, իրոք, շատ դժվար է, մինչեւ այսօր էլ սխալ բաներ եմ խոսում, որոշ բառեր չեմ հիշում: Բայց ես տեսակով սովորող մարդ եմ, միշտ նոր բառեր եմ հարցնում ու փորձում հիշել, լեզուն այդպես էլ յուրացրել եմ: Դավիթ Մանոյանն անգլերեն գիտեր, կարող էի նրա հետ այդ լեզվով շփվել, բայց Հայաստանում էի խաղում ու ամոթ կլիներ, որ այն չսովորեի: Բարեւ ու ոնց ես-ից սկսեցի ու այդպես առաջ գնացի:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Պատկերացնո՞ւմ էիր, որ կհաստատվես ու կմնաս Հայաստանում:

-Սկզբում, բնականաբար, չէ, բայց աստիճանաբար ինձ լավ զգացի Հայաստանում: Հիմա նույնիսկ մտածում եմ, որ կարիերաս ավարտելուց հետո էլ կգամ այստեղ:  Հայաստանը շատ եմ սիրում: Բոլորը գիտեն, թե որքան ուրախ եմ լինում, երբ հավաքականից հրավեր եմ ստանում: Նույնիսկ երբ չեն հրավիրում, ֆեդերացիային գրում եմ ու ասում, որ շատ եմ ուզում միանալ թիմին: Գիտեմ, որ հավաքականում լինելու համար ակումբում պետք է լավ խաղալ ու մարզիչների ուշադրությունը գրավել:

-Մարկոս, դու նաեւ թիմի ավագի թեւկապով ես խաղացել, ի՞նչ էր դա քեզ համար նշանակում:

- Բոլորն էլ գիտեն, որ ես հայի պես եմ ինձ զգում, բայց երբ իմացա ավագ եմ լինելու, շատ ուրախացա: Հասկացա, թե ավագներն ինչ են զգում թիմը խաղադաշտ դուրս բերելիս: Դա մեծ պատասխանատվություն է, պետք է քո կողքի ֆուտբոլիստին օգնես, հանդերձարանում խոսես ու մոտիվացնես տղաներին: Ես ամեն ինչ արել եմ, որ լավ կատարեմ այդ պարտականությունը:

-Իսկ ծրագրե՞լ էիր գոլից հետո համբուրել Հայաստանի գերբը:

-Անդորրային գոլ խփելուց հետո այդպես վարվեցի: Ոչ, չէի պլանավորել նման բան, ուղղակի այդպես ստացվեց, ներսիցս եկավ:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Մարկոս, հայ երկրպագուների համար անչափ սիրելի ես, դու էլ իրենց պակաս չես սիրում: Ինչպե՞ս ձեր միջեւ առաջացան այսքան ջերմ ու լավ հարաբերություններ:

-Չգիտեմ էլ, թե ինչու ամեն ինչ այսպես լավ դասավորվեց: Բազմիցս եմ լսել, որ հայերն ինձ շատ են սիրում ու հարգում, որովհետեւ ես էլ Հայաստանն եմ անչափ սիրում: Բոլորը գիտեն, որ հավաքականի համար ինձ չեմ խնայում: Իմ բոլոր հարցազրույցներում միշտ խոսում եմ Հայաստանի մասին, չեմ վախենում նշել իմ սիրո մասին: Վատն էլ, լավն էլ ասում եմ, չեմ ամաչում անհաջող խաղից հետո խոսել: Ցույց եմ տվել, որ իսկական Մարկոսն այդպիսինն է, դրա համար էլ սիրել են:

Հավաքականի պոտենցիալն ու Հայաստանի առաջնության խաղամակարդակը

-Պարտություններից հետո մեր ֆուտբոլիստներից շատերը լրագրողների հետ չեն խոսում, բայց դու կարողանում ես խոսքեր գտնել ու բացատրել վատ խաղը: Ինչպե՞ս ես այդ պահերին ճիշտ բառեր գտնում:  

-Ինչպես լրագրողներն են մեզ հարգում, նույն կերպ էլ մենք պետք է նրանց վերաբերվենք: Դուք մեկ շաբաթ առաջ պատրաստվում եք խաղին, սպասում մեզ հետ զրույցներին: Մինչդեռ պարտությունից հետո վախեցած ու լուռ հեռանալը սխալ եմ համարում: Երբ գլուխդ տաք է, պետք է զգույշ խոսել, բայց չլռել: Ֆուտբոլում միայն հաղթանակներ չեն լինում, անպատասխան չպետք է հեռանանք, քանի որ ամբողջ ազգն է նայում հանդիպումներն ու բացատրության սպասում: Ինձ համար կապ չունի, թե ինչ ելք է ունենում խաղը, պետք է տղամարդու պես վարվել ու խոստովանել, որ այն չի ստացվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Հայաստանի ներկայիս հավաքականն ի՞նչ պոտենցիալ ունի:

-Ամեն նոր մրցաշարի հետ բոլորս մեծ հույսեր ենք ունենում, որ կկարողանանք խմբային փուլը հաղթահարել: Ես հավատում եմ ու գիտեմ, որ մեր թիմը մեծ պոտենցիալ ունի, բայց կան մի քանի խնդիրներ: Առաջինը՝ Հայաստանի առաջնությունը շատ թույլ է: Տղաները գալիս են հավաքական ու այստեղ որակը, մակարդակը, տեմպը լրիվ այլ են: Մի քանի ֆուտբոլիստով հնարավոր չէ շատ բաների հասնել, ժամանակն անցել է, մենք մեծացել ենք ու հավաքականին երիտասարդ ֆուտբոլիստներ են հարկավոր: ՀՖՖ-ն պետք է շատ աշխատի ներքին առաջնությունը բարձր մակարդակի բերելու համար:

Լավ սերունդ ունենալու համար շատ երկար ժամանակ է պետք, որովհետեւ նրանք պետք է աճեն, ուժեղանան, գնան այլ առաջնություններում խաղան ու սկսեն օգտակար լինել ազգային հավաքականին:

Բացի այդ, 11 ֆուտբոլիստ ունենալը բավական չէ հավաքականի համար: Վնասվածք ստացած ֆուտբոլիստին պետք է նույն որակի խաղացող փոխարինի, իսկ մենք այսօր այդ խնդրին էլ ենք բախվում:

Մեկ հանգամանք էլ հաշվի առնենք: Ֆուտբոլն արագ է փոխվում, Հայաստանը եւս պետք է հետ չմնա ու սովորի, անընդհատ սովորի: Միշտ էլ դաշտ եմ դուրս գալիս հաղթանակի համար, ուզում եմ մի բան անել Հայաստանի համար, բայց նաեւ պետք է հասկանանք, որ մենք պետք է նախագիծ լինենք մոտ 10 տարի հետո լավ հավաքական ունենալու համար: Օրինակները շատ են, թեկուզ Ալբանիան ու Իսլանդիան վերցնենք, ազգի մեծությունը կապ չունի, այսօրվա ֆուտբոլում դա էական չէ:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ինչո՞ւ մեր հավաքականին չի հաջողվում դուրս գալ եզրափակիչ փուլ, ի՞նչն է պակասում:

- Հավաքականում պետք է բոլորը նույն ձեւ մտածեն, մեկ ֆուտբոլիստը, եթե Մխիթարյանն է, չի կարող ամեն ինչ անել: Նա պետք է շատ լավ խաղա, բայց սխալ է, որ ֆուտբոլիստները մտածում են, թե Հենոն պետք է ամեն ինչ անի: Հավաքականում բոլորս պետք է լավ խաղանք ու միասին գործենք: Մեր տղաները տարբեր որակի առաջնություններից գալիս են, տարբեր խաղամակարդակի վրա են լինում, չեն հասկանում միմյանց: Իմ կարծիքով սա է խանգարում մեզ:

Ընտանիքի այցը Հայաստան ու լավագույն ֆուտբոլիստի կոչումը

-Մարկոս, քեզ համար հատուկ պահ էր, երբ ծնողներդ Երեւանում հետեւեցին խաղիդ: Ի՞նչ տպավորություններ ստացան նրանք Հայաստանից:

-Շատ երկար ժամանակ էի ուզում նրանց բերել այստեղ, որովհետեւ անընդհատ պատմում էի Հայաստանի մասին: Երբ նոր էի եկել Հայաստան, դեռ ինտերնետն այսքան զարգացած չէր, ես նկարներ էի տպում ու ինձ հետ տանում Բրազիլիա, որպեսզի ընտանիքիս ցույց տամ: Երկու տարի առաջ վերջապես ծնողներս եկան, երկուսն էլ շատ են հավանել Հայաստանը, էլի են ուզում գալ: Քանի որ ես հավաքի էի, մեկ օր եմ անցկացրել նրանց հետ: Երեւանում տարա այն վայրերը, որտեղ ապրել եմ: Հետո արդեն կնոջս հետ էին զբոսնել քաղաքում, Էջմիածին գնացել:

Երբ մի օր արդեն ավարտեմ կարիերաս, պետք է ծնողներիս հետ գամ Հայաստան ու մի քանի ամիս ապրեմ, տարբեր տեղերում լինենք ու ավելի լավ ծանոթացնեմ նրանց մեր երկրի հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Արի խոսենք նաեւ կնոջդ մասին, ով քո կյանքում մեծ դեր ունի:

-Նատալին անչափ կարեւոր մարդ է ինձ համար, եթե նա չլիներ, ես այսօր չէի լինի այն Մարկոսը, որը կամ: Բոլորը տեսնում են ինձ դաշտում խաղալիս, բայց ոչ ոք չգիտի, որ տանը կա մեկը, ով ինձ շատ է օգնում ու այնպես անում, որ ես ամեն խաղի մտածեմ միայն ֆուտբոլի մասին:

Մենք գրեթե մեկ տարի էր, ինչ հանդիպում էինք, երբ եկա Հայաստան: Դա շատ քիչ ժամանակ էր ամեն ինչ թողնելու ու ինձ հետ գալու համար: Սկզբում դժվար էր, բայց հետո հանդիպեցի իր ծնողներին, նրանք էլ տեսան, որ լավ տղա եմ (ծիծաղում է) ու քիչ անց արդեն միասին ապրում էինք Երեւանում:

Սկզբում Նատալին չէր հավանել Հայաստանը, բայց հետո արդեն շատ-շատ սիրեց: Իսկ աղջիկս՝ Մանուելան, դեռ չի հասկանում, թե երբ է Հայաստանում, երբ Բրազիլիայում: Երբ մեծանա, ես նրան շատ բաներ կպատմեմ Հայաստանի մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Դու ճանաչվեցիր 2018 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Որքա՞ն կարեւոր է խաղացողի համար նման մրցանակի արժանանալը:

-Սուտ կլինի, որ ասեմ, թե կարեւոր չէ: Շատ ուրախ եմ մրցանակի համար, մանավանդ, որ Մխիթարյանն «Արսենալի» ուժեղ ֆուտբոլիստ է ու մի քանի տարի ինքն էր հաղթում, բայց հիմա ես դարձա:
Ես Հայաստանի հավաքականը շատ եմ սիրում: Ի՞նչ եմ ես ուզում՝ Հայաստանին ԵՎՐՈ կամ ԱԱ եզրափակիչ դուրս բերել: Պարզ է, որ դժվար է, բայց դա իմ երազանքն է, եթե դրան հասնեմ, կթողնեմ ֆուտբոլը: Անհատական մրցանակն էլ նշանակում է, որ ես լավ բան եմ արել թիմի համար: Հուսով եմ, որ էլի կշարունակեմ առաջինը լինել ու Հենոն կգժվի (ծիծաղում է):

-Երկար ժամանակ է բուժվում ես վնասվածքից: Ի՞նչ փուլում է վերականգնումն ու ե՞րբ կվերադառնաս խաղադաշտ:

-Ես շատ լավ եմ ինձ զգում, բայց պետք է սպասեմ վերջնական վերականգնմանը: Հույս ունեմ, որ սեպտեմբերին կմիանամ ակումբին ու հավաքականին:

Մարկոս Պիզելիի հետ զրուցել են Հասմիկ Բաբայանն ու Գոհար Նալբանդյանը

Լուսակնարները՝ Մարիաննա Պետրոսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին