Դեկտեմբեր 21, 2024
exclusive
167507 դիտում

Մերդինյան. Օլիմպիադային մասնակցելու երազանքն է ինձ պահել սպորտում

Հարություն Մերդինյանը
Հարություն Մերդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկական մարմնամարզության համար այս տարին նշանավորվեց նոր ձեռքբերմամբ: 32 տարվա ընդմիջումից հետո անկախ Հայաստանին առաջին անգամ հաջողվեց Աշխարհի առաջնությունում մեդալ նվաճել: Այդ կարեւոր նվաճման հեղինակը Հարություն Մերդինյանն է, որն այս տարի Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում երկու մեդալ է գրանցել իր հաշվին:

Mediamax Sport-ի հետ զրույցում Մերդինյանը պատմել է սպորտային երազանքների, կարիերայի մարտահրավերների, սպորտում մնալու գաղտնիքի ու մարմնամարզիկներին մշտապես հետապնդող վնասվածքների մասին:

-Հարություն, այս տարին քո կարիերայում ամենահաջողակն էր՝ 2 մեդալ Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում: Ինչպե՞ս տրվեցին քեզ այդ նվաճումները:

-Եվրոպայի առաջնությանը լավ պատրաստ էի ու արեցի այն, ինչ մարզումների ժամանակ հաջողվել էր: Կատարեցի մարզիչների առաջադրանքն ու գրավեցի 2-րդ տեղը: Դրանից ավելի լավ հանդես գալ չէի կարող, քանի որ առաջնությունում թեժ մրցակցություն էր, ու ես հաղթողին զիջեցի վարժության բարդության պատճառով: ԱԱ-ում հանդես եկա հնարավորություններիս առավելագույն չափով ու բրոնզե մեդալակիր դարձա:

Հարություն Մերդինյանը Հարություն Մերդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Աշխարհի առաջնությունից առաջ կա՞ր վստահություն, որ կարողանալու ես Օլիմպիական ուղեգիր նվաճել, քանի որ միայն լավագույն եռյակում ընդգրկվելն էր այդպիսի հնարավորություն տալիս:

-Առաջնությունում ոչ մեդալի, ոչ էլ Օլիմպիական ուղեգրի վրա չեմ կենտրոնացել: Եթե մտածեի այդ մասին, չափից շատ կլարվեի, իսկ ելույթի ժամանակ դա միայն խանգարում է: Միակ ցանկությունս էր կատարել այն, ինչն ամեն օր արել եմ մարզումների ժամանակ: Կարեւոր էր, որ ես գոհ լինեմ վերջնական ելույթից, ու դա ինձ հաջողվեց:

-Դու քո առաջին Օլիմպիական ուղեգիրը նվաճեցիր, մյուս տարի Ռիոյում նորամուտդ ես նշելու: Կպատմե՞ս այդ պահին ինչ էր կատարվում քեզ հետ:

-Կրկնակի ոգեւորություն եւ ուրախություն էի զգում՝ ես եւ մեդալակիր էի, եւ լուծել էի Օլիմպիադայում մասնակցությանս հարցը: Երկար տարիներ էի սպասել այդ արդյունքին, բայց հիմա ինձ հաջողվեց իրականացնել երազանքս: Մարզիչներիս ՝ Հակոբ Սերոբյանի ու Սոս Սարգսյանի, հետ արդեն պլանավորել ենք ինչ տարր ենք կիրառելու, որպեսզի վարժությունս բարդանա: Օլիմպիական խաղերին արդեն սկսել եմ պատրաստվել, Ամանորից հետո ավելի կենտրոնացած կմարզվեմ:
Հարություն Մերդինյանը Հարություն Մերդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-ԱԱ-ում նվաճած մեդալը Հայաստանի անկախացումից հետո առաջինն էր մարմնամարզությունում: Քեզ համար այն երեւի առանձնահատուկ նշանակություն ունի:

-Իսկապես, ոչ միայն ինձ, այլ մեր երկրի համար մեդալը շատ կարեւոր է: 32 տարի մեզ չէր հաջողվել մեդալ ունենալ, բայց աստիճանաբար ամեն տարի առաջ ենք գնում ու լավացնում արդյունքները: Դրա համար թե մարզիչներն են քրտնաջան աշխատում, թե մենք ոչ մի ջանք չենք խնայում, որպեսզի կարողանանք մրցաշարերից ձեռնունայն չվերադառնալ:

-Քո արդունքներն սկսեցին աճել աստիճանաբար: Դու այն մարզիկներից ես, որոնց ժամանա՞կ է պետք իրենց դրսեւորելու համար:

-Այո, տարեցտարի բարելավել եմ արդյունքներս: Ժամանակի ընթացքում բացվել եմ ու վարպետացել: Բացի այդ էլ մարզագույքն է նորացվել, սկզբում մենք մարզվում էինք  շատ հին՝ 80-ական թվականներից մնացած գործիքներով: Դա չէր կարող արդյունքների վրա չազդել: Բայց հետո գույքը թարմացվեց, վերջերս էլ երկու նոր գործիք ենք ստացել: Շատ շնորհակալ ենք, սակայն, ցավոք, դրանք էլ այն բրենդային գործիքները չեն, որոնց վրա ԱԱ-ում ելույթ եմ ունեցել:

-Այդ մասին բազմիցս խոսվել է, որ ելույթ եք ունենում հին գործիքների վրա, որոնք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, ու մրցումների ժամանակ խնդիրներ են առաջանում:

-Մեր գործիքները՝ նժույգթափերն ԱԱ-ի նախօրեին բերեցին, դրանից առաջ եղածները շատ հին էին ու պատռված: Դժվար էր նմանատիպ գործիքների վրա մարզվելուց հետո միջազգային խոշոր մրցումներում հանդես գալ: Զգացողություններն ու ընդհանուր տրամադրվածությունը կտրուկ փոխվում է: Ժամանակ է պետք լինում ավելի լավ գործքիներին հարմարվելու ու տրամադրվելու համար, ու արդյունքները դրանից տուժում են:

-Այդ դեպքում ի՞նչ է պետք անել իրավիճակը շտկելու համար:

-Մարզաձեւը զարգացնելու ու մասսայական դարձնելու համար փոփոխություններ են պետք: Անհրաժեշտ է մարզագույքը թարմացնել, ավելացնել դահլիճների քանակը, որպեսզի մեծ տեմպերով առաջընթաց լինի: Նաեւ մարզերն է պետք ներգրավել: Մենք լավ մասնագետների պակաս չունենք, նրանք հիանալի են կատարում իրենց աշխատանքը: Եթե պայմանները լավը լինեն, անպայման առաջնթաց կլինի:
Հարություն Մերդինյանը Հարություն Մերդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Մենք միշտ լավ ավանդույթներ ենք ունեցել մարմնամարզությունում, մեր առաջին Օլիմպիական չեմպիոնը եւս մարմնամարզիկ է եղել: Հիմա էլ լավ սերունդ ունենք, կհաջողվի՞ ձեզ էլ կրկնել նրանց հաջողությունը եւ ի՞նչ է դրա համար անհրաժեշտ:

-Քրտնաջան աշխատանք է պետք, մի փոքր ուշադրություն ու մեկ էլ վստահություն: Անկախ նրանից, թե ինչ մրցումների ենք մասնակցում, պետք է մոռանալ լարվածության մասին ու հանդես գալ առավելագույն հնարավորություններով: Կողմնակի ամեն ինչ պետք է մոռանալ: Վարժությունը գերագույն կենտրոնացվածությամբ  պետք է կատարել:

- Զգացվում է, որ մեր մարմնամարզության հավաքականում շատ ջերմ ու ընկերական հարաբերություններ են: Ինչպե՞ս եք կարողանում այդպիսի լավ թիմային ոգի պահպանել:

-Մեր թիմը շատ լավն է, բոլորը պատրաստ են իրար աջակցել ու օգնել: Ամեն մեկն իր գործն է անում ու մյուսներին չի խանգարում: Մեր ընկերությունը շարունակվում է նաեւ մարզադահլիճից դուրս: Գիտենք միմյանց բնավորությունը, նախասիրությունները, թե մրցումների ժամանակ ինչպես վերաբերվել իրար: Իսկական ընտանիք ենք դարձել: Այդ համախմբվածության ու իրար լավ ճանաչելու շնորհիվ էլ մեզ հաջողվում է առաջ շարժվել:

-Դու ինչպիսի՞ն ես ելույթներից առաջ: 

-Մրցումներից առաջ ինձ հետ ոչ ոք չի խոսում, դա տեւում է մինչեւ ելույթիս ավարտը: Ես մարզվում եմ, մարզիչն ուղղակի հետեւում է: Կողմնակի ոչինչ չեմ անում՝ հեռախոսով ու սոցցանցերով չեմ շփվում: Այդ օրը միայն ես եմ ու գործիքս: Թիմակիցներս միայն կարող են ելույթից առաջ հաջողություն մաղթել: Մարզչի հետ էլ ոչ մի բառ չենք փոխանակում:

- Իսկ կարողանո՞ւմ ես հեշտությամբ քո սխալները գտնել ու հետագայում շտկել դրանք:

-Մրցումներից հետո փորձում եմ սառը դատել, գտնել, թե ինչը խանգարեց ինձ կամ ինչու չստացվեց ավելի լավ հանդես գալ: Հետո մարզիչների հետ քննարկում ենք այդ ամենը: Երբ Մոսկվայում կայացած ԵԱ-ում 5-րդ տեղը գրավեցի, ես գիտեի, որ վարժությունը բոլորից մաքուր էի կատարել, սակայն այն այդքան էլ բարդ չէր: Դրանից հետո ավելի բարդ վարժությամբ հանդես եկա, ու արդյունք եղավ: Նույնն էլ հիմա եմ անելու, քանի որ ավելիին եմ ձգտում: Սխալների շնորհիվ միանշանակ սովորում եմ:
Հարություն Մերդինյանը Հարություն Մերդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Դու հատկապես ուժեղ ես ու արդյունքներ ես գրանցում նժույգթափերում, ո՞րն է այս վարժության առանձնահատկությունը:

-Փոքր տարիքից էլ շատ եմ սիրել այդ գործիքը, ավելի երկար եմ մարզվել, քան մյուսների վրա: Մինչեւ 2011 թվականը մասնակցել եմ նաեւ բազմամարտի մրցումներին, սակայն հետո ողնաշարիս հետ կապված խնդիրներ ի հայտ եկան, ու որոշեցի միայն մեկ գործիք ընտրել: Այդպես կատարելագործվեցի նժույգթափերի վրա: Եթե այլ գործիքների վրա մի քիչ լարվածությունը կամ ադրենալինը կարող են օգնել, նժույգթափերում դա ամենաշատն է խանգարում: Եթե ձեռքերս մի փոքր լարվեն, ու չկարողանամ արագ աշխատել, ամեն ինչ կձախողվի: Սառնասիրտ է պետք լինել:

-Իսկ մարմնամարությունում ինչպե՞ս հայտնվեցիր ու արդյոք այն միանգամի՞ց դարձավ քոնը:

-Հայրս է շատ սիրել մարմնամարզությունը, ինքն էլ մի քիչ մարզվել է, սակայն չի շարունակել կարիերան: Ու իր երազանքն իրականացրել եմ ես: 4 տարեկանից եմ սկսել զբաղվել, այդ ժամանակ շատ բան չէի հասկանում, կամ դժվարությունների պատճառով երբեմն չէի ուզում շարունակել: Բայց ծնողներս առանց իմ կարծիքը հաշվի առնելու շարունակել են տանել մարզվելու: Սկզբում ամեն ինչ դժվար էր, սակայն հաջողություններ գրանցելուց հետո ես սկսեցի սիրել մարմնամարզությունը:

-Գաղտնիք չէ, որ մարմնամարզությունը շատ դժվար ու վնասվածքաբեր մարզաձեւ է, ինչպե՞ս ես դու առաջացող խնդիրներն անտեսում:

-Վնասվածքները չափից շատ են լինում, բարդության աստիճաններն էլ տարբեր են: Մշտապես մարզումների ժամանակ ուժային պարապմունքներից ուսերն ու հոդերը ցավում են: Ինձ անընդհատ անհանգստացնում են ուսերի ու դաստակների ցավերը, դրանք ստաբիլ կան՝ ավելի շատ կամ քիչ, ես արդեն համակերպվել եմ:
Հարություն Մերդինյանը Հարություն Մերդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Սպորտային կարիերայում երբեւէ ունեցե՞լ ես բեկումնային պահ, երբ ցանկացել ես ամեն ինչ թողնել ու հեռանալ:

-Իհարկե, եղել են նմանատիպ պահեր, երբ հոգնել եմ կամ մարզվելու ցանկությունս է կորել, բայց մի քանի օր անց ամեն ինչ իր տեղն է ընկել: Գերհոգնածությունից կամ անհաջողությունից հետո նորմալ է, որ նման մտքեր ունենաս: Սակայն հետո վերականգնվում ես ու հասկանում, որ ինչ էլ լինի առավոտյան պետք է շուտ արթնանալ ու գնալ մարզադահլիճ:

-Ի՞նչի շնորհիվ ես հավատարիմ մնացել մարմնամարզությանը:

-Այն ինձ համար շատ սիրելի աշխատանք է, ապրելակերպ: Ինձ մարզադահլիճից դուրս չեմ պատկերացնում: Առավոտյան զարթնում եմ, ու հենց մարզման ժամը գալիս է, ինքնըստինքյան հագնվում եմ ու շտապում դահլիճ: Անգամ եթե 5 րոպե առաջ չէի ցանկանում գնալ, ամեն ինչ մոռանում եմ, քանի որ օրգանիզմս է այդ պահանջը զգում ու ստիպում մարզվել:
Հարություն Մերդինյանը Հարություն Մերդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Իսկ ո՞վ է սպորտում ոգեւորել ու օրինակ եղել քեզ համար:

-Մեր Օլիմպիական չեմպիոնները՝ Ալբերտ Ազարյանն ու Հրանտ Շահինյանը, որոնք բազմիցս են եղել բարձրունքում: Ազարյանն ամեն օր հետեւում է մեր մարզումներին ու աջակցում, դա միանշանակ ոգեշնչում է:

- Քո կարիերայում ամենամեծ մարտահրավերները որո՞նք են եղել:

- Օլիմպիական վարկանիշ ձեռք բերելը: Ես արդեն 31 տարեկան եմ, շատ մարզմնամարզիկներ այդ տարիքում չեն մարզվում, բայց հենց այն միտքը, որ ես ցանկություն ունեի մասնակցել Օլիմպիադային, պահել է ինձ սպորտում: Միշտ մտածել եմ, որ Օլիմպիական խաղերը մարզիկի համար այլ աշխարհ է: Մնում է շատ աշխատել, ինձ իմ երազանքից ընդամենը մի քանի ամիս է բաժանում: 

-Նշեցիր, որ մտածում ես մոտ ապագայում ավարտել կարիերադ: Իսկ մտածե՞լ ես, թե ինչո՞վ ես զբաղվելու:

-Դեռ լրջորեն չեմ մտածել, բայց երեւի կընտրեմ մարզչի աշխատանքը: Կհամագործակցեմ իմ մարզիչների հետ: Շատ պետք է չարչարվեմ, որ կարողանամ տաղանդավոր սաներ պատրաստել:

-Արդեն եզրափակում ենք տարին, այն քեզ համար բավականին լավ դասավորվեց: Հաջորդ տարվա քո գերնպատակն ու կարեւոր անելիքները որո՞նք են:

-Մյուս տարի ձգտելու եմ Օլիմպիական խաղերին գերազանց մարզավիճակում մոտենալ ու հաջող հանդես գալ Ռիոյում:

Հարություն Մերդինյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին